Ամեն անգամ, երբ ես պաշտպանում եմ Հայաստանի ինքնիշխանության գաղափարը, որն, իմ կարծիքով, անհնար է առանց մեր երկրի հանդեպ Կրեմլի ազդեցության էական նվազման եւ եվրաինտեգրման խթանման, երբ ի ցույց եմ դնում Կրեմլի կայսերապաշտական անխոհեմ քաղաքականության արդյունքում Ռուսաստանի, իսկ արդյունքում նաեւ Հայաստանի համար ի հայտ եկող սպառնալիքները, որոշ ֆեյսբուքահայեր ինձ մեղադրում են հակառուս լինելու եւ անգամ Ռուսաստանը քանդելու ցանկության մեջ: Եւ դա այն բանի ֆոնի վրա, որ արդեն արտահայտել եմ իմ կարծիքն առ այն, որ Ռուսաստանի աշխարհաքաղաքական կործանումը չի բխում Հայաստանի շահերից:
Հարգելիներս, անգամ չեք կարող երեւակայել, թե ես որքան ռուսասեր եմ, մանկության տարիներից ինչ վառ եւ ջերմ փորձառություն ունեմ ռուսների հետ շփվելու, վերջապես՝ որքան եմ հիանում ռուսական մշակույթով, հատկապես գրականությամբ եւ երաժշտությամբ: Սակայն այս ամենը ի՞նչ դեր ունի մեր անվտանգության հարցում, որի գլխավոր սպառնալիքներից մեկը հենց կրեմլյան մերօրյա վարչակարգի անխոհեմ եւ կործանարար քաղաքականությունն է: Եթե ես լավ չճանաչէի շատ ռուսների մեջ առկա մեծապետական շովինիստի տեսակը՝ կմտածեի, որ այս քաղաքականությունը՝ ուղղված Ռուսաստանի բոլոր հարեւաններին, անգամ՝ արյունակից ազգերին վանելու, ռուսների հետ թշնամացնելու եւ սեփական երկրի ներսում հսկայական եւ տարատեսակ հինգերորդ շարասյուններ ստեղծելու (քաղաքական, ազգային, կրոնական, անգամ՝ սեռական) իրականացվում է դրսից ներդրված ինչ-որ դավադիրների կողմից: Սակայն մեր պարագայում դա արդեն էական էլ չէ, քանի որ պետք է հաշվի նստենք իրողությունների հետ: Իսկ իրողությունները մեր «ռազմավարական դաշնակցի» համար, Կրեմլի նման քաղաքականության պայմաններում, որեւէ լավ հեռանկար, իմ կարծիքով, չեն խոստանում:
Եւ Հայաստանի մտածող մարդիկ, հենց մեր ազգային շահերով մտահոգ, պարզապես պարտավոր են պահեստային տարբերակներ մշակել եւ ունենալ, որպեսզի եթե «հանկարծ» Ռուսաստանը 100 տարվա մեջ սա էլ 3-րդ անգամ սկսի քանդվել (ինչի հավանականությունը, ցավոք, փոքր չէ առաջիկա 3-10 տարիների համար. 1991թ.-ին այսօրվա համեմատ շատ ավելի թույլ Արեւմուտքը Սառը պատերազմում առանց կրակոցի հաղթեց այսօրվա Ռուսաստանի համեմատ մի կարգ ավելի հզոր Սովետմիությանը)՝ հերթական անգամ չհայտնվենք փլատակների տակ, սակայն «մեծ եղբոր առջեւ պատմական եւ եղբայրական պարտքը մինչև վերջ ու անձնվիրաբար կատարածի հոգեկան խորը բավարարվածությամբ»...