Գրառումը սկսում եմ Թեոդոր Ռուզվելտի խոսքերով, որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:
Ես լավ գիտեմ, որ աշխարհում ամենատարածված վախերից մեկը անհաջողության մատնվելու վախն է: Իսկ ի՞նչ է անհաջողությունը: Ռոբերտ Թաունսվիլդը, ով 1960-ականներին Avis ընկերության վերածննդի անմիջական մասնակիցն էր, նշում է, որ այդ տարիներին իր կայացրած երեք որոշումներից երկուսը սխալ էին: Պատմում է Մայքլ Ջորդանը.
-Կարիերայիս ընթացքում ձախողվել եմ 9000 անգամ, պարտվել եմ 300-ից ավելի խաղերում: 26 անգամ ինձ են վստահել վերջին նետումը, բայց ես ձախողվել եմ: Դա կյանքիս մի մասն էր, որին ուղղակի նայում էի ու ձգտում էի քչացնել: Անհաջողությունը հաջողության սկզիբն է, դա այն ցուցանիշն է, որը ցույց է տալիս ճիշտ ուղու մասին:
Հետազոտությունները ցույց են տվել, որ ԱՄՆ-ի լավագույն բասկետբոլիստները գնդակ են կորցնում ամեն երեք րոպեն մեկ անգամ, բայց նրանք դրանից չեն հիասթափվում: Լեգենդար գոլֆիստ Բեն Հոգանն ասում էր, որ տասնութ հարվածից միայն երեքն էր կարողանում հասցնել վերջնական կետին: Դե ինչ, չպե՞տք է փորձել: Միլան ակումբի լեգենդար ֆուտբոլիստ Կական, երբ հեռացավ ակումբից, իր կարիերայի գագաթնակետին էր: Բայց Մադրիդ տեղափոխվելուց հետո նա այդպես էլ մի քանի տարի չփայլեց: Ուրեմն վե՞րջ: Ոչ, նա կրկին վերադարձավ ու կրկին ֆուտբոլ է խաղում նույն եռանդով, քանի որ անհաջողությունը ժամանակավոր է. հանձնվելով` Դուք այն դարձնում եք մշտական:
Օրինակ` բեյսբոլի աշխարհի առաջնությանը հաղթահարելու համար ոսկե մեդալակիր թիմը պետք է 57 տոկոս խաղերում հաղթանակ տոնի:
Ֆրեդ Սմիթն իր բիզնես-պլանի քննության ժամանակ ստանում է ամենացածր գնահատականը, երբ ներկայացնում էր, թե ինչպես է պատկերացնում Federal Express ընկերությունն ապագայում:
ЗМ ընկերությունն իր գոյության առաջին երկու տարում ոչ մի ապրանք չէր կարողանում վաճառել: 1904 թվականին նրանք սկսում են զբաղվել թղթի արտադրությամբ: Երկու տարի հետո ամսեկան ունեին 2500 դոլարի եկամուտ` 9000 դոլար ծախսերի դիմաց: 1907 թվականին Ուիլյամ Մակհայթը դառնում է ЗМ-ի հաշվապահի օգնականը, իսկ որպես աշխատավարձ ստանում էր միայն բաժնետոմսեր: Այդ տարիներին ընկերության բաժնետոմսերը շատ էժան էին, գրեթե կոպեկներ, քանի որ վնասը վնասի ետևից հաջորդում էր ЗМ-ին: Եվ ահա 1978 թվականին Մակհայթն իր բաժնետոմսերի հաշվին ուներ արդեն 500 մլն. դոլար գումար:
Լեո Բառնետը նույնպես երկու տարում չէր կարողացել գոնե մեկ պատվեր ունենալ: Միայն չորս ամիս այս բլոգն ընդհանրապես ընթերցող չուներ, իսկ էջը հավանել էին ընդամենը 121 մարդ: Առաջին վեց ամսից հետո քանի-քանի անգամ որոշել էի փակել, բայց կրկին ետ էի կանգնում որոշումիցս ու շարունակում հոբբիս:
Երբ Սթիվ Ջոբսը շուկա դուրս բերեց Lisa-ն, բոլորը կարծում էին, որ մեծ հեղափոխություն է լինում, բայց ավաղ, այն ձախողվեց: Lisa-ի ձախողմանը հետևեց Macintosh-ի փառահեղ հաղթանակը, բայց Ջոբսին դա էլ չի փրկում և Apple-ից նրան հեռացնում են: Ուրեմն վե՞րջ: Ոչ, նա այս անգամ էլ ոտքի է կանգնեցնում Pixar ընկերությունն ու այնուհետև փառահեղ վերադառնում է Apple: Ուղղակի ամեն ինչ ժամանակավոր է, պետք է հարմարվել այս մտքի հետ, բայց չկոտրվել:
Չերչիլին վեցերորդ դասարանից յոթերորդ չէին տեղափոխում, քանի որ չէր կարողանում բարձր գնահատականներ ստանալ: Եվ միայն 62 տարեկանում է կարողանում դառնալ Բրիտանական թագավորության վարչապետ: Նույնը կարելի է ասել Լինքոլնի մասին, ով գրեթե երեք տասնյակ տարիներ միայն պարտություն էր կրում: Թոմաս Էդիսոնի ուսուցիչը մի անգամ դասին ասել էր, որ իրեն դեռ չի հանդիպել նման հիմար աշակերտ: KFC-ի հիմնադիր գնդապես Սանդերսը ոչ մի կերպ չէր կարողանում վաճառել իր հավի թևիկները: Նրան մերժել էին ավելի քան 1000 ռեստորաններ: Իսկ Դուք քանի՞ մերժում եք պատրաստ ընդունել մինչև հանձնվելը: Սթիվեն Սփիլբերգին երեք անգամ չեն ընդունել իր երազանքի ԲՈՒՀ-ը` Հարավային Կարոլինայի համալսարան: Վերջինս որոշում է կրթություն ստանալ ինչ-որ մի տեղ, բայց թողնում է ուսումն ու դառնում ռեժիսոր: Եթե չեմ սխալվում, Վան Գոգն ընդամենը մի նկար է կարողացել վաճառել, այն էլ իր ընկերոջը:
Չապլինի սկզբնական ելույթները դուր չէին եկել ֆիլմի մենեջերներից ոչ մեկին, Մերլին Մոնրոյի պայմանագիրը Columbia Pictures-ի պրոդյուսերները չեղյալ էին հայտարարել, քանի որ ըստ նրանց, վերջինս այդքան էլ գեղեցիկ ու տաղանդավոր չէր: Ուոլտ Դիսնեյին հեռացնում են թերթի խմբագրությունից, քանի որ վերջինս չուներ նոր գաղափարներ: Սոիչիրո Հոնդային մերժում է Toyota ընկերությունը, քանի որ նա շատ էր ցանկանում աշխատել այնտեղ որպես ինժեներ, սակայն գործազուրկ լինելու ընթացքում սկսում է պատրաստել մոտոցիկլետներ: Արդյունքում ստեղծվում է բոլորիս հայտնի Հոնդա ընկերությունը:
Դիկ Չեյնին երկու անգամ դուրս է մնում Յեյլի համալսարանից, բայց դառնում է ԱՄՆ-ի փոխ-նախագահ, Օպրա Ուինֆրիին հեռացնում են հեռուստատեսությունից՝ ասելով, որ նա էկրանին շատ անհամապատասխան և տհաճ է երևում: Հիմա նա հեռուստաշոուների թագուհին է և …. միլիարդատեր:
Չպետք է հրաժարվել գաղափարից միայն նրա համար, որ այն կարող է անհաջողության մատնվել: Յուրաքանչյուր գաղափար կարող է անհաջողության մատնվել, բնական է, բայց եթե ինչ-որ կայուն գործ եք ցանկանում, ապա հիշեք, որ հնարավոր է կրեք տասնակի անգամ անհաջողություններ: Ուղղակի անհաջողությունն ընդունեք Ձեր առօրյայի, կյանքի կամ օրվա մի մասը, որ այդպես էլ է պատահում:
Ի դեպ, երկրորդ կուրսում ես մարքեթինգ առարկայից հանձնել եմ վերաքննություն: Այնպես որ, մի վախեցեք անհաջողությունից. այն մեզ միշտ ուղեկցում է: Յուրաքանչյուր անհաջողություն ավելի է ոգևորում ու ցանկալի դարձնում նպատակը, հենց այս գիտակցումն էլ կլինի Ձեր հաջողության հիմքը. ես վստահ եմ: ՄԻ ՎԱԽԵՑԵՔ, հաստատ անհաջողությունից դեռ մարդ չի մահացել , առավելագույնը, առաջին տաս րոպեում ժամանակավոր ընկճվելն է ու վերջ:
Եվ վերջում ցանկանում եմ մեջբերել Ժորժ Կարպենտյեի խոսքերը, որտեղ ասվում է` Երբ սխալներ եք գործում, կյանքն իսկապես հետաքրքիր է: