Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել Ղրիմում հանրաքվե անցկացնելու համար: Պարզ է, որ եթե այդ հանրաքվեն ի վերջո անցկացվի, ապա ղրիմցիների մեծամասնությունը կքվեարկի Ռուսաստանին միանալու օգտին: Բայց միևնույն ժամանակ այդ հանրաքվեին ավելի շատ լեգիտիմություն հաղորդելու համար, շատ ավելի լավ կլիներ, որ դրան աջակցեին և իրենց մասնակցությունն ապահովեին թերակղզում ապրող բոլոր ժողովուրդները: Ինչպես հայտնի է, Ղրիմի թաթարները վերջերս սկսել են ակտիվություն ցուցաբերել և դժգոհել Ռուսաստանին միանալու հեռանկարից: Այդ կապացությամբ այս օրերին ինքնավար հանրապետության իշխանությունները բանակցություններ են վարում թաթարական համայնքի հետ, և վերջիններիս առաջարկում պաշտոններ զբաղեցնել կառավարության կազմում:
Երեկ հայտնի դարձավ, որ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսյոնովն ու նրա տեղակալ Ռուստամ Տեմիրգալիևը թաթարական համայնքի ներկայացուցիչների հետ բանակցում են ինքնավար հանրապետության կարգավիճակի վերաբերյալ համայնքի` հանրաքվեին մասնակցելու շուրջ: Վարչապետ Աքսյոնովի խոսքերով՝ թաթարներին առաջարկվում է մեկ փոխվարչապետի, երկու նախարարի, ինչպես նաև գրեթե բոլոր նախարարություններում, այդ թվում ուժային կառույցներում, փոխնախարարների թեկնածուներ առաջադրել։ Վարչապետը խոստացել է նաև, որ ինքնավարությունում կլինի երկլեզվություն (ռուսերեն և ղրիմաթաթարերեն)՝ չնայած վերջինս նաև նշել է, որ թերակղզում ապրող բոլոր ազգությունները, այդ թվում՝ ուկրաինացիները, կկարողանան զարգացնել իրենց լեզուները: Թաթարներին գոհացնելու համար Աքսյոնովը երաշխավորել է նաև վերջին տարիներին հայրենիք վերադարձած թաթարներին տրամադրվող սոցվճարների բարձրացում:
Փաստորեն, կարելի է ասել, որ Ռուսաստանն՝ ի դեմս Ղրիմի իշխանությունների իզուր ժամանակ չի վատնում և տանում է ակտիվ աշխատանքներ թաթարներին հավաքագրելու (вербовка) ուղղությամբ: Կարծում եմ՝ սա խոհեմ որոշում է, որովհետև թաթարներին անտեսելը նախ կարող էր սադրել Ղրիմի ներսում ազգամիջյան լարվածություն և, ինչու ոչ, բախումներ, և երկրորդ` կարող էր խաղաթուղթ դառնալ Արևմուտքի համար՝ ընդդեմ Ռուսաստանի:
Տեսեք, թաթարներն ունեն բավական մեծ համայնք թերակղզում, իսկ եթե այդ մարդիկ դեմ են դուրս գալիս Ղրիմի իշխանությունների նախաձեռնությանը՝ միանալ Ռուսաստանին, ապա այդ որոշումը թեկուզև հանրաքվեի արդյունքներով ամրագրված, կարող է դառնալ շատ ավելի խոցելի, քան այն, միևնույնն է, կդառնա հանրաքվեն անցկացնելուց հետո: Ասում եմ՝ կդառնա, որովհետև արևմտյան խոշոր երկրների մի շարք ղեկավարներ արդեն իսկ հայտարարել են, որ չեն ճանաչելու տվյալ հանրաքվեի լեգիտիմությունը: Այնպես որ, Ռուսաստանին այժմ բնավ չէր խանգարի պատմական արդարության վերականգնման ճանապարհին իր գործողությունների համար ապահովել առնվազն ներքին, ներղրիմյան լեգիտիմություն:
Մնում է միայն տեսնել, թե ինչպես կարձագանքեն թաթարները իշխանությունների կողմից տարվող քայլերին: Կհամաձայնե՞ն, թե՝ ոչ, կշարունակվի՞ առևտուրը, թե այսքանով կբավարարվեն, ցույց կտա ժամանակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/mindset.tutoring/posts/663720053695175?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել