1in.am-ը գրում է.
Ճապոնական Ակիտա պրեֆեկտուրայում թեստավորում է անցել սմարթֆոնի հավելված, որի օգնությամբ ափամերձ շրջանների բնակիչները կարող են արագ ապաստան գտնել ցունամիի վերահաս ալիքից: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ծրագիրը մշակվել է Ճապոնիայի առաջատար բջջային օպերատոր NTT Docomo-ի մասնագետների կողմից:
Համակարգը սկսում է աշխատել այն բանից հետո, երբ սմարթֆոնում ստացվում է հաղորդագրություն երկրաշարժի մասին: Սարքի էկրանին կհայտնվի մոտակա ապաստարան տանող երթուղին: Սարքի տիրոջը մնում է միայն օպերատիվ կերպով կատարել հավելվածի ցուցումները:
Փորձարկումների ժամանակ կամավորները, ովքեր տեղանքին վատ են ծանոթ եղել, փորձել են ապաստան գտնել այդ ծրագրի օգնությամբ: Ոմանք արդյունքում մոլորվել են, սակայն մշակողները չեն կորցնում լավատեսությունը և հայտարարում են, որ հավելվածի հաջորդ տարբերակը կլինի ավելի ճշգրիտ և կիրառման համար պարզ: