1in.am-ը գրում է.

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ գորիսյան իր տան մոտ հունիսմեկյան դեպքի վերաբերյալ ներկայացվող մանրամասները իրականությունից բավական հեռու են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ալումյանն անդրադարձավ օրեր առաջ լրագրողների հետ հանդիպմանը Խաչատրյանի այն պնդմանը, թե ինքն ապօրինի զենքչի ունեցել, իր զենքերը բոլորն օրինական են եղել: 
«Այստեղ հարցն արժեր այսպես դնել՝ արդյո՞ք այդ օրը Սուրիկ Խաչատրյանից առգրավվել են բոլոր զենքերը, որոնք այդ պահին եղել են տանը, արդյո՞ք խուզարկություն է կատարվել, թե՞ պարզապես առաջարկվել է հանձնել այն զենքերը, որ ինքը կցանկանար հանձնել, ինքն այդ զենքերն այդ օրը ներկայացրել է ոստիկաններին: Բայց արդյո՞ք ոստիկանները համոզված էին և հիմա էլ համոզված են, որ նա հանձնել է այդ պահին տանը գտնվող ամբողջ զենքը, թե՞ այնուամենայնիվ, զենքի մի մասը չի հանձնվել և հետագայում թաքցվել է։ 
Այստեղ ուրիշ հարց էլ գոյություն ունի, որ մինչ օրս պարզ չէ: Ինչպե՞ս է, որ փորձագետի եզրակացության համաձայն՝ ինքնաշեն եղանակով պատրաստված զենքը հետագայում նախաքննական մարմինն օրինական է ճանաչել. այս երկու հասկացությունը պետք է որ անհամատեղելի լինեն»,- ասաց նա: 
Փաստաբանն անդրադարձավ նախկին մարզպետի պնդմանը, թե՝ կրակոցները չի լսել, քանի որ պատուհանը հերմետիկ է, հիշեցրեց Խաչատրյանի կողմից առաջ քաշվող նախնական վարկածը, երբ վերջինս ասում էր` չէր կարող էդ կրակոցները լսել, քանի որ իր ննջարանի պատուհանները գտնվում են հակառակ կողմում: Նախապես եղել է նման բացատրություն, սակայն օրեր առաջ նշել է՝ ձայներ չի լսել, որովհետև գետի ձայնն այնտեղ ուժեղ էր, մինչդեռ գետը գտնվում էր այն կողմում, որտեղ դեպքն է տեղի ունեցել: 
Փաստաբանի խոսքով՝ եթե գետի ձայնով ա պատճառաբանում, ապա գետի ձայնը չէր կարող փակել կրակոցների աղմուկը, հակառակ դեպքում այն կխանգարեր նաև, որ այդ ձայները ֆիքսվեին, մինչդեռ կրիչի վրա ձայները պարզորոշ կերպով ձայնագրված են, ու գետի աղմուկը բոլորովին չի խանգարում: «Հաստատ այդ աղմուկը շատ ավելի ուժեղ էր, քան գետի ձայները, բացի այդ, նորից վերադառնամ առաջին մտքիս, եթե ասում է՝ գետի ձայներն իրեն խանգարում են աղմուկը լսել, ապա գետը գտնվում է հենց այն կողմում, որտեղ որ դեպքն է տեղի ունեցել, այսինքն՝ դեպքի վայրը գտնվում է Սուրիկ Խաչատրյանի տան և գետի արանքում, այնպես որ շատ լուրջ հակասություն կա նրա հայտարարությունների մեջ: 
Նա նաև խոսում է հերմետիկ պատուհանների մասին, այդ պատուհաններով այսօր ոչ մեկին հնարավոր չէ զարմացնել, այսօր քաղաքի կեսն իր տանը նման պատուհաններ ունի։Իհարկե, տիեզերանավ չի, չէ՞, որ այնքան հերմետիկ լինի՝ ոչ մի մոլեկուլ չթափանցի ներս. Վստահաբար, եվրապատուհանների մասին է խոսքը, գուցե շատ որակով, համոզված եմ՝ շատ որակով եվրապատուհանների մասին է խոսքը, բայց դրանք բոլորս էլ կամ ունենք, կամ տեսել ենք։Այսօր դժվար է ինչ-որ մեկին ապացուցել, որ այդ պատուհաններից այն կողմ եղած աղմուկը չի թափանցում ներս: 
Ձայնագրիչը, գտնվում էր խոհանոցում, բայց ձայներն իդեալական ձայնագրվել են, ննջարանում, լավ, ընդունում եմ` ավելի թույլ կլինեին այդ ձայները, բայց հաստատ՝ ոչ այն աստիճանի, ինչպես նկարագրում է Սուրիկ Խաչատրյանը»,- ասաց նա: 
Ալումյանը նաև անդրադարձավ նախկին մարզպետի պնդմանը, թե՝ տեղի ունեցածը խմիչքի հետևանք է, նշեց, որ Բուդաղյանի օրգանիզմի խմիչքի մասին խոսելուց առաջ լավ կլիներ նախկին մարզպետը մի քիչ խոսեր իր տղայի օրգանիզմում եղած թմրամիջոցների մասին, որն, ի դեպ, հաստատված է փորձագետների եզրակացությամբ, իսկ դեպքի նախապատմությունը բոլորը գիտեն, գիտեն, որ այդ դեպքից առաջ ճաշկերույթ եղել, որին մասնակցող հավանաբար բոլորն էլ ինչ-որ չափով խմիչք օգտագործած են եղել. այդտեղ սենսացիոն ինչ-որ բան չկա, որ տղամարդիկ, ինչ-որ առիթ նշելիս, ճաշկերույթ են կազմակերպում և կարող են որոշ չափով էլ ոգելից խմիչք օգտագործել, ուստի սա ներկայացնել որպես արտառոց բան, որպես ինչ-որ մեկին բացասական բնութագրող բան, առնվազն տարօրինակ է: Ալումյանի խոսքով՝ արտառոց է, երբ նման տեսակի մարդու, ընդհանրապես որևէ մեկի որդու կամ որևէ մեկի արյան մեջ թմրամիջոցներ են հայտնաբերվում, ու նա, թողած այդ հարցը, սկսում է քննարկել ուրիշի օրգանիզմում ոգելից խմիչքի առկայությունը: 
Ավետիք Բուդաղյանին, փաստաբանի խոսքով, այդ միջոցառումից հետո տարբեր մարդիկ առաջարկել են տուն հասցնել. Բուդաղյանը մեքենայով չի եղել, Սուրիկ Խաչատրյանն իր հերթին առաջարկել է, պնդել, որ Ավետիքն իր մեքենայով գնա: Նախկին մարզպետը պնդում է, թե Բուդաղյաններն իր նկատմամբ թշնամաբար էին տրամադրվել, սակայն Ալումյանը նշում է՝ ընդհուպ այդ ավտոմեքենան նստելու պահը կարելի՞ է հավատալ, որ նրանց մեջ կարող է թշնամանք եղած լիներ: 
«Ո՞ւմ համար կարող է դա համոզիչ թվալ, որ այդ թշնամանքի պարագայում Ավետիքին Սուրիկ Խաչատրյանը կառաջարկեր իր մեքենայով հասցնել տուն, Ավետիքն էլ կհամաձայներ, երբ հնարավորություն ուներ ուրիշների մեքենաներով գնալու: Այսինքն՝ ակնհայտ է, որ մինչև Ավետիքի մեքենան նստելը նրանց միջև թշնամություն կամ նույնիսկ լարված հարաբերություն չի եղել, ուրեմն ի՞նչ տեղի ունեցավ ավտոմեքենայի մեջ, որ հետո, երբ Ավետիքն ավտոմեքենայից իջավ, նրանց հարաբերությունները դարձան այդպիսին: 
Դուք պատկերացրեք, թե ի՞նչ պիտի տեղի ունեցած լինի ավտոմեքենայի մեջ, ու դրանից հետո՝ դրանից ելնելով, էդ լույսի ներքո, փորձեք գնահատել ինքներդ. ավտոմեքենայում տեղի ունեցածի վերաբերյալ Բուդաղյանների ասա՞ծն է ավելի մոտ իրականությանը, թե՞ Սուրիկ Խաչատրյանինը, որն ասում է՝ ոչ մի բան տեղի չունեցավ: Ակնհայտ է, չէ՞, որ ինչ-որ բան է տեղի ունեցել ավտոմեքենայի մեջ, որի մասին, ի դեպ, մենք մանրամասն ասում ենք, որն էլ հենց հանգեցրել է հետո կատարվածին»,- ասաց նա: 
Նախկին մարզպետը նաև պնդում էր, որ Բուդաղյանի ուղղությամբ կրակոցները կատարվել են նույն զենքից, ուստի հնարավոր չէ պնդել, թե կրակոցները հնչել են նաև երկրորդ հարկից. նույն զենքը չէր կարող կրակել միաժամանակ և՛ ներքևից, և՛ վերևից։Ասվածը Խաչատրյանը համարել էր փաստաբանի երևակայության արդյունք: Ալումյանը հակադարձեց՝ նախկին մարզպետը փաստաբանի երևակայությունից է խոսում, հետո սկսում է այնպիսի բաներ ասել, որ իր երևակայությունից է արդեն: 
«Ես հիմա չեմ ուզում այս զրույցը վերածել նրա երևակայության վերաբերյալ դատողությունների, բայց այստեղ, իհարկե, վառ երևակայության դրսևորում է, երբ ասել է, որ չորս փամփուշտներն էլ նույն զենքից են կրակված: Այդպիսի եզրակացություն գործի մեջ չկա, այդպիսի տեխնիկական հնարավորություն գոյություն չունի էլ, որպեսզի միջանցիկ հրազենային վնասվածքից կարելի լինի դատել, թե կոնկրետ որ զենքից է պատճառվել այդ միջանցիկ հրազենային վնասվածքը: 
Չորս վնասվածքներից երկուսը միջանցիկ հրազենային վնասվածքներն են, այսինքն՝ փամփուշտը մարմնի մեջ չի հայտնաբերվել, ո՞նց կարող է ինչ-որ մեկն ասել, որ այդ փամփուշտը կրակված է եղել իքս կամ իգրեկ զենքից.միայն վառ երևակայություն ունեցող մեկը։Այնպես որ, թող այդ վառ երևակայություն ունեցողը փաստաբանի երևակայության մասին այսուհետ չխոսի, որպեսզի խոսակցությունը չտեղափոխվի այդպիսի դաշտ»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել