Կեղծ լինելու համար Ֆեյք լինելը պարտադիր չէ:
Վարդան Այվազյանը երեկ շատ ջղայնացած էր ու այդ պահին մի արտահայտություն արեց, որի իմաստը հետևյալն էր. եթե պատրաստ եք հանք շահագործել, եկեք իմ հանքերից մեկի մի մասը տամ ձեզ: Հիմա, որ ես գնամ, ասեմ՝ եկել եմ, դե տուր, պրն. Այվազյանը չի մերժի՞, չէ՞: Ու իմ նման կարող է մի քանի հոգի գնան, ու պրն. Այվազյանը այլևս հանք չունենա:
Ղրիմի դեպքերը դեռ շատ են քննարկվելու, մարդիկ կան Արցախը կապում են Ղրիմի դեպքերի հետ: Ի՞նչն են կապում չեմ հասկանում, եթե Ղրիմի հարցում ոչ մի հստակություն չկա. ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ ռուսական կողմը դեռ չեն հասկանում՝ ի՞նչ կարելի է անել, բայց մենք արդեն Հայաստանում վերլուծությունների արդյունքում լուծել ենք այդ հարցը:
«Նիմֆոմանուհու» հարցը կրկին արդիական է ու կրկին քննարկվում է, բայց ոչ մի նորություն չկա, սակայն երբ մտնում ես օնլայն ֆիլմերի կայք, այնտեղ մի բան է ավելացել, տողերից մեկում գրված է, որ այս ֆիլմը արգելված է Հայաստանում, հավատացեք դա նույնպես առավելություն է:
«Ֆեյքերի մասին» օրինագիծը շատ կարծիքների հանգրվան դարձավ: Իսկ Ֆեյք մարդկանց հետ ի՞նչ անենք, ի՞նչ օրինագիծ ընդունենք, երբ մարդիկ հենց իրենց կյանքով են Ֆեյք:
«Սպորտը մի քաղաքականացրեք», այս արտահայտությունը անում են աշխարհում բոլորը, սակայն երեկ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ դիմել են ՖԻՖԱ-ին, որ նրանք արգելեն ՌԴ-ի մասնակցությունը աշխարհի խաղերին և արգելեն աշխարհի 2018 թվականի խաղերը ՌԴ-ում. ահա չքաղաքականացման վառ օրինակ:



