Eye of the Storm, այսինքն «փոթորիկի աչքը»` սա բոլորովին էլ պոետիկ կերպար չէ: Այդպես են օդաչուներն եւ օդերեւութաբանները բնորոշում մթնոլորտային մի յուրահատկություն, երբ հսկայական տարածության վրա ազդող ամպրոպի, տորնադոյի, թայֆունի կամ որեւե այլ տեսակի փոթորիկի կենտրոնում որոշ ժամանակ տիրում է հարաբերական անդորր, քանի որ բնական հողմապտույտներն ունեն կենտրոնախույս բնույթ: Սակայն անդորրն այդ իսկապես հարաբերական է ու կարճատեւ, քանի որ փոթորիկները տեղաշարժվում են մեծ արագությամբ: Քաղաքական եւ սոցիալական գործընթացները մեծ ճշգրտությամբ կրկնօրինակում ու արտացոլում են բնության ֆիզիկական օրենքները: Այս առումով օրինաչափ կլինի բնութագրել մեր երկրի կարգավիճակը 2008 մարտի 1-ի արյունահեղությունից հետո իբրեւ այսպիսի մի հարաբերական անդորր, «արջամուկի օր»` յուրահատուկ քաղաքական ձմեռ, որը պահպանվում է մեր անմիջական հարեւանությամբ ընթացող փոթորիկների պայմաններում` սկսած Վրաստանը մասնատած «08.08.08. պատերազմից», շարունակելով 2010-ից թափ առած «արաբական գարուններից» եւ մինչեւ այս օրերին ռուս-ուկրաինական զավեշտալի թվացող հակամարտությունը: Իրականում, զավեշտալի է հենց Հայաստանի այս քաղաքակրթական կաթվածը, համաշխարհային հզոր ու ահեղ գործընթացների հանդեպ մեր անհաղորդ ու գրեթե անտարբեր վերաբերմունքը, աններելի ու հանցավոր «անկապությունը»: Բանն այն է, որ իմ խորին համոզմամբ, թերանալով զանազան արտաքին խաղերի օբյեկտից վերածվել լիարժեք քաղաքական սուբյեկտի, Հայաստանը, ավելի ճիշտ դրա ներկայիս քաղաքական վարչախումբը, ենթարկում է մեր ազգը, երկիրը եւ պետականությունը մահացու վտանգի: Անդորրն ավարտվելու է հաշված շաբաթներ անց, իսկ Հայաստանը պատրաստ չէ մոտեղոց մարտահրավերներին ոչ քաղաքական, ոչ տնտեսական, ոչ գաղափարախոսական, ոչ ռազմական, ոչ կենսաապահովման տեսակետներից: Երկու օր առաջ «XXI ԴԱՐԸ ՆՈՐ Է ՍԿՍՎՈՒՄ» Facebook-ում հրապարակված հոդվածումս ես նկարագրեցի Հայաստանի ներսում անհետաձգելի եւ անհրաժեշտ գործողությունների ու միջոցառումների մասին իմ պատկերացումը: Այժմ փորձեմ ձեւակերպել նոր արտաքին մարտահրավերներին դիմակայելու մասին առաջակներս:
Այս օրերին համարյա բոլոր վերլուծությունների առանցքն է Հայաստանի համեմատությունը ուկրաինական զարգացումների եւ մասնավորապես Ղրիմի ճգնաժամի հետ: Համարձակվում եմ պնդել, որ մեր ազգային շահերի եւ սպառնալիքների ցանկում դա միայն ածանցյալ դեր է կատարում: Գրեթե 50-միլիոնանոց Ուկրաինան կատարել է իր քաղաքակրթական ընտրությունը եւ, ամենայն հավանականությամբ, չի շեղվի Եւրաինտեգրացման իր ընթացքից, անգամ որոշ զիջումների կամ կորուստների գնով, ինչպես դա արել էր Վրաստանը վեց տարի առաջ: Ուկրաինայում, ի վերջո, ամեն ինչ լավ է լինելու` Ղրիմով կամ առանց Ղրիմի: Մեր մտահոգության առանցքն այսօր բոլորովին Ղրիմը կամ ՈՒկրաինան չէ, որ պետք է լինեն, այլ Ռուսաստանը: Ուկրաինան փոխվում է մեր աչքի առաջ, սակայն փոխվում է նաեւ Ռուսաստանը: Միայն թե փոփոխություններն ընթանում են միանգամայն հակառակ ուղղություններով: Ես այստեղ չեմ պատրաստվում խոսել ժողովրդավարության ու բռնապետության անհաշտ պայքարի մասին. դա այլ թեմա է: Մենք պայմանավորվեցինք խոսել բացարձակապես Հայաստանի շահերին համապատասխանող կամ հակասող զարգացումների եւ գործողությունների մասին: Եւ այսպես, մեր ռազմավարական դաշնակից, տնտեսական գործընկեր, զենքի մատակարար եւ խոպանչիների աշխատատեղ հանդիսացող Ռուսաստանն այսօր անշրջելի կերպով հակադրվում է ողջ քաղաքակիրթ աշխարհին: Կրկնում եմ` բոլորովին էական չէ այս պահին, թե որքանով է արդարացված սույն շրջադարձը հարավսլավական, սիրիական, ուկրաինական ողբերգություններով, դրանց մեկնաբանություններով կամ հետևանքներով: Մեզ համար կարեւոր է գործընթացն ու արդյունքը` 1991 թվականից սկսած, այսինքն համարյա քառորդ դարվա ընթացքում, առաջին անգամ Ռուսաստանը բաց մարտահրավեր է նետում Ամերիկային, Եւրոպային, Արեւելքի զգալի մասին՝ խախտելով իր իսկ կողմից վավերացված պայմանագրերն ու հակադրվելով ողջ համաշխարհային համակարգին: Մեզ համար կենսական նշանակություն ունի այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը հայտնվում է Ռուսաստանի սակավաթիվ դաշնակիցներից մեկի, եթե ոչ միակի դերում: Սա պատանդի կարգավիճակ է, եթե իրերն իրենց անուններով անվանենք: Ռուսաստանի բարեկեցությունն ու հզորությունը միանգամայն համընկնում է մեր գերագույն ազգային շահերի հետ, սակայն ողջ խնդիրն այսօր հենց այն է, որ շլացուցիչ արագությամբ Ռուսաստանը սլանում է այդ բաղձալի նպատակներից բոլորովին հակառակ ուղղությամբ՝ քարշ տալով մեզ իր հետ դեպի անդունդ: Եթե սա իրականության չափազանցում է, ապա՝ ոչ աղավաղում: Ստալինի օրոք եւ նրանից որոշ ժամանակ անց Սովետական Միությունը կարող էր նման շռայլություն իրեն թույլ տալ՝ բնակչության կիսաստրկական կարգավիճակի հաշվին սպառնալով ողջ աշխարհին իր հզոր բանակով: Այդ տարիներին ԽՍՀՄ անջատված էր մնացած աշխարհից երկաթե պատերով ու սեփական կարիքների համար արտադրում էր ամեն ինչ ինքնուրույն` թուղթ ու գրչից մինչեւ մեքենաներ ու սնունդ: Արդեն Խրուշչովը նահանջեց Կուբայից, համեմատելով ԱՄՆ-ի հետ հասունացող հակամարտության իրական գինը, արդեն Բրեժնեւը ստիպված էր ցորեն ու հաստոցներ գնել արտասահմանից, իսկ Գորբաչովին ծնկի բերելու համար Ռեյգանին բավական եղավ երեք անգամ իջեցնել նավթի գինը համաշխարհային շուկաներում: Այսօր, երբ Ռուսաստանի նախագահը շրջում է Մերսեդեսով, այլ ոչ թե Չայկայով, երբ ռուս մեծահարուստները արտերկրում են պահում իրենց փողերն ու ընտանիքները, երբ գրչից մինչեւ համակարգիչ, ողջ ապրանքատեսակները Ռուսաստանը ներկրում է արտասահմանից, որքանո՞վ է պատրաստ մեր ռազմավարական դաշնակիցը մեկուսանալ աշխարհից ու դիմակայել բոլորին միայնակ: Կամ մեզ հետ միասին: Որքանո՞վ ենք դրան պատրաստ մենք: 
Կարելի է հասկանալ աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկին, պարոն Պուտինին. նա, իր վեհության, իշխանության ու հարստության բարձունքից հենց ԽՍՀՄ փլուզումն է համարում ХХ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական արհավիրքը: Դա նրա խոսքերն են: Այսինքն, ոչ առաջին, ոչ էլ երկրորդ համաշխարհային պատերազմները, տասնյակ միլիոնավոր զոհերով, նրան այդքան չեն տպավորել, որքան իր տեսած ԽՍՀՄ համեմատաբար խաղաղ ավարտը: Հայերը երեւի չեն կարող համաձայնել նրա հետ, եթե միայն նրանք Ռուսաստանի հայերի միության անդամ չեն: XX դարի գլխավոր արհավիրքը մեզ համար Հայոց ցեղասպանությունն է: Հրեաներն էլ, երեւի, սեփական կարծիքն ունեն այս հարցի մասին եւ հիշատակում են Հոլոքոստը: Իսկ եթե պարոն Պուտինը ձգտեր ոչ միայն կերտել պատմություն, այլ նաեւ ուսումնասիրել այն, նա միգուցե կհիշեր, որ ուղիղ հարյուր տարի առաջ, 1914 թվականին, Ռուսաստանը նույնպես կատարեց մի ողբերգական սխալ եւ ներքաշվեց մի պատերազմի մեջ, որն իրեն բոլորովին անհրաժեշտ չեր, որի ընթացքում նա փայլուն հաղթանակներ տարավ սկզբից, բայց խայտառակ պարտություն կրեց վերջում եւ կործանվեց որպես կայսրություն հեղափոխության արդյունքում: Պե՞տք է, արդյոք, հիշեցնել, որ Հայոց ցեղասպանությունը կատարվեց հենց այդ պատերազմի շրջանակներում եւ հենց դրա պատճառով: Պե՞տք է, արդյոք, հիշեցնել, որ թուրքերը ոչնչացնում էին մեզ հենց ռուսների դաշնակից լինելու մեղադրանքով, եւ որ ամենասարսափելի կոտորածները սկսվեցին հենց ռուսական զորքի նահանջից հետո, երբ իր անվտանգությունն ու պաշտպանությունը ռուսներին հանձնած հայությունը անպաշտպան ու անպատրաստ մնաց թուրքի հետ դեմ առ դեմ... Սա Ձեզ ոչինչ չի հիշեցնո՞ւմ: Ես դեռ վեց տարի առաջ նույն այս հարցն էի տալիս «Սարդարապատ deja vu» իմ վավերագրական ֆիլմում... Ինչեւե...Անիմաստ է քննարկել Ռուսական կայսրության ճակատագիրն ուղիղ մեկ դար անց անշեղորեն կրկնող Ռուսաստանի Դաշնության քաղաքական քայլերը: Մեզ նրանք չեն լսի եւ ինչո՞ւ պիտի լսեն: Չէ՞ որ մեզ զավթած նախկին սովետական մանր պաշտոնյաներն այդպես էլ չաճեցին ու չհասան սեփական ազգի պատմության ու մշակույթի պաշտպանների մակարդակի, այդպես էլ մնացին քաղաքական գաջաճ ու օտարի ստրուկ: Քաղաքական կուսակցություններն ու դրանց առաջնորդները շարունակում են կերակրատաշտի իրենց փայի դիմաց սպասարկել ու օրինականացնել այս ազգադավ խունտան: Մեր փրկությունը կրկին միայն մեր ձեռքում է, ինչպես եւ Սարդարապատի ճակատամարտի օրերին, հայ ժողովուրդ:
Ներքին անհրաժեշտ ու անհետաձգելի միջոցառումների մասին ես գրել էի երկու օր առաջ, երջանիկ կլինեմ լսել ընկերներիս, ծանոթ ու անծանոթ քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները: Սակայն ոչ պակաս կարեւոր է տեսնել նաեւ արտաքին քաղաքական ելքերը, որ Ռուսաստանի անխուսափելի մեկուսացումն ու հակադրությունը ողջ աշխարհի հետ մեզ չգլորի անդունդը: Ուրեմն խիստ անհրաժեշտ է մեր գերագույն ազգային շահերից եւ երկրի ու պետականության անվտանգության կարիքներից ելնելով անմիջապես ստեղծել խուսանավելու համար քաղաքական ազատ տարածք, ոչ մի դեպքում չմիանալ առավել քան երբեւիցե կասկածելի «մաքսային» կամ այլ վերպետական մարմիններին, ի հեճուկս տեղական իշխանավոր ու ընդդիմադիր մառազմատիկների: Անհրաժեշտ է շտապ սկսել ուղիղ երկկողմ ու եռակողմ բանակցություններ Իրանի եւ Վրաստանի կառավարությունների հետ ճանապարհային, նավթային, գազային հաղորդակցման եւ փոխադրման ուղիների մասին, ինչպես եւ ռազմական փոխօգնության վերաբերյալ: Այս ամենը բոլորովին ողղված չէ Ռուսաստանի դեմ, այլ միտված է մեր կենսական եւ օրինական շահերի պաշտպանությոանը, ավելին` միգուցե հենց դա ուշ թե շուտ կօգնի նաեւ ռուսներին ներկայիս խորացող ճգնաժամից դուրս գալու համար...
Երեք տասնամյակ առաջ ԽՍՀՄ փլուզման հիմնական տնտեսական լծակն էր նավթը: ԱՄՆ եւ Սաուդյան Արաբիայի պայմանավորվածության արդյունքում նավթի գինը ու հետեւաբար սովետական բյուջեն նվազեց երեք անգամ մի քանի օրվա ընթացքում: Այն ինչ եղավ հետո, հիշում են բոլորը: Այս օրերին Արեւմուտքը ակտիվորեն բանակցում է նավթի ու գազի խոշորագույն պաշարներ ունեցող, մեր հարեւան ու բարեկամ Իրանի հետ նրա դեմ բազմամյա տնտեսական արգելքների ու պատժամիջոցների վերացման մասին: Իրանն էլ արդեն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կարող է իջեցնել նավթի համաշխարհային գները ներկայիս $100-ից մեկ տակառի համար մինչեւ $20: Պատկերացրեք՝ ինչպիսին կլինեն դրա արդյունքները Ռուսաստանի համար:
Ճանապարհը Երեւանից դեպի Իրան այսօր երկար է ու նեղ, հագեցած է շառավիղներով ու լեռնանցքներով: Շատ ավելի հարմար ու լայն է այն ճանապարհը, որը մի քանի օրվա ընթացքում կարելի է բացել Արցախի տարածքով: Այսպիսով՝ վերջնականապես լուծվելու է նաեւ մեր նորագույն պատմության առանցքային խնդիրը` Արցախի իրական միացումը Հայաստանին եւ տարածաշրջանին: Սա միայն մեր քաղաքական կամքից է կախված: Կարելի է ասել եւ այլ կերպ` այսօր մեր ազգի ներկան ու ապագան է կախված միայն մեր քաղաքական կամքից: Գործի անցնենք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել