Եթե արդեն մի քանի տարի է, ինչ հայերենը լատինատառ եք գրում,
Ու հավես չկա հին սովորությունը մի կողմ դնել,
Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև կամ պետք է զոհ գնալ քայքայիչ սովորությանը, կամ ձերբազատվել դրանից:
Եթե դուք վախենում եք ընդունել, որ սխալ եք անում հայերենը լատինատառ գրելով,
Մտածում եք, թե կծիծաղեն ձեզ վրա «անսկզբունքային» լինելու համար,
Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև հայերենը հայի համար վախի աղբյուր չէ, այլ հայ մնալու գրավական, իսկ երդվյալ լատինագիրներին կարելի է ցույց տալ, որ ամոթ չէ «լատինատառի մանթոյից» դուրս գալը:
Եթե դուք թաքնվում եք լատիներեն այբուբենի հետևում, որպեսզի կոծկեք հայերենի ձեր չիմացությունը,
Ու վախենում եք, որ ձեզ վրա կհարձակվեն՝ ասելով «ստեղ բութ դիր, ընդեղ ստորակետ, իսկ տնօրենը օ-ով ա գրվում»,
Միևնույն է՝ հայերեն գիրը պահանջում է հայերեն տառեր,
Որովհետև սխալներից թաքնվելով դեռ ոչ մեկը դրանք չի ուղղել,
Որովհետև հայի համար հայատառը չպետք է լինի կրակ ու պատիժ, այլ գրելու համարսովորական ու սիրելի ձև:
Եթե դուք ժամանակակից տեխնիկայի ձեռքը կրակն եք ընկել,
Ու հայերեն չեք կարողանում կարդալ ու գրել,
Միևնույն է հայերենը պետք է գրել հայատառ,
Որովհետև այսօր արդեն հազար ձև ու միջոց կա հայերենը հայատառ գրելու համար,
Որովհետև 1-ին պատճառը Ծուլությունն է, այլ ոչ թե հայատառ գրելու ձևերի բացակայությունը,
Որովհետև ավելի ճիշտ կլինի չհարմարվել էղածի հետ, այլ պահանջել, որ Հայաստան ներկրվող համապատասխան տեխնիկան կարողանա «կարդալ» ու «գրել» հայերեն:
Շատերս ենք սկսել լատինատառ հայերենից,
Շատերիս համար դժվար է այդ սովորությունը մի կողմ դնել,
Եվ թեկուզ հենց ա´յս պատճառով
Հայերենը պե´տք է գրել հայատառ,
Որովհետև ամեն օր մեծ թվով նոր մարդիկ են միանում սոց. ցանցերին,
Նրանք այսօր ԿԱՐՈՂ են գրել հայատառ,
Ու մենք իրավունք չունենք նրանց վարակել մեր «լատինատառ» սովորությամբ:
Նույնիսկ եթե «Կարգին սերիալ»-ները ձեզ ներշնչել են, որ այսօր խնդալու ա գրագետ մարդ լինելը,
Նունիսկ եթե աստղ կոչվածներից ոչ ոք իր ՖԲ էջում հայերենը հայատառ չի գրում,
Նույնիսկ եթե ՖԲ-ում հայերենը լատինատառ են գրում մեր պաշտոնյաները,
Միևնույն է` հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև մեր իսկ պատճառով անգրագետներն են երևում հեռուստաէկրաններից, ու անգրագետներն են մեզ դարձել ղեկավար:
Եթե անգլերեն ու ռուսերեն գրելիս դուք մեծ արագությամբ Alt+Shift եք սեղմում, որ ցույց տաք օտար լեզուների ձեր բացառիկ իմացությունը,
Ապա մի պահ մտածեք, թե ինչո՞ւ եք ծուլանում հայերենի դեպքում:
Եթե հզոր փաստարկներ ունեք, թե աշխարհով սփռված հայությունը հայերենն արդեն մոռանում է, ու մենք լատինատառ ենք գրում, որ իրենք հասկանան,
Միևնույն է՝ ձեր փաստարկները փոշիանում են,
Որովհետև այստեղ պետք է ընտրել, թե ով ում պիտի հարմարվի,
Որովհետև մենք իրավունք չունենք մեր տառից ու գրից հրաժարվել, ինչ ա թե ուզում ենք, որ աշխարհասփյուռ հայությունը կարդա մեր պայծառագույն մտքերը,
Որովհետև ավելի ճիշտ կլինի «Արի տուն» կանչողներից պահանջենք՝ այնպես անեն, որ մենք չգնանք էս երկրից, իսկ հետո՝ որ գումարները ծախսեն սփյուռքի մեր համայնքներում հայերենի ուսուցման վրա:
Եթե դուք ունեք հաջորդ հզոր փաստարկը, թե`
Հայերեն տառերով ամեն ապուշություն չեք գրում, կամ
Խոսակցական բառեր կան, որ հայերեն սիրուն չի գրելը,
Կամ դուք հայերեն տառերով գրում եք միայն գրական հայերեն,
Միևնույն է` հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև հայոց լեզուն միայն գրական հայերենը չէ,
Այլ նաև խոսակցականն ու ժարգոնայինը,
Որովհետև Մաշտոցը, կարծեմ, մեզ պատգամ չի թողել, թե «Այս տառերը միայն ու միայն գրական հայերենի համար են»:
Հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև հայերեն տառերը միանգամից հուշում են, որ
«Վաբշե տը», «վ պրինցիպի», «տոշնի», «էքչուալի» ու տենց մի քանի հազար բառ, հայերեն ՉԵՆ:
Ուրեմն, հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև հայերեն տառերն օգնում են հայերեն գրել:
Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ հայատառ գրողները հայրենասեր մեռնում են, ու սրանից ազգայնամոլական հոտ ա գալիս,
Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև սա որևէ կապ չունի հայրենասիրության հետ,
Որովհետև շատ նորմալ է, որ յուրաքանչյուր լեզվով գրելիս մենք օգտագործենք տվյալ լեզվի այբուբենը:
Եթե դուք մեզ համարում եք փոքր ու խղճուկ, ու ձեզ համար օրինակ են մեծ ու հզոր ազգերը,
Ապա այս դեպքում նույնպես հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև չկա մի ամերիկացի, որ գրի “Հայ, հաու առ յու”
Կամ մի ռուս, որ գրի “Կա՞կ տի չուվակ”:
Նույնիսկ եթե ձեզ արդեն ծնգլահան են արել էս թեմայով,
Միևնույն է՝ հայերենը գրվում է հայատառ,
Որովհետև հայերիս ծնգլահան ա պետք անել էնքան, մինչև
«Մեսրոպ Մաշտոց», «գրերի գյուտ», «405 թվական» ասելու փոխարեն,
Ուղղակի մի օր առանց նախապայմանների,
Մեզ նեղություն տանք, ու սկսենք հայերենը հայատառ գրել,
Որովհետև, վերջապես, մեր աչքերը չեն ուզում քոռանալ
հայերեն լատինատառ տեքստերի 10-րդ տողի վրա:
Իսկ եթե պիտի ասեք, որ Հայաստանի ազատ քաղաքացի եք, ու կգրեք ոնց ձեզ ձեռ ա տալիս,
Ապա պահանջեք դպրոցներում ու համալսարաններում գրավոր աշխատանքները նույնպես լատինատառ գրել,
Որովհետև դուք ազատ եք ձեր ընտրության մեջ...
Իսկ ես հույս ունեմ, որ շատերը տեղը կդնեն նման «ազատամիտներին»:
Հայ լինելը, ում համար` բարեբախտաբար, ում համար` դժբախտաբար մենք չենք ընտրել,
հայի համար մայրենի լեզուն հայերենն է,
հայերենն ունի սեփական հնչյունական համակարգը,
և դրան համապատասխան այբուբենը (էն էլ ի՜նչ այբուբեն. այբուբեն չի, է՜... սկզբից մինչև վերջ աղոթք ա)
և սրանք մենք ՉԵՆՔ ընտրում. բարեբախտաբար:
Հայերենը պետք է գրել հայատառ,
Որովհետև չկա աշխարհիս երեսին մի ազգ, ով փաստարկներ է պահանջում, թե ինչու ինքը պիտի իմանա իր մայրենի լեզուն,
որովհետև չկա´ նման մի ազգ, ում պետք է անվերջ բացատրել` ինչու սեփական լեզվով գրելիս գրել այդ լեզվի տառերով:
Աննա Աղլամազյան
24.10.2011
Հ.Գ. Տեխնիկական աջակցություն. հղումներ`
1. Այս խմբում ուղղում են սխալ արտահայտությունները, գրում բառերի ճիշտ գրելաձևը և ծանոթացնում բարբառներին: Հղում՝ http://www.facebook.com/pages/%D5%80%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A 5%D5%B6/ 272709869410981
2. Այստեղ էլ օգնում են։ Հղում՝ http://www.causes.com/causes/558414-
3. Գրում ենք հայերեն: Ոչ տրանսլիտին: Հղում՝ http://www.facebook.com/group.php?gid=55622505149
4. http://www.facebook.com/group.php?gid=107171939312103
5. Մանրամասն բացատրում է, թե ինչպես գրել հայատառ։ http://www.youtube.com/watch?v=wVw6wBwxlKU
6. Ստեղնաշար հայատառ գրելու համար՝ http://network.am/Categories/Text/Armenian(NetArm Armenian Eastern Phonetic Keyboard Layout 1.0):
7. Հայերենը սիմբիանում` http://www.hy-am.org/armenian_on_symbian



