1in.am-ը գրում է.
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն «Ավան» հոգեկան առողջության կենտրոն կատարած այցի ընթացքում հոգեբուժության ամբիոնում զրույցի բռնվելով Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 5-րդ կուրսի ուսանողների հետ, խորհուրդ է տվել ընտրել հոգեբույժի մասնագիտություն` նշելով, որ ոլորտում երիտասարդ, առաջադեմ մտածելակերպով երիտասարդ մասնագետներ են անհրաժեշտ` ծառայությունը նոր հիմքերի վրա դնելու համար։
Ավելացրել է, որ աշխարհում տարեցտարի ավելի է կարևորվում հոգեբույժի, հոգեբանի մասնագիտությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը նույնպես այս ոլորտում համաշխարհային կազմակերպությունների հետ նոր ծրագրեր և աշխատանքներ է տանում։ Որպես օրինակ` ներկայցրեց վերջերս Սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի նախագահի հետ ստորագրված հուշագիրը։
Այնուհետև կենտրոնի բժիշկների հետ հանդիպման ժամանակ Դերենիկ Դումանյանն առաջին հերթին շնորհավորել է կին բուժաշխատողների տոնը` մաղթելով ամուր առողջություն և հաջողություններ։ «Անցած տասը տարվա փորձը ցույց տվեց, որ միավորումը ոչ միայն չնպաստեց հոգեբուժական կլինիկաների և ծառայությունների բարելավմանը, այլև նոր խնդիրներ ի հայտ բերեց, ինչն էլ «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ընկերության վերակազմակերպման հիմք հանդիսացավ։
Նոր իրադրությունը նոր պահանջներ է թելադրում։ Ձեր կոլեկտիվը լավ ավանդույթներ ու կադրային խոստումնալից ներուժ ունի, և վստահ եմ, որ ճանապարհներ կգտնի դրանք հաղթահարելու համար»,-ասել է նախարարը։ Նա գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանին և տնօրենի պաշտոնակատար Արմեն Սողոյանին հանձնարարեց կոլետիվի հետ զարգացման ծրագիր մշակել։ «Ես կարծում եմ, որ դուք կարող եք լուրջ դերակատարություն ունենալ ոլորտում չափորոշիչների մշակման, հոգեկան խնդիրների կանխարգելման, ժամանակակից պահանջներին համապատասխան նոր ծառայությունների ներդրման գործում»։ Ընդգծելով արդյունավետ կառավարման կարևորությունը` նախարարը տեղեկացրեց, որ հոգեբուժական ծառայության ֆինանսավորման նոր մեխանիզմը զգալիորեն կբարելավի բուժհիմնարկների վիճակը։
Հոգեբուժական, նարկոլոգիական և հակատուբերկուլոզային ստացիոնարներն արդեն ֆինանսավորվում են ոչ թե բուժվող հիվանդների թվով, այլ ընդհանուր բյուջեով` հաշվի առնելով հիմնարկության պահպանման ծախսերը։ Դերենիկ Դումանյանը խնդիր է դրել առաջին հերթին բարձրացնել բուժաշխատողների աշխատավարձերը։ Իսկ հիմնարկի վերանորոգման ու նյութատեխնիկական բազայի հարստացման նպատակով առանձին ծրագրեր մշակել։
Նախարարն իր մտահոգությունն է հայտնել դատահոգեբուժական փորձաքննության ոլորտի` փորձագետների ընտրության, հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգման, վարձատրման և այլ խնդիրների հետ կապված։ Նա վստահեցրել է, որ համատեղ ուժերով պետք է լիովին կանոնակարգվի նաև այս դաշտը։
Դերենիկ Դումանյանը հոգեբույժների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրների լուծման առաջարկվող ուղիները, պատասխանեց նրանց հետաքրքրող հարցերին։



