«Տաշիր» հիմնադրամի կողմից 100 հազար դոլար՝ Ստեփանակերտի մայր եկեղեցու կառուցմանը

Տասնամյակներ շարունակ Ստեփանակերտը զրկված է եղել Հայոց հավատքի յուր տաճարն ունենալու հնարավորությունից, չնայած դրա կենսական անհրաժեշտությանը: Եվ այդ բացը լրացնելու նպատակով Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնությամբ և հավատացյալ հայորդիների բարերարությամբ կառուցվում է Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցին:

Հրաշագեղ այդ կոթողի կառուցմանն անմասն չմնաց նաև «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, որի՝ այսօր կայացած հոգաբարձուների խորհրդի նիստում որոշվել է տաճարի կառուցման համար ներդնել 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Գաղտնիք չէ, որ Կարապետյանների ընտանիքը միշտ էլ առաջնային խնդիր է համարում հոգևոր արժեքների պահպանումն ու զարգացումը: Ուստի նրանք տարիներ շարունակ մեծածավալ ծրագրեր են իրականացրել թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, թե Հայաստանի և Արցախի եկեղեցիների կառուցման ու վերանորոգման ուղղությամբ: Հերթական այս աջակցությունն էլ միտված է հնարավորությունների սահմաններում խթանել Արցախ աշխարհի Մայր տաճարի կառուցմանը:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել