Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը, անդրադառնալով Ղարաբաղ-Ղրիմ զուգահեռներին, նշեց, որ դա պսևդո թեզեր են, որոնք կա՛մ անգրագիտության, կա՛մ փաստերի հանցավորման համադրման հետևանք են: Նրա խոսքով՝ եթե երբևէ Հայաստանը չի հրաժարվել «Ռուսաստանի թիվ մեկ ռազմական գործընկերությունից», ապա ՌԴ- ն, Ղրիմը որպես ինքնավար կարգավիճակ ունեցող տարածք ճանաչելու դեպքում, 20 տարի ժամանակ ուներ գոնե կես քայլով մոտեցնելու Ղարաբաղի միջազգային ճանաչումը:

- Տիկի՛ն-Սեդրակյան, մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետության՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով հանրաքվեի նշանակումը հիշեցնում է նախկին ԼՂՒՄ-ի՝ հանրաքվեի նախադեպը: Մեկ այլ նախադեպ ևս, որ երկու ինքնավարություններն էլ մեկ մարդու որոշումով՝ մեկ օրվա մեջ կցվել են միութենական մեկ այլ հանրապետության: Հաշվի առնելով՝ որ Ռուսաստանը ԵԱՀԿ մինսկի խմբում համախանախագահող երկիր է, արդյո՞ք Ղրիմի հետ կապված ՌԴ դիրքորոշումը չի՞ փոխվի և դառնա այսպես կոչված՝ նախադեպային:

- Դա վերջերս դարձել է շատ չարչրկվող թեզ, որ Ռուսաստանի դիրքորոշումը կարող է ԼՂՀ հարցում լինել նախադեպային, ուստի պետք է լինեմ կտրուկ ու, հազար ներողություն, բայց դա քաղաքագիտական կոպիտ սխալ է: Կա՛մ անտեղյակության, կա՛մ՝ փաստերի հանցավոր կեղծման կոպիտ օրինակ է, երբ մենք ասում ենք, որ Ղրիմը կարող է նախադեպ հանդիսանալ Ղարաբաղի համար: Սա ոչ միայն քաղաքագիտորեն գրագետ չի, ու ես պսևդո թեզեր չեմ սիրում:

Դա բացարձակ սուտ է: Առաջին՝ որևէ ինքնավար տարածք, որը չի ճանաչվում միջազգային հանրության կողմից, իսկ ակնհայտորեն միջազգային հանրությունը չի ճանաչելու, երբևէ, Ղրիմի ինքնավարությունը, ուստի Ռուսաստանի նախադեպային ճանաչմամբ Ղրիմը չի կարող հաստատվել իր պետական-պաշտոնական կարգավիճակով: Երկրորդ՝ Ղրիմի բնակչության մեջ, ի տարբերություն Լեռնային Ղարաբաղի բնակչության, առկա են ներկա պահին ընթացող տարաձայնություններ Ղրիմի ինքնավարության վերաբերյալ: Այսինքն՝ մենք չպետք է կողմնորոշվենք միայն Ռուսաստանի ապատեղեկատվությամբ, որը մեզ անընդհատ թելադրում է, որ Ղրիմը ուզում է գնալ և մտնել Ռուսաստանի մեջ: Ակնհայտորեն նման բան չկա, և ակնհայտորեն Ղրիմի բնակչության կարծիքները բաժանված են, և այդ բաժանված կարծիքներն արդեն, ի տարբերություն Արցախի, հնարավորություն չեն տա Ղրիմի բնակչությանն ունենալ նույնիսկ ներքին կոնսենսուս, ուր մնաց՝ խոսենք միջազգային ճանաչման մասին: Եվ երրորդ՝ երբևէ Հայաստանը չի հրաժարվել Ռուսաստանի թիվ մեկ ռազմական գործընկերությունից, և եթե Ղրիմը ճանաչվում է իբրև ինքնավար ստատուս ունեցող տարածք, ապա կարող եմ ասել, որ Ռուսաստանը 20 տարի ժամանակ ուներ գոնե կես քայլով մոտեցնելու Ղարաբաղի միջազգային ճանաչումը՝ ինքը ճանաչելով, ինչ-որ համապատասխան քայլեր անելով: Իսկ մենք տեսել ենք, որ Ռուսաստանը պահպանել է ոչ միայն չեզոքություն, այլև շատ ավելի քիչ քայլեր է այս ուղղությամբ, քան Մինսկի խմբի որևէ երկիր: Ավելի կոնկրետ՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը և այդ ստատուսի ճանաչման ուղղությամբ, այն պարզ պատճառով, որ Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումը Ռուսաստանին ձեռնտու չէ. դա այն «կեռիկն» է, որի վրա պահվում է Հայաստանի՝ Մաքսային միության ականը: Դրա համար, այդ 3 կետերը հաշվի առնելով ՝ խոսել Ղարաբաղ-Ղրիմ զուգահեռությունների մասին, առնվազն անիմաստ է, որովհետև հավատացնում եմ Ձեզ՝ ցանկացած տարածքի միջազգային ճանաչումն ապահովում են այդ երկրի ներքին ժողովրդավարությունն ու տնտեսական ստաբիլությունը: Եվ փոխանակ մենք աշխատենք այդ ուղղությամբ, մենք քննարկում ենք մեր երկրի տարածքից դուրս գտնվող խիստ վիճարկելի հարց:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել