Հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մշակութային-հասարակական գործիչ, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաջյանը ծնվել է 1837թ. մարտի 11-ին՝ Կոստանդնուպոլսում:
Նրա ստեղծագործական գործունեությամբ հայ երաժշտության մեջ մի նոր էջ է բացվել, դրվել ժամանակակից ազգային պրոֆեսիոնալ երաժշտության հիմքը: Նրա առաքելությամբ ժողովրդի բազմադարյան պատմության մեջ գործածության մեջ է մտել «հայ կոմպոզիտոր» հասկացությունը:
Ականավոր երաժշտին վիճակվել է ապրել և գործել Թուրքիայում հետամնաց երկրի իրավազրկության պայմաններում: Դա կաշկանդում էր նրա նախաձեռնությունները, արգելակում գործունեության նորմալ ընթացքը:
Ապրել է Կոստանդնուպոլսում: Նախնական կրթությունը ստացել է Գ.Երանյանի, ապա պոլսաբնակ իտալացի դաշնակահար Չ.Մանձոնիի մոտ: 1861–1864թթ. սովորել է Միլանում: Հայ առաջադեմ մտավորականների հետ միասին պայքարել է հանուն հայ ազգային մշակույթի զարգացման, մասնակցություն է ունեցել հայկական ազգային երաժշտական մամուլի, երգչախմբերի, երաժշտական թատրոնների ձևավորման գործում, կարդացել է դասախոսություններ:
Չուխաջյանի ստեղծագործություններում համադրված են արևմտահայ քաղաքային երաժշտության և արևմտյան դասական երաշտության ձևերը: Բազմաթիվ դաշնամուրային ստեղծագործությունների, կամերային և սիմֆոնիկ գործերի հեղինակ է, գրել է նաև ստեղծագործություններ թատերական ներկայացումների համար:
Չուխաջյանը հեղինակել է հայկական ազգային դասական առաջին օպերան՝ «Արշակ Բ» (1868), «Զեմիրե» օպերա-հեքիաթապատումը, «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» (1875), «Արիֆի խարդախությունը» (1872), «Քյոսե Քեհյա» (1873) օպերետները: Մահացել է 1898թ. Զմյուռնիայում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



