1in.am-ը գրում է.
Սիրիայում երեք տարի շարունակվող պատերազմի հետևանքով տառապող երեխաների թիվը հակամարտության վերջին տարում կրկնապատկվել է ՝ հասնելով 5.5 միլիոնի: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, նման տվյալներ է պարունակում զեկույցը, որը հրապարակել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ):
Ինչպես նշվում է փաստաթղթում, 2013թ. մարտին 2.3 միլիոն սիրիացի երեխաներ զգացել են մարտական գործողությունների հետևանքները, իսկ 12 տարի անց այս թիվը մեծացել է երկու անգամ: Այս ընթացքում ավելի քան երեք անգամ մեծացել է ներքին փախստական դարձած երեխաների թիվը՝ հասնելով 3 միլիոնի:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, որի հաշվարկների համաձայն՝ Սիրիայում երեք տարվա ընթացքում սպանվել է 10 հազար երեխա, ևս տասնյակ հազարավորները վիրավորվել են, նախազգուշացնում է փոքր սիրիացիների կյանքին սպառնացող վտանգի մասին: Ընդգծվում է, որ սիրիացի երեխաները անպաշտպան են դարձել մահացու հիվանդությունների առաջ, քանի որ ըստ վիճակագրության՝ սիրիական հիվանդանոցների 60%-ն ավերվել է:
Սիրիայում մնացած և երկիրը լքած սիրիացի երեխաներին միավորում է կրթություն ստանալու խնդիրը: Սիրիայում ավերվել և ժամանակավոր կացարանների են վերածվել ավելի քան 4000 դպրոց: Հաշվի առնելով, որ հակամարտությունը տևում է 3 տարի, և շուրջ 3 միլիոն երեխա այս ընթացքում չի նստել դպրոցական նստարանին, ՄԱԿ-ը ուշադրություն է հրավիրում այն վտանգի վրա, որ Սիրիայում կհայտնվի «կորուսյալ սերունդ»: Այս ոլորտում ծայրահեղ իրավիճակ է ստեղծվել նաև այն երկրներում, որտեղ տեղակայվել են սիրիացի փախստականները: