Lurer.com-ը գրում է.

Կին վարորդների մասնակցությամբ վթարները չնչին տոկոս են կազմում: Եթե նույնիսկ դեպքի մասնակից են, ապա կարող է նյութական թեթև վնաս պատճառված լինել: Ղեկին էլ նրանք կանացիություն են հանդես բերում: Ասվածը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանի գնահատականն է: Ոստիկանության փոխգնդապետի խոսքով, դեպքերի գրանցման աճ արձանագրվել է սկսած 2011 թվականից` պայմանավորված ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ, երբ սկսեցին հաշվառվել բոլոր դեպքերը: Եթե նախկինում քաղաքացիները կարող էին տեղում պայմանավորվել և հեռանալ, ապա հիմա այդպես չէ, բոլոր դեպքերը հաշվառվում են ԱՊՊԱ փոխհատուցում ստանալու համար: Արսեն Արշակյանի խոսքով` իրականացվող բժշկական փոխհատուցման արդյունքում արհեստականորեն ավելացել է նաև բուժհաստատություններ դիմողների թիվը: Նա հերքեց վարորդների շրջանում տարածված կարծիքը, թե եթե մեկը մեղավոր է, բայց առաջինն է դիմում բուժհաստատություն, ապա ազատվում է վթարի պատասխանատվությունից: Ըստ Արշակյանի` հարցերի պատասխանները տալիս է փորձաքննությունը:

Մայրաքաղաքում մի քանի հարյուր հազար ավտոմեքենա է շահագործվում, երթևեկի կանոնակարգումն էլ ապահովում է 250 ճանապարհային ոստիկան:

«Այսինքն, ՃՈ յուրաքանչյուր տեսուչի մի քանի հարյուր մեքենա է բաժին հասնում, հետևաբար ինքներս պիտի գիտակցենք երթևեկության կանոնների պահպանության անհրաժեշտությունը»,-ասաց Արսեն Արշակյանը:

Երևանի ճանապարհային ոստիկանության և Երևան քաղաքի ոստիկանության վաչության Պարեկապահակետային ծառայության աշխատակիցները համակարգված ծառայություն են իրականացնում հասարակական տրասնսպորտի կանգառներում և երթևեկելի հատվածներում` կանոնակարգելով հետիոտնային շարժը: Օրինախախտ հետիոտների նկատմամբ ՃՈ-ն 100-ից ավելի արձանագրություն է կազմել չնախատեսված հատվածով (տուգանքը` 5000 դրամ) կամ նախատեսված հատվածով, բայց ոչ թույլատրելի լույսով (3000 դրամ) փողոցն անցնելու համար:

«Տուգանք կիրառելով հարցը չի լուծվում: Խնդիրը ոչ այնքան տուգանելն է, որքան իրավագիտակցության բարձրացման անհրաժեշտությունը: Հետիոտնը կարող է ՃՏՊ պատճառ դառնալ: Մեքենայի կտրուկ արգելակման դեպքում կարող է վնասվել համընթաց երթևեկող մեքենան կամ վրաերթի ենթարկվել հետիոտնը»,-ասաց փոխգնդապետ Արշակյանը:

2013 թ. մայրաքաղաքում իրականացվել է 2 250 000 գծամետր գծանշում, տեղադրվել է 1813 ճանապարհային նշան, փոխարինվել ու տեղադրվել է 15 լուսացույցային օբյեկտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել