Եվ այսպես, հարգելի քաղաքացիներ, չդիմանալով ներքևների հեղափոխական խմորումներին և անսալով վերևների (հայրենի կառավարության) բարեփոխվելու հորդորներին, տեղական ինքնակառավարման ղեկավարը որոշեց զրկել իրեն կյանքի ևս մեկ հաճույքից` ծխելուց: Որոշումը դժվարին էր և քաղաքական մեծ կամք էր պահանջում, սակայն էլ ավելի դժվար էր դրա իրականացումը:
Հարկ է նշել, որ հեղափոխական ընդվզումը վաղուց էր սկսվել, սակայն տեղական իշխանությունը որոշ ժամանակ կարողանում էր ուժով, խորամանկությամբ, մանիպուլյատիվ լծակների կիրառմամբ և, ամենակարևորը, կաշառքով պարբերաբար լռեցնել ներքևից եկող խուլ դժգոհությունը: Սակայն հեղափոխական ոգին օրեցօր հասունանում էր, կատարելագործում էր տարիների ընթացքում կուտակած փորձը և անդիմադրելի էր դառնում: Բացի այդ, հեղափոխականները, հատկապես նրանց առաջնորդը, ձեռք էր բերել խորամանկելու ունակություն, ինչը նախկինում չէր նկատվում: Նա քաղաքական ճնշումների միջոցով ստանում էր իր համար հատկապես ցանկալի կաշառքը, որից կարճ ժամանակ անց կրկին դիմում էր բողոքների:
Հատկանշական է, որ կաշառքի վերջին խոշոր օրինակը` աման լվացող սարքը, ունեցավ շատ կարճատև ազդեցություն:
Հաշվի առնելով նաև, որ հեղափոխական ուժերի պահանջները շատ են, և դրանց միաժամանակյա իրականացումը կարող է հանգեցնել տնտեսության լիակատար կազմաքանդմանը, իշխանությունը որոշեց կատարել դրանցից ամենակարևորը` ծխելը թողնելը, քանի որ այն ուներ թե նյութական, թե հոգեբանական, թե բնապահպանական նշանակություն:
Բարեփոխումը ընթանում էր դժվար ու ցավագին: Իշխանության շրջանում նկատվում էր ուժգին գլխապտույտ, թուլություն, շնչարգելություն, տրամադրության անկում և որ ամենածանրն էր` ուտելու անընդհատ ցանկություն, որն էական հարված էր առանց այն էլ մշտական դեֆիցիտ արձանագրող բյուջետային միջոցներին: Սակայն իշխանությունը հույս ուներ (վստահ չէր), որ դիմելով շոկային թերապիայի, ամիսների ընթացքում կկարողանա հաղթահարել աննախադեպ գնաճը և ապագայում որոշակի կուտակային խնայողություններ ունենալ:
Սկզբնական փուլում բարեփոխումների ծախսային մասը մի քանի անգամ գերազանցում էր մինչբարեփումնային շրջանը: Մասնավորապես, բարեփոխման որոշման ընդունման հենց առաջին օրը միայն իշխանությունը բյուջեից անձնական նպատակներով ծախսեց.
1. Ընկույզ – 35-40 հատ (օգտվում էին նաև հեղափոխականները)
2. Խնձոր – 10-15 հատ
3. Նարինջ – 2-3 հատ
4. Արևածաղկի սերմ – 1 կգ-ից ավելի (օգտվում էին նաև հեղափոխականները)
5. Տարբեր տեսակի կոնֆետներ – ավելի քան 1 կգ (հիմնականում օգտվում էին հեղափոխականները)
6. Ծխախոտ – 4-5 հատ (օգտագործվում էր հեղափոխականներից գաղտնի)
7. Լուծվող սուրճ – 3-4 գավաթ
Հեղափոխության առաջնորդը իշխանության որոշման կիրարկման հենց առաջին օրվանից թերահավատորեն և վերապահումով էր վերաբերվում դրան, պարբերաբար հայտարարելով, որ դա իշխանության հերթական թոզփչոցին է, այդ մասին պարբերաբար հայտարարություններ անում թե իշխանամետ, թե ընդդիմադիր, թե չեզոք լրատվամիջոցներին: Արձանագրենք, որ իշխանամետ ԶԼՄ-ները ևս լուրջ չէին վերաբերվում իշխանության վերջին որոշմանը:
Իսկ իշխանությունը, ուշադրություն չդարձնելով թերահավատներին և բազմակողմանի քննադատություններին` փորձում էր անհրաժեշտ քայլեր ձեռնարկել` բարեփոխումները գոնե մասամբ կյանքի կոչելու համար: Ժամանակը ցույց կտա, թե ինչով կավարտվեն դրանք: