
«Մկնիկ», «քուքի», «սպամ»… այս բոլոր բառերը կարող են երկու տարբեր նշանակություն ունենալ: Այս ընդհանրական եզրույթները նոր նշանակություն են ստանում տեխնոլոգիաների աշխարհում: Առօրյա բառերը վերցվում են բառարանից և միանգամայն այլ նշանակություն ստանում՝ հարստացնելով համակարգչային եզրութաբանությունը: Հաճախ մարդիկ չեն սահմանափակվում արդեն իսկ գոյություն ունեցող եզրույթներին նոր իմաստ հաղորդելով: Ինտերնետի նոր զարգացումները սահմանելու համար նրանք ստեղծում են մի շարք նորաբանություններ, ինչպիսիք են «մեմը», «վեբլոգը» և այլն:
Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես են այս եզրույթներն առաջացել: Մենք մտածել ենք: Այստեղ ներկայացված է 7 պատմություն տեխնոլոգիական աշխարհի ամենահայտնի ու ամենագործածական բառերի ծագումնաբանության մասին:
1 Մկնիկ

Նշանակությունը՝ նավիգացիոն սարք, որն օգտագործվում է համակարգիչների հետ:
Ծագումնաբանությունը՝ ոչ ոք, անգամ դրա ստեղծող Դուգլաս Էնգելբարտը ստույգ չգիտի «մկնիկ» բառի ծագումնաբանության մասին:
1968 թ.-ի համաժողովին իր գյուտը ներկայացնելիս Դուգլասն ասաց.
- Ես չգիտեմ, թե մենք ինչու ենք այն անվանում մկնիկ: Այն պարզապես ստեղծման պահից ի վեր այդպես է անվանվել, և մենք երբեք չենք փոխել այդ անվանումը:
Super Kids-ին տված մեկ այլ հարցազրույցում նա ասել է, որ ոչ ոք չէր կարողանում վերհիշել «մկնիկ» բառի ծագումը, սակայն այն պոչավոր մկան տեսք ուներ, և նրանք լաբորատորիայում այդպես էլ անվանեցին այդ սարքը: Ռոջեր Բեյթսը, ով այդ ժամանակ զբաղված էր մկնիկի ստեղծման աշխատանքներով, այլ կերպ է հիշում այդ ամենը: «Թե ինչ ասաց դաշտամուկը» գրքում նա նշել է, որ համակարգչի էկրանի կուրսորը կոչվում է «CAT», որն անգլերենից թարգմանաբար նշանակում է «կատու»: Այսպիսով, միանգամայն բնական է, որ կատուն պետք է հետապնդեր մկնիկին:
2 Բլոգ

Նշանակությունը՝ անձնական վեբկայք, որտեղ կարելի է բազմաբնույթ գրառումներ կատարել և կիսվել հղումներով:
Ծագումնաբանությունը՝ այս եզրույթը «վեբլոգ» բառի կրճատ ձևն է: Այն ստեղծվել է 1997 թ.-ին Ջորն Բարգերի կողմից և վերաբերել նրա Robot Wisdom (թարգմանաբար՝ ռոբոտային իմաստություն) վեբկայքին: Ժամանակի ընթացքում այս եզրույթը կրճատվեց, և մարդիկ սկսեցին զանազան բլոգներ բացել և այցելել ուրիշների բլոգները:
3 Քուքիներ
Նշանակությունը՝ տվյալների փոքրածավալ բազա, որը պահպանված է բրաուզերի (դիտարկիչ) մեջ:
Ծագումնաբանությունը՝ այս բառը ծագել է «magic cookies» (թարգմանաբար՝ կախարդական թխվածքաբլիթ) եզրույթից: Սա ավելի հին համակարգչային եզրույթ է, որը գրեթե միևնույն նշանակությունն ունի, ինչ «քուքին»: Լոու Մոնտուլին՝ քուքիի ստեղծողը, իր բլոգում բացատրել է, թե ինչով է պայմանավորված այս բառի ընտրությունը:
«Ես լսել էի «magic cookie» եզրույթը քոլեջի օպերացիոն համակարգերի դասընթացի ժամանակ: «Քուքին» ինձ դուր եկավ, քանի որ այն բարեհունչ բառ է: Ահա թե ինչու քուքիները ստեղծելուց հետո ես կանգ առա հենց «քուքի» անվանման վրա:
«Magic cookies» եզրույթի ծագումնաբանությունը պարզ չէ, սակայն ըստ որոշ վարկածների՝ այն առաջացել է հին վիդեոխաղերից, որոնցում խաղացողները միավոր վաստակելու և հաջորդ փուլ անցնելու համար պետք է կախարդական թխվածքաբլիթներ հավաքեին:
4 Սպամ

Նշանակությունը՝ անցանկալի էլեկտրոնային հաղորդագրություններ, որոնք հիմնականում գովազդային բնույթի են
Ծագումնաբանությունը՝ «SPAM» բառը գործածության մեջ մտավ 1936 թվականին։ Այն վերծանվում էր որպես SPiced hAM (համեմված խոզապուխտ) և Hornel Foods ընկերության ապրանքանիշն էր: «SPAM» բառը ձանձրացնող գովազդի իմաստ ստացավ՝ համանուն ծիծաղաշարժ մանրապատման շնորհիվ: Մանրապատումը հեռարձակվել է Մոնթի Փայթոն ծաղրախմբի «Մոնթի Փայթոնի թռչող կրկեսը» հեռուստաշոուի ընթացքում: Մանրապատման իրադարձությունները տեղի են ունենում մի սրճարանում, որի բոլոր ճաշատեսակները պարունակում են լցոն («spam»)։ Երբ հեռուստաշոուի գլխավոր հերոսը, որը եկել է սրճարան իր կնոջ հետ, խնդրում է մատուցել իրենց առանց լցոնի կերակուր, մատուցողը բերում է լցոնիի չնչին պարունակությամբ կերակուր: Այցելուն զայրանում է, և վիկինգների երգչախումբը սկսում է երգել փառաբանական երգ լցոնի մասին, ինչից հետո սկսվում է թոհուբոհը։ Հեռուստաշոուի այդ հատվածում «spam» բառը հնչում է մոտավորապես 100 անգամ։
5 Մեմ

Նշանակությունը՝ Գաղափար, լուսանկար, տեսանյութ, որը կարճ ժամանակահատվածում լայն տարածում է ստանում ինտերնետում:
Ծագումնաբանությունը՝ 1976 թ.-ին հրատարակված «Եսասեր գենը» գրքում գիտնական Ռիչարդ Դոկինզը գրել է, որ նա ցանկանում էր մի այնպիսի եզրույթ ստեղծել, որը կբնութագրեր մշակութային իմիտացիայի երևույթը: Նա կանգ առավ հունարեն «mimeme» (միմեմ) բառի վրա, որը թարգմանաբար նշանակում է «ընդօրինակում»: Նա կրճատեց այդ բառը՝ օգտագործելով «meme» (մեմ) տարբերակը, որպեսզի այն հանգավորվեր «գեն» բառի հետ: «Մեմ» բառը հիշեցնում է նաև ֆրանսերեն «même» բառը, որը նշանակում է «նույնը»: Ինտերնետի տարածմանը համընթաց այս եզրույթը ևս լայն տարածում ստացավ:
6 Հակեր

Նշանակությունը՝ համակարգչային ոլորտի հանցագործ, ով ապօրինի կերպով մուտք է գործում տվյալների բազա:
Ծագումնաբանությունը՝ Հակերությունը միշտ չէ, որ բացասական երևույթ է համարվել: Տեխնոլոգիական զարգացումների վաղ շրջանում հակեր էին կոչվում այն մարդիկ, ովքեր լավ էին գլուխ հանում էլեկտրոնիկայից (ոչ միայն համակարգիչներից): Աստիճանաբար ձևավորվեց հակերային մշակույթ, որի ներկայացուցիչները դրական գործունեություն էին ծավալում տեխնոլոգիական աշխարհում: Մինչ օրս էլ տարբերակվում է դրական հակերություն և բացասական հակերություն: Դրական հակերությամբ զբաղվողները բացասական հակերությամբ զբաղվողներին ոչ թե հակեր, այլ քրեկեր (կոտրիչ) են անվանում:
7 Միջցանցային պաշտպանության միջոց (firewall)

Նշանակությունը՝ պաշտպանական ծրագիր, որը միտված է պաշտպանել համակարգիչը վտանգավոր հակերներից և վիրուսներից:
Ծագումնաբանությունը՝ Այս եզրույթը գործածության մեջ է եղել հարյուրավոր տարիներ: Ուղիղ իմաստով «firewall» բառը նշանակում է հակահրդեհային պատ: Հակահրդեհային պատերը նախատեսված են շենքերը հրդեհի տարածումից պաշտպանելու համար, իսկ միջցանցային պաշտպանության միջոցը տեխնոլոգիաները վտանգավոր վիրուսների տարածումից պաշտպանելու գործառույթ ունի:
Եթե ցանկանում եք որևէ բան ավելացնել այս թեմայի վերաբերյալ, կարող եք լրացումներ կատարել մեկնաբանությունների բաժնում:



