1in.am-ը գրում է.
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանը, մեկնաբանելով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը, ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ժամանակ ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ բացի Ղրիմից, արևելյան Ուկրաինա շարժվելու հնարավորություն ունի:
«Գիտեմ, որ ցանկանում եք ինձնից լսել, թե արդյոք Ղրիմը կմիանա՞ Ռուսաստանին, արդյոք Պուտինը պատերազմելո՞ւ է Ուկրաինայի հետ: Չեմ կարող հաստատ պատասխանել այս հարցին. դա կախված է բազմաթիվ գործոններից: Մեր խնդիրն այս գործոններին հետևելն ու վերլուծելն է»,- դիմելով ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդում հավաքված լսարանին՝ ասել է ԿՀՎ տնօրենը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
Ջոն Բրենանի խոսքով՝ նայելով Պուտինի և Ուկրաինայի առաջնորդների գործողություններին՝ հասկանալի է դառնում, որ նրանք դեռևս չեն կողմնորոշվել, թե հետագա ինչպիսի քայլեր է պետք կատարել:
«Կանգնելո՞ւ է արդյոք Պուտինը Ղրիմում: Ես չգիտեմ»,- խոստովանել է ԿՀՎ-ի տնօրենը՝ հավելելով. «Նա անհանգստություն է հայտնել հայրենակիցների ճակատագրի հարցում: Թե նա որքան հեռու կգնա նրանց շահերը պաշտպանելու հարցում՝ գիտի միայն ինքը՝ Պուտինը: Մենք պետք է հասկանանք այն դրդապատճառները, որոնցով նա առաջնորդվում է»:
«Դուք հարցնում եք ինձ՝ արդյոք Պուտինը, բացի Ղրիմից, ունի՞ Ուկրաինայի արևելյան շրջաններ անցնելու հնարավորություն: Իմ պատասխանն է՝ անկասկած: Այժմ նա, ըստ էության, փորձում է որոշել՝ ինչպես գործել հետագայում»,- ասել է ԿՀՎ տնօրենը:



