Սկանդալային  գրառում անելու որևէ ցանկություն չունեմ, սակայն մի բանում սկսում եմ համոզվել. հայաստանյան ներկայիս իրականության մեջ շոու-բիզնես ուղղակի չկա ու ընդհանուր առմամբ վերցված` չի էլ եղել երբևէ: 
Կան, անշուշտ, տարբեր տրամաչափի երգիչ-երգչուհիներ, իրենց աստղ, աստղիկ կամ աստղափոշի համարողներ, որոնք սովորաբար շրջապատված են լինում հինգից մինչև հիսուն երկրպագուների ու երկրպագուների իրական կամ վիրտուալ «արբանյակային խմբով», որոնք նկարահանում են տեսահոլովակներ, տեղադրում ՅՈՒԹՈՒԲՈՒՄ, փողով դիտում ապահովում, վերջում էլ սկսում հայտնի մասնագիտության տերերի նմանողությամբ «աջ ու ահյակ չարթերային չվերթներ անել»՝ հատկապես ֆինանսական միջոցների սուր կարիքի դեպքում (քավ լիցի, որևէ մեկին չեմ անձնավորում, ի սեր Աստծո). սակայն այն շոու-բիզնեսը, որ ասենք, կա Եվրոպայում, ԱՄՆ-ում ու լավ, գոնե «քարը տրաքի»` Ռուսաստանում, մենք պարզապես չունենք: 
Մինչդեռ եթե մերոնց խոսեցնես` Եվրատեսիլը քըխ է, որ մենք չենք հաղթում, այ հաղթեինք, կդառնար պուպուշ, ինչ իմանամ, որ մի համաշխարհային փառատոնը փիս է, որովհետև մեր բերանին հասու չէ, մեր երեսին նայող չկա, ու ուրախանում ենք «Ճ» կարգի փառատոններից մրցանակներ «պռճկելով»: Ու դեռ վրադիր, մեր շոու-բիզը լուսաբանող լրագրող գլամուռ տղերքն ու աճոնները խորհրդավոր դեմքի արտահայտությամբ, հայրենասիրական պաթոսը չմոռանալով, անշուշտ, հարցազրույցներ են անցկացնում նրանց հետ, գրում նրանց մասին, լայքում, քոմենթում, մեռնում ու հարություն առնում նրանց համար, ընդօրինակում նրանց սանրվածքը, հագուկապը, դեռ լավ է` ոչ անկողնային պոզաները, ու իրենց համարում, ոչ ավել, ոչ պակաս, նրանց ֆան-ներ, դե ֆանատներ, էլի: Ու այսպես, մի տեսակ ստացվում է ինքնաներփակ «ջան ասել, ջան լսել»,ու նման մի բան: 
Սակայն հետաքրքիրը դեռ այս չէ: Այն է զավեշտը, որ մեր, այսպես ասած, «հայտնիներ»-ի մոտ այն կարծիքը կա, որ իրենք այնքան են անփոխարինելի, որ բոլորը մեզանից, այսինքն իրենցից, ախր իրենք իրենց նույնացրել են Հայ մշակույթի հետ, գողանում են, ու մենք միշտ պլագիատի զոհ ենք` քիչ թե շատ էստրադա երգողից մինչև մայրքաղաքաի քյաբաբխանաների մշակութաբանական մոնիթորինգ անցկացնող ռաբիսի թագուհին ... 
Մինչդեռ .... երբ, ասենք, պլագիատից խոսելիս հիշենք, օրինակ, «Սարի աղջիկ» երգը, որ թյուրքական միջավայրում հայտնի է «Սարի գելիմ» անունով, կարելի է հասկանալ, բայց որ խոսում են, ասենք «Տղան սիրում է աղջկան, աղջիկը սիրում է տղային, նրանք միասին հանդիպեցին Վարդուշ տոտային» տրամաբանության մեջ լիովին տեղավորվող երգի մասին, սա արդեն սատիրիկայի ժանրից կարելի է համարել: 
Հանուն ազնվության սակայն չպետք է անտեսել հակադարձ փաստը. երբեմն մերոնք են «անմեղ նմանություններ» ստեղծում համաշխարհային աստղերի երգերի ու կատարումների հետ: Եվ այսպես բռնվեք. սկսվում է կինոն. 
Երեկ այսպիսի մի նյութի հանդիպեցի.
 «Օրեր առաջ համացանցում էր հայնտվել մի տեսանյութ, որտեղ հայաստանյան բլոգերներից մեկը համեմատական էր անցկացրել երգչուհի Էմմիի «Ծիածան» և Ջասթին Բիբերի «Beauty And A Beat» երգերի միջև:
Asekose.am-ի թղթակիցը փորձեց կապվել երգչուհու հետ` պարզելու նրա կարծիքն այս տեսանյութի վերաբերյալ: 
Չնայած նրան, որ երգչուհին չցանկացավ այդ մասին խոսել և նշեց, որ դա արդեն բավական հին խոսակցություն է, այնուամենայնիվ, նա նշեց, որ իր երգը գրված է եղել 2011թ.-ի վերջերին, իսկ մինչ այդ, նա անգամ չգիտեր՝ Ջասթին Բիբերի այդ երգը կա՞ր, թե՝ ոչ: 
Նշենք, որ Ջասթին Բիբերի տեսահոլովակը երգչի յութուբյան պաշտոնական ալիքում հայտնվել է 2012թ.-ի հոկտեմբերի 12-ին»:
Չգիտեմ, ծիծաղեմ, հռհռամ .... ֆանտաստիկ բացատրություն է տվել Էմմին ուղղակի. հասկանում եք՝ իր երգը գրված է եղել 2011թ.-ի վերջերին, սակայն համացանցում դրվել է անցյալ տարվա մեջ. այսինքն Էմմին մեկ-մեկուկես տարի իր երգը պատրաստի գրված վիճակում պահել է դարակում, հանգիստ համբերել է մինչև այն վատ տղա Բիբերը իր երգը 2012թ.-ի հոկտեմբերի 12-ին տեղադրի, ձայն-ծպտուն չի հանել, թե էս ինչ ես անում, իմ երգից գողացել ես, ու հիմա էլ այսպիսի միամտություն. իսկ լավ, իր լուսապսակի հոսանքի համար Էմմին ինչքա՞ն է վճարում է. լցանցին ամսեկան.... և ավելին, այն, որ անմեղ, բոլորովին անմեղ կերպով նմանություններ է կան իր ու Բիբերի երգի միջև, դա համարել է արդեն հին խոսակցություն. այն դեպքում, երբ տեսանյութը մի շաբաթ էլ չկա, որ հայտնվել է Համացանցում: Ախր հասկանում եք՝ Էմմիի կյանքում դեպքերն այնքան արագ են զարգանում, որ ինքն նման մանրուքներով չի էլ հասցնում զբաղվի .... համ էլ Բիբերի փաստաբանները հո չեն գա հասնի կորած-մոլորված Հայաստան ու իրավունք այս այն խառնի իրար .... ախր չեն համարձակվի. ինքն ո՜ւր, Բիբերն ո՜ւր .... Բացի այդ, ինքը տեղյակ չի եղել, որ Բիբերի այդ երգը կար .... տատուս եփած հավերը նույնիսկ թավայից կծիծաղեին այս տեսակ չքմեղանք-մեկնաբանությունների վրա, ախր ոնց կարող էր Էմմին չիմանալ Ջասթին Բիբերի՝ մոտ երկու տարվա երգի մասին ... երբ Երևանում   Բիբերի ամեն անգամվա օգտագործած զուգարանի թղթի գույնն ու բաղադրությունը նույնիսկ դառնում է քննարկման նյութ ... մի՞թե Էմմիի թիմից և ոչ մեկը այդ մասին չի ասել.  ուրեմն Էմմիի թիմը   շատ վատն է, կամ թակարդ է լարել սեփական «արքայադստեր դեմ»: Ինչ որ է, հիասթափեցնող է ....գոնե հանուն Նադյայի, ում սիրում ու հարգում ենք, պիտի այդպիսի «անմեղ նմանություններից» խուսափել .... իսկ եթե ասենք, Բիբերն էլ վեր կենա, գա Հայաստան ու ապացուցի, որ իր երգը մի հինգ տարի առաջ է գրված եղել, սրան ի՞նչ կպատասխանի Էմմին: 
Սակայն Էմմին միայնակ չէ: Ընկերներիցս մեկն ուղարկեց իր բացահայտումը` Անի Քրիստի- Փիտբուլ և Ջեյ Լո բոլորովին «անմեղ նմանությունների» մասին: Թերևս նա էլ Էմմիի ոճի մի գրական-հրապարակախոսական գլուխգործոց կներդնի շրջանառության մեջ. ինչ կա ո՞ր .... ու կշարունակվի «ջան ասել, ջան լսելը»: 

Միայն մի բան կարելի է ասել. հիասթափեցնող է անորակ ու անբովանդակ նարցիսիզմով տառապող մեր աստղ-աստղիկ-աստղափոշեհատիկների այսօրինակ պահվածքը ու ծիծաղելի, շատ ծիծաղելի:
Թերևս մի անուն կա մեր շոու-բիզնեսում, ով այս պահին ի զորու է մերոնց քիչ թե շատ բարձրացնել համաշխարհային բարձունքներ` Սիրուշո, Սիրուշո ու էլի Սիրուշո: Երբեք այսօրինակ անմեղ նմանություններ չտեսա Սիրուշոյի մոտ, մինչդեռ միշտ հիացած եմ եղել նրա արվեստով, ճաշակով, .... 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել