Քայլում եմ ծովափով՝ ականջներս միայն դեպի ջրի խշշոցը, աչքերս հառած մայրամուտից կարմրած երկնքին: Ամպերը հելել են մեկը մյուսի շալակը, ինչպես թոռնիկը կթառեր պապի շալակը:
Գեղեցիկ են մայրամուտին ամպերը, գեղեցիկ են ջրի վրա պարող արևի շողերը, որոնք հետզհետե արևի հետ կորչում են ծովի հեռու՜ հատակին: Քայլում եմ ինքնամոռաց, քայլում արդեն կամա՜ց սառչող ջրի ափին ու ծովի ալիքները շոյում են ոտքերս մերթ առաջ գալով, մերթ հետ գնալով, ասես ձեռքերդ, որ շոյում էին մատներս: Հեռվից եկող քամին նու՜րբ շոյում է դեմքս, ինչպես մատներդ բարակ կշոյեն սիրածիդ դեմքը:
Բոլորից հեռացած ու բոլորից առանձին եկել եմ խոսելու ծովի հետ:
Միայն ծովն է, որ նման է ինձ՝ անդադար աղմուկով իր, որ ոչ բոլորը կհասկանան: Նրա ձայնը մեկը կընդունի որպես աղմուկ, իսկ մյուսը՝ որպես հանգի՜ստ երաժշտություն:
Եվ ես այսօր մոռացած մտքերս հեռու-հեռվո՜ւմ, նորից եկել եմ պատմելու ջրին մի քանի խոսք անցյալից, որը թեկուզ հեռվում է մնացել, բայց քայլում է ներկայիս օրերում: Քայլում ստվերի նման, քայլում ու հանգիստ չի տալիս: Այսօր եկել եմ ջուրը նետելու այն բառերս, որը քեզ եմ տվել, այսօր ջուրը պետք է նետեմ սերս, այսօր քե՜զ պետք է ջուրը նետեմ ու մոռանամ քեզ հավետ: Թողեմ քեզ ջրին նվեր ու թող տանի նա քեզ հեռու՜ հեռու:
Բայց ախր ջուրն էլ է մեղկ, որ տանի այդ ներկայությունդ: Բայց այլ տարբերակ չկա, այսօր պետք է մենախոսեմ ջրի հետ ու քեզ խեղդեմ այնտեղ: Թողեմ քեզ նվեր:

-Եվ սկսեցի ես պատմությունս, երբ հանկարծ մի երեխա մոտեցավ և ասաց.
-Հիմա՜ր, կմրսես:
ՈՒ նորից փախավ:
Դե ինչից սկսեմ ջուր՝ այսօր քեզ պետք է պատմեմ այն գիշերը, որը մնաց սրտումս հավետ, այն ցերեկը, որը մնաց աչքերումս: Պետք է պատմեմ այն գարունը, որը ստվեր թողեց սրտիս մեջ, ցավոտ ստվեր բայց ես դրանից չդադարեցի սիրել գարունը: Նա ինձ սովորեցրեց սիրել, սովորեցրեց գնահատել, սովորեցրեց կորցնել բայց երբե՜ք չմոռանալ:
-Այ, ինչպես դու կսիրես գարունը, երբ ցուրտ ձմեռից հետո ազատվում ես սառույցից, այդպես էլ ես սիրեցի նրան:
Ինչքանո՜վ սերն է գեղեցիկ, այնքան էլ գեղեցիկ է նրանից հետո մնացած հիշողությունները: Մարդ պետք է ուժ ունենա գտնել տգեղի մեջ գեղեցիկը: ՈՒ ես գտա մեր բաժանման մեջ գեղեցիկ մի անկյուն, որտեղ ես պառկած՝ թեկուզ մի քիչ մենակ, թեկուզ մի քիչ կուչ եկած բայց գոհ այն ամենից ինչը ստիպեց լալ, ինչ ստիպեց տանջվել, ինչ ստիպեց վերջապես ոտքի կանգնել այդ նույն անկյունում:
Եվ նա զգաց իմ մարմնի ամբո՜ղջ ծանրությունը, նա զգաց այն մեծ սիրո կշիռը, որը թեև իրենից հետո, բայց մնացել էր սրտումս՝ նա այդ կշիռը զգաց իր սրտի վրա բայց ուշ էր արդեն նա կորցրել էր այն սիրտը, որը որպես նվեր տվել էի իրեն:

Երկու հոգի չպետք է սիրեն իրար հավասար, նրանցից մեկը պետք է հարգանք ունենա այդ սերո հանդեպ, իսկ մյուսը սիրի սերը:
Ես դա մոռացել էի և պայքարում էի սիրել նրան այքան, որքան նա էի ինձ սիրում : Հենց այդտեղ էլ սխալվեցի ես: Սխալվեցի, որ նվիրեցի սեր, որից հետո ինձ մնաց մի քանի կաթիլ արցունք և մի հիշողություն, որով այսօր գլուխդ տանում եմ ջուր:

-Ամպերն արդեն փակել են արևը ու մի ամպ պա՜րզ երևաց աչքիս կնոջ դեմքով, որը հետզհետե ցրվում էր երկնքում, ինչպես դու իմ ներսում: Խառնվեց աղջկա դեմքը մյուս ամպերին, ու ես հասկացա, որ գեղեցիկ դիմագծերովդ դու էլ փնտրեցիր ավելի լավին:
Ու հասկացա ե՜ս հիմարս, որ սիրուն դեմքով հաց չեն ուտում մեկ է այն պղտորվելու է:
-Մրսում եմ ջուր, իսկ դու տաք ես, արևը արդեն դանդա՜ղ իջնում է քո մեջ տեղը տալով լուսնին, որը դուրս է գալիս նորից քո միջից: Ա՜խ թե հարուստն ես հա՜:
Երանի ես էլ մի արև ու մի լուսին ունենայի ներսումս, որ ոչ խավար լիներ ներսս, ոչ էլ պայծառ:

Արդեն մթնեց՝ ես վեր կացա, ուղղեցի տաբատս, մաքրեցի այն փոշին, որը հավաքվել էր տաբատիս վրա, նայեցի չքացած արևի վերջին շողերին ու նետեցի այն մատանին, որը քեզ նվեր էի պատրաստել: Նետեցի նրա հետ նաև քեզ:
Խոսեցի ծովի, արևի, ալիքների, քամու հետ ու քեզ նետեցի ծովը:
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել