Սան Ֆրանցիսկոն առաջին խոշոր քաղաքն է, որի հասարակական վայրերում արգելվել է պլաստիկ շշերով ջրի վաճառքը: Պլաստիկ շշերով ջրի վաճառքն արգելող օրենքն ընդունվել է մարտի 4-ին: 9 շաբաթ պահանջվեց օրենքի նախագծի մշակման համար:
Վերահսկիչների խորհրդի նախագահ Դևիդ Չյուն թվարկեց այս օրենքի հետ կապված մի շարք մտահոգիչ խնդիրներ: Նա նշեց, որ պլաստիկ շշերով ջրի վաճառքը եկամտի աղբյուր է բազմաթիվ ձեռնարկատերերի և հայտնի ընկերությունների համար, իսկ այս օրենքը էականորեն կկրճատի նրանց եկամուտը: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ օրենքի ընդունումը կարևոր քայլ է Սան Ֆրանցիսկոյի համար, քանի որ այն թույլ կտա լուծել մի շարք բնապահպանական խնդիրներ:
Ամերիկայի ըմպելիքների ասոցացիան ընդդիմացավ այս օրենքի ընդունմանը, մինչդեռ աննկուն բնապահպանները պահանջում էին էլ ավելի խիստ միջոցառումներ ձեռնարկել պլաստիկ շշերը գործածությունից հանելու համար: Գալիք 4 տարիների ընթացքում այս արգելքը զգալիորեն կնվազեցնի պլաստիկ շշերով ջրի առևտրի ծավալը: Իր ելույթի ընթացքում Չյուն ասել է.
- Ոչ այնքան վաղ անցյալում մենք այնքան էլ մեծ կախում չունեինք ջրի պլաստիկ շշերից, սակայն դրանք կարճ ժամանակահատվածում լայն տարածում ստացան ողջ աշխարհում: Պլաստիկ շշերի արդյունաբերությունը, որն այժմ մոտավորապես 60 միլիարդ դոլարի եկամուտ է բերում, 1990-ականների կեսին հսկայական զարգացում ապրեց մարքեթինգային զանազան ծրագրերի շնորհիվ:
Պլաստիկ շշերի վաճառքն արգելելու առաջարկին սատարում էր «Մտածիր շշից դուրս» համազգային նախաձեռնությունը, որի անդամները խրախուսում են կառավարությանը սահմանափակել էկոլոգիապես վնասակար արտադրանքների վաճառքը: Օգտագործված իրերի վերամշակմամբ զբաղվող Recology ընկերությունը տարեկան կտրվածքով հավաքում է միանգամյա օգտագործման 15 միլիոն պլաստիկ շիշ: Սան Ֆրանցիսկոյի պատկան մարմինները հուսով են, որ այս թիվը կկրճատվի մի քանի անգամ՝ նոր ընդունված օրենքի շնորհիվ:
Օրենքը խախտողներից կգանձվի մինչև 1000 դոլար տուգանք:
Բնապահպանության հանձնաժողովի նախագահ Ջոշուա Արսն ասել է.
- Տասնամյակներ շարունակ մենք առանց պլաստիկ շշերի հասարակական միջոցառումներ ենք անցկացրել և կրկին շատ լավ յոլա կգնանք առանց դրանց:



