Yerkir.am-ը գրում է.
«12 օր երեխայիս տանջելուց հետո աչքը վնասել էին, թոքը վնասել էին, արյան վարակ էին անցկացրել»,- Լուսինե Փարսադանյանն իր մեկամյա բալիկին կորցրել է մոտ մեկ տարի առաջ: Երեխան մահացել է 2012 թվականի սեպտեմբերի 4-ին «Արաբկիր» ԲՀ-ի վերակենդանացման բաժանմունքում:
Yerkir.am-ի հետ զրույցում Լուսինեն պատմեց, որ երեխայի մահից հետո Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակարանը վաճառել են, տեղափոխվել Մասիս քաղաք. «Տան ամեն անկյունը երեխային էր հիշեցնում: Այդ հիշողությունները... Բայց դա էլ չօգնեց: Իմ Էլենը չի մահացել: Ես միշտ ասում եմ, որ երկու բալիկ ունեմ: Ուղղակի մեկն Աստծո մոտ է»:
Լուսինեն պատմեց, որ երեխան ծնվել է առողջ, բժշկական սքրինինգի արդյունքները ցույց են տվել, որ որևէ խնդիր նրա մոտ չի եղել: 10-11 ամսականում երեխայիս մոտ քնկոտություն է նկատվել, ինչը, մոր ենթադրությամբ, հետևանք էր այն բանի, որ մի քանի օր կատվախոտի կաթիլներ էր օգտագործել` կրծքով կերակրելու ընթացքում: Ամեն դեպքում դիմել է մանկաբույժին:
«Պոլիկլինիկայից ուղեգիր տվեցին «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ` հանրապետության գլխավոր նյ արդաբան Արծրուն Վաղինակովիչի (Հակոբյան) մոտ: Մեզ չընդունեց, ասաց` մոտեցեք բժիշկների սենյակ: Մեկ ժամ սպասելուց հետո ընդունեց նյարդաբան Լեսյա Ալեքսեևնան: Նայելով երեխայիս` ասաց. «Տիկին, երեխան նորմալ չէ, մազերի գույնը բաց է, քիթը փոքր է: Ձեզ նման չէ, չաղ է»: Նշանակեց պիրացետամ և մերսում»,- պատմեց Լուսինեն եւ հիշեց, որ մերսող բժիշկն ասել է, թե երեխան որևէ խնդիր չունի, թեև նյարդաբանն ասել էր, թե ոտքերի մկանները թույլ են:
Պիրացետամ խմելու երրորդ օրը երեխայի մոտ ցնցում է լինում, շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ. «Բոլոր անալիզներն արեցին, պատասխանները մաքուր էին, անգամ հոգեբույժի մոտ ենք եղել, ասաց` ուղեղի հետ կապված` ոչ մի խնդիր չկա, միայն խոսքն ուշ է զարգանալու»:
Հինգ օր հետո դուրս են գրվում, և բժշկի նշանակմամբ` ընդունում դեղեր: Որոշ ժամանակ անց` 2012-ի օգոստոսի 22-ին, երեխայի մոտ թաթիկի, այնուհետև շուրթի դող է նկատվում: Տեղամասային մանկաբույժի խորհրդով երեխային տեղափոխում են «Արաբկիր» ԲՀ:
«Քանի որ էդ օրը գումար չկար մոտս, չկարողացանք երեխային տանել հիվանդանոց, հաջորդ օրը երեխաս ընդունվեց: Ամբողջ ճանապարհին խաղում էինք, աշխույժ էր, ուղղակի թաթիկի դողն էր ու շրթունքի: Հետո քնեց, հոգնել էր: Ընդունեցին ռեանիմացիա, ինձ չթողեցին ներս մտնել, ասացին, որ դեղ են ներարկել, դողն անցել է»,- պատմեց Լուսինեն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



