«Ես երջանիկ եմ, որ ունեմ ընտանիք, սիրելի ամուսին, գիտեմ՝ ինչի համար եմ ապրում». Զառա ՍահակյանLife.panorama.am-ը գրում է.

«Yere 1» հումորային նախագծի շրջանակներում շուտով կհայտնվի նոր կերպար, որը, թերևս, անտարբեր չի թողնի հեռուստադիտողներին, մանավանդ՝ հարսներին ու տալերին: Life.panorama.am-ը զրուցել է նախագծի շրջանակներում հերթական  կերպարը մարմնավորողի՝ Զառա Սահակյանի հետ,իմացել նրա նոր դերի, ստացած մեկ այլ՝ նոր հետաքրքիր առաջարկի մասին, անդրադարձել է նաև նրա ընտանիքին, հատկապես՝  մայրիկի դերերին  արդեն լավ ծանոթ տղային:

-«Yere 1»  հումորային  նախագծում ձեր կերտած կերպարներից ո՞րն   ամենալավն ընկալվեց  ժողովրդի կողմից և ինչու՞:

-Իմ կերտած կերպարներից Ռուզիկը բոլորից լավ է ընդունվել, քանի որ ինքը կենցաղի կին է, տան կին, իսկ կնոջ այդ կերպարը լավ է ընդունվում մեր հասարակության կողմից:

-Նոր դերով հանդես գալու ծրագրեր կա՞ն:

-Այո, տեղեկացնեմ,  որ շուտով կմարմնավորեմ նոր՝ չար տալի կերպար: Օվսաննան ամեն կերպ փորձելու է  խանգարել եղբոր ընտանիքի կայանալուն, անտանելի տալ է,  եղբոր երեխայի համար էլ կարծես հորեղբայր լինի (ծիծաղում է):

-Պատահե՞լ է, որ դրսում ձեզ տեսնեն, ասեն. «Վա՜յ, Ռուզիկը», կամ ուրիշ դերային անուն տան:

-Շատ  է եղել: Մարդիկ երբեմն շատ են նույնացնում քեզ քո կերտած դերերի հետ: Իմ դեպքում շատերին թվում է, թե ես խալաթով եմ գնում գործի, որ դյուրաբորբոք եմ կամ պետք է, օրինակ, Ռուզիկի պես խոսեմ: Ես, իհարկե, հասկանում եմ այդ մարդկանց, ուրախանում եմ, որ նրանք  ասում են, «Վա՜յ,  մեր Ռուզիկը», այդ «մեր»-ը նշանակում է, որ կերպարս ընդունվել է նրանց կողմից:

-Բայց մի վտանգ կա. չե՞ք կարծում, որ ձեզ սկսում են նմանակել, և այն երևույթները, որ դուք ծաղրում եք, սկսվում է ընդունվել:

-Այդ տենդենցը վաղուցվանից կա: Հիշենք, թե «Մեր բակից» հետո ինչքան սկսեցին նմանակել Հայկոյի հերոսին: Բոլորը կրկնում էին. «Ես լավ տղա եմ..»:

-Սա  նշանակում է, որ հումորը սուր է, միանգամից ծակում է:  Իմ տղան էլ է անգիտակցաբար կրկնում որոշ արտահայտություններ, ի՞նչ  կարող եմ անել:  Կարծում եմ, որ այս պարագայում ծնողը պետք է գիտակցի երեխային այդ ինֆորմացիան հասցնելու չափաքանակը: Մի բան ակնհայտ է. հումորը երբեք դաստիարակչական չպետք է լինի: Պետք է առկա լինի սատիրա. կերպարը ծաղրվի և մերկացվի: Ծիծաղ է առաջացնում իրականությունը, և,  ցավոք սրտի, մեր  հասարակությունը հիմա, օրինակ, գործածում է արտահայտություններ, որ չէինք ուզենա լսել:  Այս ամենը պետք է մատուցվի իրականությանը մոտ գեղարվեստորեն ներկայացված տեսարանների միջոցով:

-Երբեմն կերպարները, որոնց  դուք  ծաղրում եք, մարդիկ   նույնացնում են իրենք իրենց հետ և սկսում  ծիծաղել իրենց վրա:

- Այո, այդպես է, օրինակ, Վիպոյանի կերպարի դեպքում. շատ պատգամավորներ չեն էլ հասկանում, որ ծաղրվում են, հաճույքով դիտում ու ծիծաղում են:

-Վերջերս ներկայացումներով ԱՄՆ-ում էիք, կպատմե՞ք` տեղի հանդիսատեսը ինչպե՞ս ձեզ դիմավորեց, ամենաշատն ինչո՞վ եք տպավորված:

-Ես  բախտավոր եմ այդ առումով, քանի որ միշտ ջերմ ընդունելություն եմ տեսնում: Թեպետ այդ հանգամանքը մի քիչ կապում եմ նաև կարոտի գործոնի հետ, բայց ամեն դեպքում  զգում եմ, որ ունենք լավ, կարոտած հանդիսատես: Նույնիսկ  նկատեցի մարդկանց, ովքեր երկրորդ անգամ էին տոմս առել ու եկել: Մենք  մեր երկրպագուներն ունենք, ովքեր անգիր հատվածներ գիտեն հումորային համարներից. սա արդեն իսկ հաջողության գրավական է:

-Կարելի՞ է ասել, որ  արտերկրի հանդիսատեսին դուք էլ ձեր մեսիջն եք հաղորդում այն մասին,  թե ինչ է կատարվում Հայաստանում: 

-Այո, իհարկե: Հումորը հումոր է, երբ արդիական է, ժամանկի շունչն է կրում, անդրադառնում է այդ օրվա իրադարձությանը, խնդրին: Օրինակ՝ ընտրություններից մեկի ժամանակ նախագծի շրջանակներում մենք էլ մեր խոսքն ասացինք, որը միանգամից ընդունվեց ու ընկալվեց ժողովրդի կողմից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել