Yerkir.am-ը գրում է.
«ԱրմենՏել» ընկերության կոմերցիոն տնօրեն , 4 երեխաների հայր, 35-ամյա Արչիլ Մաղրաձեի մահվան դեպքից անցել է ավելի քան մեկ ամիս: Խոսումնալից երիտասարդի մահվան փաստը շատերի համար դեռևս առեղծված է թվում : Հիմնական հարցը, որը հուզում է շատերին, այն է, թե ինչպե՞ս կարող էր Մաղրաձեն կորել մի մայրում, որը մշտապես անվտանգ և հարմարավետ հանգստի պայմաններ է ապահովել շատերի, հատկապես զբոսաշրջիկների համար: Եվ հենց այդ հարցի պատասխանը գտնելու համար էլ սկսվեց yerkir.am-ի հետաքննությունը:
Ճիշտ է, դեռևս հայտնի չեն նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, սակայն այն վարկածը, որ երիտասարդը մահացել է տեղանքում մոլորվելով` սառչելու արդյունքում, գրեթե կասկած չի հարուցում:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը փետրվարի 2-ին՝ ուշ երեկոյան, ահազանգ էր ստացել, որ Արչիլ Վախթանգի Մաղրաձեն անհետ կորել է, չի պատասխանում հեռախոսազանգերին եւ նրա գտնվելու վայրն անհայտ է: Հաջորդ օրը միայն ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում Ծաղկաձորի մարզաբազայի տարածքում հայտնաբերվեց երիտասարդի դին:
Մեր տեղեկություններով` Մաղրաձեն ճոպանուղիով բարձրացել էր 3-րդ կայան և հանդիպակաց ուղղությամբ սնոուբորդով սահել ցած և մոլորվել, ինչից հետո երկար ճանապարհ հաղթահարելով` հասել էր մարզաբազայից մոտ 2 կմ վերև գտնվող` Թթուջուր կոչվող տեղանքը և սառչել: Առաջին փաստը, որը չէր կարող վրիպել մեր ուշադրությունից այն էր, որ երիտասարդը 3-րդ կայան է բարձրացել երեկոյան կողմ` ճոպանուղու վերջին երթևեկի ժամանակ: Մեր տեղեկություններով այդ օրը ճոպանուղու 3-րդ կայանում մառախուղ է եղել, ինչի պայմաններում կայանի աշխատանքը պետք է դադարեցվեր, որը սակայն չի արվել: Ի դեպ` եղանակային անբարենպաստ պայմանների ժամանակ ճոպանուղու սկզբնամասում տեղադրված հատուկ գրատախտակի վրա պատասխանատուները պարտավոր են գրել, որ օրինակ` տվյալ կայանը չի սպասարկվում` մառախուղի պատճառով կամ այլ, ինչը սակայն ևս չի արվել: Բանն այն է, որ երրորդ կայանի սկզբնամասում գործում է ռեստորան, որն աշխատացնելու, այսինքն հաճախորդներով ապահովելու գործում գլխավոր դերակատարությունը հենց ճոպանուղունն է:
Սակայն նկատենք, որ ՀՀ կառավարության կողմից հաստատված «ճոպանուղիների շահագործման տեխնիկական կանոնակարգի» 284-րդ կետի համաձայն` ճոպանուղու անձնագրում և շահագործման հրահանգում վերապահված անբարենպաստ եղանակային պայմանների առկայության դեպքում ճոպանուղու շահագործումը չի թույլատրվում: Հիշյալ որոշման նույն կետը սահմանում է, որ ճոպանուղու շահագործումը չի թույլատրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հավաստագրում ստացած անձնակազմի բացակայության դեպքում:
Նշենք, որ հավաստագրում ստացած Ծաղկաձորի ճոպանուղու անձնակազմի մեջ են մտնում բժիշկները, մարզիչները, հրահանգիչները, կայանների հերթապահներ, ուղեկցողներ, տեխնիկական սպասարկման աշխատակիցները, փրկարարները և այլն: Սակայն yerkir.am-ի տեղեկություններով ողջ ձմեռ ճոպանուղու տարածքում փրկարարական ծառայությունը գործունեություն չի ծավալել, այսինքն դեպքի օրը տարածքում փրկարար չի եղել:
Սակայն նկատենք, որ դեռևս մեկ տարի առաջ տարածքում գործում էր 6 անձից բաղկացած փրկարարական բրիգադ, որի անդամներն ամեն օր` ճոպանուղու բոլոր կայանների փակվելուց հետո, բարձրանում էին վերջին կայան և ստուգում, արդյոք վերևում որևէ մեկը մնացել է, թե` ոչ: Եթե տարածքում մեքնա էր հայտնաբերվում, որն առանց ուղևորի էր, աշխատակիցները բարձրախոսով` մի քանի լեզուներով հայտարարում էին , և եթե արձագանք չէր լինում, ենթադրվում էին, որ կորած մարդ կա և գնում էին նրանց փրկելու: Մեզ հայտնի մի քանի նմանատիպ դեպք եղել է, երբ մառախուղի պայմաններում ռուս զբոսաշրջիկներ են կորել, սակայն նրանց ճոպանուղու` փրկարարական ծառայության աշխատակիցները գտել են: Նույն եղանակով հնարավոր էր բացառել նաև վրացի երիտասարդի հետ պատահածը, բայց…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



