1in.am-ը գրում է.

Կանադացի խորհրդարանականներն իրենց տարեկան աշխատավարձը բարձրացրել են 3500 դոլարով՝ չնայած ծախսերի սահմանափակման միջոցառումներին, որոնք ձեռնարկվում են կառավարության կողմից բյուջեի դեֆիցիտը փակելու նպատակով: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:

Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ապրիլի 1-ից, երբ երկրում նոր ֆինանսական տարի սկսվի: Այժմ Համայնքների պալատի անդամի աշխատավարձը կազմում է տարեկան 163.7 հազար դոլար, իսկ սենատորինը՝ 138.7 հազար դոլար: 

Կանադայում օրենքով սահմանված է, որ սենատորները, ովքեր չեն ընտրվում, այլ նշանակվում են գեներալ-նահանգապետի կողմից վարչապետի խորհրդով պետք է ստանան 25 հազար դոլարով պակաս:

200 դոլարով ավելացել են նաև այն խորհրդարանականների հավելավճարները (հասնելով տարեկան 11.5 հազար դոլարի), ովքեր հանդիսանում են կոմիտեների ղեկավարների և խմբակցությունների առաջնորդներ: Բացի այդ, կավելանան նաև Համայնքների պալատի պատգամավորների հավելավճարները,ովքեր նախարարություններ ու դաշնային գործակալություններ են ղեկավարում: Կանադայում կառավարության անդամներն ավանդաբար նշանակվում են օրենսդիրների թվից՝ ըստ այդմ պահպանելով իրենց տեղը խորհրդարանում:

Ավարտվող ֆինանսական տարում հավելավճարը վարչապետի համար կազմել է տարեկան 160.2 հազար դոլար, նախարարի համար՝ 76.7 հազար դոլար: Ապրիլի 1-ից Սթիվեն Հարփերը կստանա 327.4 հազար դոլար (Համայնքների պալատի անդամի աշխատավարձն ու կառավարության ղեկավարի հավելավճարը):

Լիարժեք աշխատանքային օր աշխատող կանադացիների միջին տարեկան եկամուտը կազմում է 47.9 հազար դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել