pxali_1Aravot.am-ը գրում է.

Վրացական խոհանոցի հետաքրքիր եւ համեղ ուտեստներից է փխալին, որը պահքի այս օրերին շատ տեղին եւ հարմար է: Փխալին պատրաստում են մի քանի տեսակի բանջարեղենից, բայց ամենահայտնիները կանաչ եւ կարմիր փխալիներն են: Դրանք պատրաստվում են համապատասխանաբար՝ բազուկի տերեւներից եւ արմատներից: Կանաչ փխալի պատրաստում են նաեւ սպանախից, կանաչ լոբուց: Կանաչ փխալիի համար մեզ պետք է 2 կապ բազուկի տերեւ կամ սպանախ 5-6 ճյուղ համեմ 1 գլուխ սոխ 3 պճեղ սխտոր 3/4-1 բաժակ ընկույզ Խմելի սունելի կամ ուցխո սունելի Համեմի սերմ Աղ Պղպեղ 3-4 գդալ բուսական յուղ 3-4 գդալ սպիտակ քացախ Սովորաբար կանաչ փխալի պատրաստելու համար հարկավոր է բազուկի տերեւները կամ սպանախը լավ լվանալ եւ տասը րոպե խաշել, ապա ջրքամել: Սակայն առաջարկում եմ չխաշել այդ նուրբ տերեւները, քանի որ խաշելու արդյունքում ե՛ւ վիտամիններն են կորչում, ե՛ւ մնացած օգտակար նյութերը անցնում են ջրին, որը մենք թափում ենք: Ընդհանրապես ես որեւէ բանջարեղեն խաշելուց աշխատում եմ հնարավորինս խուսափել, եւ եթե հնարավոր է՝ խաշելու փոխարեն ջեռեփել (ջեռոցում խորովել), շոգեխաշել կամ արագ տապակել: Այս դեպքում առաջարկում եմ բուսական յուղով շատ արագ տապակել բազուկի տերեւները կամ սպանախը: Բայց սկզբում տապակում ենք մանր կտրատած սոխը, կես բաժակ ընկույզը (իրական բաղադրատոմսում ընկույզն ուղղակի պետք է աղալ, բայց ինձ դուր է գալիս տապակած ընկույզի համը, այդ իսկ պատճառով ընկույզի կեսը նախապես տապակում եմ սոխի հետ), սխտորը եւ բազուկի տերեւների ներքեւի՝ կոշտ հատվածները: Տապակելու ընթացքում ավելացնում ենք նաեւ համեմունքները՝ սունելին, համեմի սերմը, պղպեղը: Ապա ավելացնում ենք տերեւները: Երկու-երեք րոպեի ընթացքում տերեւներն էլ են տապակվում, ավելացնում ենք աղն ու քացախը, եւս երկու րոպե քացախի հետ կշոգեխաշվի եւ բավական է: Անջատում ենք գազօջախը: Երբ մի փոքր սառչի, աղում ենք (կամ բլենդերով արագ հարում) այս զանգվածը՝ մնացած ընկույզի եւ կտրատած թարմ համեմի հետ: Պետք է խտությամբ հիշեցնի թթվասեր կամ քամած մածուն: Եթե զգաք ջրիկ է՝ աղացած ընկույզ ավելացրեք: Լցնում ենք ափսեի մեջ եւ զարդարում ընկույզով եւ նռով: Կարելի է նաեւ փոքրիկ գնդիկներ անել: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

pxali-3pxali_2pxali_1

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել