«Սիրիր բոլորին, վստահիր՝ ընտրյալներին…», - ասել է Վ.Շեքսպիրը: Իսկ մեկ այլ հանճարի խոսքերով՝ «մարդիկ, ում վստահում ես, աստիճանաբար վստահության արժանի են դառնում»: Իմաստուն այս խոսքերից բխում է, որ վստահությունը ոչ միայն պարտավորեցնող արժեք է, այլև լավ ու բարի գործերի խթանիչ ուժ կարող է դառնալ: 2011 թվականին Հայաստանում ստեղծվեց «Համազգային վստահություն» խորհուրդը, որի հիմնական նպատակն է արժանավոր անձանց և ձեռնարկությունների աշխատանքի արժևորումն ու գնահատումը: Բազմաթիվ գործարարներ, հասարակական և քաղաքական գործիչներ, կազմակերպություններ, արժանանալով հանրության վստահությանը, իրենց կատարած գործունեության համար ստացան մրցանակներ և գնահատված զգացին ժողովրդի կողմից: Այսօր «Հյուրասրահ» խորագրի հյուրն է «Բիզնեսնյուզ» ընկերության և «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրանը, ով իր գլխավոր առաքելությունն է համարում յուրաքանչյուր նոր օրվա մեջ տեսնել շրջապատից աննկատ մնացող գեղեցիկը և օգնել, որ ուրիշներն էլ տեսնեն այն:
-Տիկի՛ն Աստղիկ, պատմեցեք, խնդրում եմ, թե ինչպես հղացաք «Համազգային վստահություն» խորհուրդ ստեղծելու գաղափարը: Ովքե՞ր էին կանգնած այդ գաղափարի ակունքներում:
- Երեք տարի առաջ չորս համախոհ կազմակերպությունների՝ «Սոցիոմետ» անկախ սոցիոլոգիական կենտրոնի, «Էություն» հոգեբանական-հասարակական կազմակերպության, Հայաստանի Սպառողների միության և «Բիզնեսնյուզ» ընկերության նախաձեռնությամբ Հայաստանում հիմք դրվեց «Աստղերի ինստիտուտի» ձևավորմանը: Աշխարհի զարգացած երկրներից շատերում ընդունված է անդրադառնալ հասարակության գործունեության տարբեր ոլորտներին և հիմնվելով մի շարք չափանիշների վրա` առանձնացնել այդ բնագավառների լավագույններին: Հայաստանում այս նախագիծն իրականացնելու նպատակով ստեղծվեց «Համազգային վստահություն» խորհուրդը, որի անդամները դարձան հենց այդ չորս կազմակերպությունները: Այս երիտասարդ կառույցը, որի նախագահն եմ ես, իր գոյության երեք տարիների ընթացքում արդեն հասցրել է իրականացնել բազմաթիվ կարևոր ծրագրեր, կազմակերպել մի շարք հետաքրքրական միջոցառումներ, մրցանակաբաշխություններ, ստեղծել «Համազգային վստահություն» հանդեսը, հրատարակել «Մեր օրերի հայ անվանի կանայք» գիրքը (հեղ.` Լևոն Մութաֆյան) և այլն:
-Հայաստանում վերջին տարիներին հաճախակի են դարձել տարբեր մրցանակաբաշխությունները…, և հասարակության մեջ դրանց նկատմամբ վերաբերմունքը այնքան էլ լուրջ չէ: Ինչո՞վ է տարբերվում այս մրցանակաբաշխությունն ուրիշներից: Ի՞նչ սկզբունքներով եք առաջնորդվում այս կամ այն ոլորտում լավագույնների ընտրության հարցում:
- Երբ «Համազգային վստահություն» խորհուրդն իր առաջին քայլերն էր անում, խոստովանենք՝ մի մտավախություն ունեինք: Արդյո՞ք մեր նախաձեռնությունները համարժեքորեն կընկալվեն հանրության կողմից: Արդյո՞ք լավագույնների առանձնացումը և առավել ևս նրանց գնահատումն ու մեծարումը չեն ստվերի հարյուրավոր այլ արժանավորների վաստակը, արդյո՞ք քչերի փառքը չի կաշկանդի շատերի ստեղծագործ եռանդը: Բարեբախտաբար, մեր մտահոգությունը չափազանցված էր, որովհետև առաջին իսկ մրցանակաբաշխությունից պարզ դարձավ, որ մարդու և նրա աշխատանքի գնահատումը բոլորի սրտով է, մանավանդ երբ բխում է ոչ թե որևէ կառույցի կամ կազմակերպության ճաշակից կամ կորպորատիվ որոշումից, այլ համազգային վստահության ակնհայտ ցուցանիշներից: Այդ ցուցանիշները հաստատված են համաժողովրդական քվեարկության և փորձագիտական եզրակացության արդյունքներով, ինչը հենց այս նախաձեռնության լրջության և վստահելիության գլխավոր և բացարձակ երաշխիքն է: Մեր գործադրած մեխանիզմի էությունն այն է, որ լավագույններին որոշում է ոչ թե անհատը կամ խումբը, այլ հենց ինքը՝ սպառողը, ասել է թե` հանրությունը: Եվ այս առումով ես մեծ հարգանքով ու երախտագիտությամբ ուզում եմ շեշտել «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի անգնահատելի անմիջական մասնակցությունը մրցանակաբաշխությունների անցկացման գիտականորեն մշակված չափանիշների ձևավորման, անվանակարգերի ընտրության և ընթացակարգերի մշակման հարցերում: «Աստղերի ինստիտուտի» ձևավորման բարոյական արժեքը դրական առումով դեռ հետո իրեն զգալ կտա: Ընդհանրապես, գնահատելու մշակույթը յուրաքանչյուր հասարակության կյանքում կայուն և կենսունակ արժեհամակարգ ունենալու կարևորագույն պայման է: Հանրությունը պետք է ճանաչի լավագույններին: Ընդ որում, նրանց մեծարումը պետք է ոչ միայն մեծարվողներին, այլև հենց իրենց՝ մեծարողներին, որովհետև լավագույնին բարձրացնելով՝ բարձրանում ես ինքդ: Չէ՞որ գնահատվում են ոչ միայն ապրանքների ու ծառայությունների քանակական ցուցանիշները, այլև դրանց որակը, մատչելիությունը, կատարելագործման ներուժը, զարգացման միտումները, նորարարական մոտեցումները և, որ պակաս կարևոր չէ, սպառողին գոհացնելու և նրան ծառայելու քաղաքացիական մղումը: Սրանք չափազանց կարևոր գործոններ են ժողովրդավարության ճանապարհը բռնած երիտասարդ երկրի տնտեսական և բարոյական զարգացման համար:
- Այս երեք տարիների ընթացքում, ինչ ստեղծվել է «Տարվա հայուհի» մրցանակաբաշխությունը, Դուք երևի թե համագործակցել եք հանրապետության հայուհիներից շատերի հետ: Ինչպիսի՞ն է «մեր օրերի հայուհու» ընդհանուր «դիմանկարը»:
- Իմ պատկերացմամբ` կատարյալ կինը նա է, ով աշխարհի բարությունն է ավելացնում, ով իր գեղեցկությունն ու հոգեծին զգացումները ուրիշներին տալով՝ ներշնչում է ապրել այն հստակ գիտակցմամբ, որ առանց կնոջ չկան աշխարհ ու մարդկություն: Չկա ներշնչանք, քանզի կինն իր ողջ էությամբ ներշնչանք է ու սեր: «Աստղ ու նկար շորեր հագած՝ դեմըս ելար երազի պես, էշխդ՝ կրակ՝ սիրտըս էրեց անհասնելի մուրազի պես…». չարենցյան ներշնչանքից ծնված այս տողերը դառնում են օրհներգ ու օրհնաբանություն, անվերջորեն մեզ տանում դեպի կինը՝ նրան հռչակելով սկիզբն ամենայնի…
- Տիկի´ն Աստղիկ, արդյոք կա՞ մի ընդհանուր բանաձև, որի իմացությունը թույլ է տալիս կնոջը հասնել հաջողության:
- Հաջողություն ասվածը յուրաքանչյուր կնոջ համար տարբեր իմաստ է պարունակում: Ես այն կասեմ երեք բառով՝ նպատակ, ձգտում և լավատեսություն. ահա դեպի հաջողություն տանող ամենակարճ ճանապարհը:
-Ամեն մարդ կյանք է մտնում որևէ առաքելության համար, իսկ ո՞րն է Ձեր գլխավոր առաքելությունը:
- Յուրաքանչյուր մարդ իր գործունեության հիմքում պետք է ունենա մեկ հիմնական մղում: Ես, օրինակ, ամեն առավոտ արթնանալիս առաջինը մտածում եմ նոր սկսվող օրվա մեջ տեսնել այն գեղեցիկը, որը չի նկատում ոչ ոք: Իմ առաքելությունն էլ երևի այս է` ինձ շրջապատող մարդկանց էլ օգնել իրենց կյանքում տեսնելու այդ գեղեցիկը, քանի որ այդպես ապրելը երջանկություն է:
- Ասում են` նպատակը արդարացնում է միջոցները. համաձա՞յն եք այդ սկզբունքի հետ:
- Կոնկրետ իմ կյանքում նկատել եմ, որ նպատակը ինքն է թելադրում միջոցները. քանի որ նպատակներս միշտ բարի են, ընտրված միջոցներն էլ չեն հակասում իմ խղճին, հնարավոր չէ բարի նպատակների հասնել անընդունելի ճանապարհներով:
- Ո՞րն է ամենաարժեքավոր խորհուրդը, որ երբևիցե ստացել եք կյանքում, և ո՞ւմ կողմից:
- Ամենաարժեքավոր խորհուրդը ստացել եմ Աստվածաշնչից. դա Ոսկե կանոնն է` վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզեիր, որ նա քեզ հետ վարվեր: Սրանով լուծվում են բոլոր խնդիրները:
- Ո՞րն է, ըստ Ձեզ, Ձեր կյանքի ամենահաջող որոշումը:
- Ամենահաջողված որոշումը երկու որդիներիս ծնունդն է, այսինքն՝ մայր դառնալու բացառիկ շնորհը:
-Սկզբունքայի՞ն մարդ եք: Ո՞ր սկզբունքին երբեք, ոչ մի հանգամանքում չեք դավաճանի:
- Երբեք չեմ դավաճանի այն ամենին, ինչին նվիրվում եմ:
- Հիշո՞ւմ եք Հ. Թումանյանի «Ի՜նչը կհաղթի կյանքում հերոսին, թե չլինին կինն ու գինին» տողերը… Իսկ ի՞նչն է, որ կարող է կնոջ պարտության պատճառ դառնալ… Ի՞նչն է նրան խոցելի դարձնում:
- Սիրո դրսևորման բացակայությունը, գնահատելու անկարողությունը միայն կարող են կնոջը խոցելի դարձնել: Երջանիկ կինը երբեք չի կարող պարտվել, իսկ երջանիկ է այն կինը, ով գնահատում է:
- Ապրում եք ներկայո՞վ, թե՞ սիրում եք ապագայի վերաբերյալ պլաններ կազմել:
- Ես ապրում եմ իմ կյանքի ամեն օրը: Յուրաքանչյուրը պետք է ապրի ներկայով, որպեսզի կարողանա ապագան կառուցել: Պետք է իրատեսորեն գնահատես ներկան, որպեսզի կարողանաս ճիշտ կառուցել ապագան:
- Մոտ ապագայում ի՞նչ նոր ծրագրեր ունեք:
-Բազմաթիվ ծրագրեր… Ունենք բազում նոր գաղափարներ, որոնք ուզում ենք կյանքի կոչել: «Համազգային վստահություն» խորհուրդը առաջիկայում հանդես կգա նոր անակնկալներով, որոնց թվում են երկու գրքի հրատարակություն, սոցիալական տարբեր ծրագրեր ու միջոցառումներ: - Ի՞նչ կցանկանայիք հայուհիներին տոնի նախօրեին: - Անչափ շնորհակալ եմ: Շնորհավորում եմ «Հայուհի» ամսագրին և բոլոր կանանց գարնանային ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ և ցանկանում ամենալավն ու բարին, ինչին նրանք իրոք արժանի են: Մաղթում եմ երջանկություն ու սեր: Սիրե´ք, որպեսզի սիրվեք, սիրելի՛ հայուհիներ…
- Շնորհակալություն:
Հարցազրույցը վարեց Արմինե Ասատրյանը



