1in.am-ը գրում է.
Իսրայելի դիվանագետներն իրենց երկրում և արտասահմանում կրկին գործադուլ են հայտարարել` երկրի ֆինանսների նախարարության հետ ունեցած չկարգավորվող խնդրի պատճառով: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
«Մոսկվայում Իսրայելի դեսպանատունը մարտի 5-ին դադարեցրել է քաղաքացիների ընդունելությունը և ցանկացած տեսակի այլ գործունեություն»,- հայտնել է Իսրայելի դիվանագիտական առաքելության մամուլի հետ կապերի խորհրդական Ալեքս Կագալսկին:
Նրա խոսքերով` բացառություն են կազմում քաղաքացիների կյանքին վտանգ սպառնացող դեպքերը:
Նմանատիպ միջոցառումներ են տեղի ունենում ամբողջ աշխարհում գտնվող Իսրայելի դիվանագիտական առաքելություններում և երկրի ԱԳ նախարարությունում:
«Մինչ օրս չկարգավորվող արտաքին գործերի և ֆինանսների նախարարության միջև վեճը կապված է դիվանագետների` արտասահմանում բնակվելու պայմանների և Իսրայելում աշխատելու պայմանների հետ, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների աշխատանքային զբաղվածության երաշխիքների բացակայությամբ` նրանց` արտասահմանում երկար ժամանակով բնակվելուց հետո հայրենիք վերադառնալիս»,- հաստակեցրել է Կագալսկին: