Քանի որ դեռ կանանց «միամսյակի» մեջ ենք, մի քանի «ֆեմինիստական» դիտարկում էլ ես անեմ: Չնայած այն ակնհայտ փաստերի, որ հայոց դիցաբանական, կրոնաշխարհայացքային ընկալումների մեջ կինը «երկրորդ» տեսակի մարդ չի համարվել և դեռևս առաջին հանրապետության օրոք Հայաստանում կանայք մասնակցել են ընտրություններին, այսինքն, հասարակաքաղաքական կյանքի լիարժեք սուբյեկտ են եղել, և այդ առումով համաշխարհային ավանգարդի մեջ են եղել և նմանատիպ բլա-բլաներ, այնուամենայնիվ, այսօր խնդիրներ կան, և այդ խնդիրները համարել մտածածին և սոսկ «յանը տարած կամ գռանտակեր ֆեմինիստկեքի» մոգոնածը սխալ է: Անշուշտ, երբեմն մյուս ծայրահեղության մեջ են ընկնում «ֆեմինիստկեքը», որոնց որոշ դիտարկումներում Հայաստանը գրեթե հավասարեցվում է Աֆղանստանին: Իմ կարծիքով, ճիշտը մի ինչ-որ տեղ է դրանց արանքում: Հաճախ քանի դեռ մենք պրոբլեմի հետ առչնված չենք լինում, մեզ թվում է, թե այն մեր շուրջը ընդհանրապես բացակայում է: Տարիներ շարունակ Հայաստանում կազմակերպել եմ արշավներ, հայ ավանդական պարի, երգի, Յոգայի դասընթացներ, որոնց մեծ ակտիվությամբ մասնակցել են տիկնայք և աղջիկներ և իմ մոտ ձևավորվել էր կարծիք, որ Հայաստանում նրանք իրենց հանրային և մշակությանին հետաքրքրությունները բավարարելու հարցում հանրային կարծրատիպեր կոտրելու խնդիր չունեն: Մինչև որ շրջաններից մեկում գործի բերումով հանդիպեցի մի երիտասարդ կնոջ, որը ամուսնուց թաքուն մի քանի ժամով մի քանի հայերեն երգ էր սովորեցնում մի քանի հասակն առած ֆրանսիացի կին զբոսաշրջիկների: Ես այդ պահին չէի իմանում, որ ինքը դա ամուսնուց գաղտնի է անում, և քանի որ երաժշտական կրթություն ուներ և լավ ձայն, խորհուրդ տվեցի հայ ավանդական երգի երեկոներ կազմակերպի իրենց քաղաքում ցանկացողների համար ու խոստացա աջակցել: Ինքը հոգոց հանելով ասեց. «դու լավ չես պատկերացնում էստեղի մտածելակերպը»: Չնայած գրեթե նույնատիպ հանրակրթության և օրենսդրական դաշտի Հայաստանում տեղ-տեղ «շարիաթի» օրենքներն են գործում, տեղ-տեղ այլ գրված ու չգրված օրենքներ, ու զարմանում ես, թե նույն պատմական հոլովույթը անցած էթնոսի մեջ, գրեթե նույն հասարակական ֆորմացիայի մեջ ինչպես են հնարավոր դառնում 19-րդ և 21-րդ դարի միաժամանակյա գոյությունը: Էս խնդիրների լուծումը մշակութային «շոկաթերապիայի» միջոցով հնարավոր չէ, ինչպես կարծում և գործում են ոմանք, և նույնիսկ կարելի է ասել, որ այս դիսբալանսը ինչ-որ առումով նաև 90-ականների «շոկաթեապիայի» հետևանք է: Մնում է, որ տարբեր ծայրահեղություններից և մտակաղապարներից զերծ հանրային ուժեր համատեղ գործեն այս ուղղությամբ: Օրինակի համար խնդիր դնեն առաջիկա 10 տարում Հայաստանի ճակատից սրբել սելեկտիվ աբորտների (մեր դեպքում իգական պտղի) գծով աշխարհում առաջատարը լինելու խարանը: Ճակատագրի համար նման խարանները աննկատ չեն մնում, և նրանք արժանին են մատուցում այն կրողներին, ու էս դեպքում էդ խարանի կրողը միայն աբորտ արածները չեն, այլ նաև՝ ՄԵՆՔ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10203280370992516?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել