Panorama.am-ը գրում է.
Մեծ պահքի «ոսկե շղթա»-ի առաջիկա կիրակին կոչվում է «Անառակի»: ««Անառակի կիրակին», մեզ ևս մեկ անգամ խորհրդածելու առիթ է տալիս, որ մենք, հանցավոր լինելով հանդերձ, պետք է մտածենք ապաշխարելու մասին: «Անառակի կիրակիի» խորհուրդը նշանակում է, որ մարդը, մեղսագործ լինելով հանդերձ, պետք է կանգնի Աստծո առաջ: Անկեղծ, մաքուր, զուլալ, ապաշխարության դեպքում Հայր Աստված կամ Հիսուս Քրիստոս ներողամիտ է մեր նկատմամբ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Կարապետ քահանա Կարապետյանը:
Նա նաև նշեց, որ Անառակի կիրակին առաջացել է Անառակ որդու վերադարձը հայտնի առակից. «Դա նշանակում է, որ եթե մեկը դարձի է գալիս, ապաշխարում է, պետք է ուրախանանք դրանից»
Մեծ պահքն ընդգրկում է վեց կիրակիներ, որոնք կապված են աստվածաշնչյան վեց պատմությունների հետ: Այս կարգը սահմանել են Հակոբոս Տյառնեղբայրը (I դար) և Կյուրեղ Երուսաղեմացին (IV դար): Այդ կիրակիներն են` Բուն բարեկենդան, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալըստյան, Ծաղկազարդի` միասնաբար կազմելով մի «ոսկե շղթա»:
Բարեկենդան (մարտի 2) նշանակում է բարի կենդանություն, այսինքն` աշխարհիկ իմաստով` ուրախություն, վայելք, իսկ հոգևոր իմաստը մեզ հիշեցնում է դրախտային երանական այն կյանքը, բարի կենդանությունը, որով ապրում էին Ադամն ու Եվան մինչև մեղանչումով դրախտից վտարումը: Ահա` բարեկենդանը այս բարի կենդանությունն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Իսկ մենք այսօր, տոնելով և հիշատակելով բարեկենդանի օրը, բնականաբար չենք կարող այն անցկացնել այնպես, ինչպես նախամարդը դրախտում, քանի որ Աստծու սրբերին է միայն հատուկ զգալ դրախտային այն երանությունը, որ ճաշակում էին Արարչի ձեռքով ստեղծված Ադամն ու Եվան:
Արտաքսման կիրակին (մարտի 9) խորհրդանշում է Ադամի` դրախտից արտաքսումը: Ադամը և Եվան դրախտի երանության մեջ երկար չմնացին. գործած մեղքերի պատճառով նրանք դարձան մահկանացու և անհնազանդության պատճառով արտաքսվեցին ու դա-տապարտվեցին քրտնաջան աշխա-տանքով իրենց ամենօրյա հացը վաստակելու: Սակայն Երկրորդ Ադամի` Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ մարդկանց առջև վերստին բացվեց դրախտի ճանապարհը, և մարդիկ, զղջումով, ապաշխարությամբ և առաքինի վարքով մեղքերից մաքրվելով, վերստին արժանացան դրախտային երանությանը:
Անառակի կիրակին (մարտի 16) այսպես է կոչվում, որովհետև Ավետարանի օրվա ընթերցվող առակը պատմում է անառակ որդու մասին (Ղուկ. 15: 11-32): Այս առակը մարդկությանը տալիս է բարոյական մեծագույն դաս: Մարդ արարածն իր կյանքում կամա թե ակամա մեղքեր է գործում: Սակայն երանելի է այն մարդը, ով կունենա քաջություն, ինչպես անառակ որդին, զղջալու և գործած մեղքերի համար Աստծուց ներողություն խնդրելու` ասելով. «Հա՛յր, մեղանչեցի երկնքի դեմ և Քո առաջե (Ղուկ. 15: 21): Հայրը պատրաստ է ներելու զղջացողին և արժանացնելու նախկին փառքին ու պատվին: Այս առակը հստակ պատմում է, որ կարող ենք մխիթարվել Աստծու հայրական գթառատ սիրով և ուրախությամբ ընդունվել Նրա արքայության մեջ, եթե ապաշխարությամբ դառնանք դեպի Աստված:
Եկեղեցին կոչ է անում անառակ կյանք վարող իր բոլոր որդիներին, որ զղջան և դարձի գան, թողնեն իրենց մեղսասեր վարքը և ապրեն քրիստոնյային վայել կյանքով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



