1in.am-ը գրում է.
Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը, այսօր լրագրողների հետ հանդիպմանը խոսելով մարտիության թանկացումներից, ասաց, որ սովորություն է դարձել. տոնից տոն թանկացումներն անխուսափելի են արդեն: Նրա դիտարկմամբ՝ միայն մարտի 8-ին ծաղկի և հուշանվերների գներն աճել են ավելի քան 50 տոկոս. «300-400 դրամանոց ծաղիկը մարտի 8-ին դարձավ 1500 դրամ, սակայն պետական ոչ մի լծակ չեմ տեսնում, որով կարող ենք զսպել այդ թանկացումները»:
Արմեն Պողոսյանն ասաց նաև, որ՝ բոլորովին վերջերս առողջապահության նախարարության և առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրության տվյալներով՝ Հայաստանում երեխաների 15 տոկոսը թերսնված է: Նրա կարծիքով՝ անընդհատ թանկացումներն ազդում են միայն առողջ սերնդի ձևավորման վրա, քանի որ թերսնումն իր հերթին բերում է մի շարք շեղումներ. «Մեր երկիրը համաշխարհային ճգնաժամի օրերին ՌԴ-ից ստացավ 500 մլն դոլարի օգնություն: Այդ գումարների զգալի մասը շինարարության վրա ծախսվեց, իսկ նոր շենքերն այդպես էլ չբնակեցվեցին: Դրա փոխարեն կարելի էր գումարն ավելի արդյունավետ ծախսել»:



