ԱԺ ոչ իշխանական ուժերը քաղաքական խորհրդակցությունների շարք են անցկացնում` հայտարարելով, որ դրա նպատակը միասնական քաղաքական օրակարգի գործողությունների ճանապարհային քարտեզ ձևավորելն է: Մի քանի օր առաջ ԲՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ԲՀԿ-ՀՅԴ ղեկավար կազմի հանդիպում, այսօր արդեն տեղի ունեցավ ԲՀԿ-ի հանդիպում ՀԱԿ պատվիրակների հետ:

ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը, ով կուսակցության կողմից լիազորված է մասնակցելու խորհրդակցություններին, հայտարարել է, որ ԲՀԿ-ն ոչ իշխանական ուժերի հետ հանդիպումների շնորհիվ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով «համոզիչ դրույթներ» է մշակում:

ՀՀ Սահմանադրության 84-րդ հոդվածը սահմանում է, որ «Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ կարող է անվստահություն հայտնել կառավարությանը»:

Հայտնի է, որ կառավարություն ձևավորած ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը խորհրդարանում մեծամասնություն են և առանց այդ ուժերի քաղաքական որոշման, կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ ոչ իշխանական ուժերի մշակած «համոզիչ դրույթները» չեն կարող ազդեցություն ունենալ ԱԺ-ում այդ հարցով տեղի ունենալիք քվեարկության վրա:

Անշուշտ, այս հանգամանքը հայտնի է նաև ԱԺ ոչ իշխանական ուժերին, սակայն ինչպես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն է պնդում, իրենք առաջնորդվում են «իշխանական բուրգից բեկորներ պոկելու» մարտավարությամբ: Ընդ որում, ավել վաղ, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի՝ կոալցիոն կառավարությունից դուրս գալու փաստը ևս ՀԱԿ-ը փորձում էր ներկայացնել որպես այդ քաղաքականության հաղթական արդյունք:

ՀԱԿ-ում որպես կանոն հղում են անում 1998 թվականի իրադարձություններին, երբ մեկ գիշերվա ընթացքում «Երկրապահ» պատգամավորական խումբը, ի հաշիվ «Հանրապետություն» դաշինքի, «մեծ համալրում ստացավ»՝ կարծելով, որ դա կհաջողվի նաև այս դեպքում:

Ստեղծված իրավիճակում գլխավոր խնդիրը ոչ այնքան դրա ստացվել կամ չստացվելու հարցն է, որքան այն, թե ինչ զարգացումների վրա են խաղադրույք անում ՀԱԿ ղեկավարները ու ինչ գնով:

Այն ուղին, որը մատնանշում են ՀԱԿ-ում, Հայաստանի համար անցած էտապ է: Վերադարձն այդ շրջափուլին ենթադրում է այդ ժամանակաշրջանին հատուկ զարգացումներ:

Այլ բան, որ հանուն իշխանափոխության ՀԱԿ-ում պատրաստ են ոչ միայն հետ վերադառնալ զարգացման այդ ժամանակաշրջանին, այլև իշխանական բեկորների, այսինքն, փխրուն հիմքերի վրա պետություն կառուցել:

Ստացվում է, որ ՀԱԿ-ի համար առաջնայինը ոչ թե պետականության ամրապնդումն է, քաղաքական ու քաղաքացիական ինստիտուտների կայացումը, այլ անձերի փոփոխությունը, ինչը միանշանակ չի ենթադրում կառավարման որակի փոփոխություն: Սրանով ՀԱԿ-ը մեծ առումով լեգիտիմացնում է նաև վատ կառավարումը:

Կից նյութը՝ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել