Հատված «Մեր մեծերը մեր հիմնախնդիրների մասին» գրքից

Նժդեհը, պարզելով իր ժամանակի հայ հանրության դժվարությունների իրական պատճառները, առաջարկել և փորձել է կիրառել հասարակության մտածողության վերափոխման մի լուծում: Նա գտնում էր, որ 
«...Ժողովրդի վերանորոգումը հնարաւոր է միայն ու միայն իր նորահաս սերունդի կամ էլ իր նախնիքների միջոցով: Դա նմանւելու մի սկզբունք է. դա ասել է` նմանւի°ր Մամիկոնեան հային, որ զօրաւոր էր դէպի հայրենի երկիրն ու ցեղը տածած սրբազանութեան զգացումով եւ նրանց համար մեռնելու իր աննահանջ կամքով:
Վերանորոգում ասել է մեր ներքին մարդու կաղապարումը, ըստ մեր նախասիրած պատկերի: 
Մեր ժողովուրդը, որ կորցրել է հայ եւ հայրենատէր մնալու իր հաւատը, որ աշխարհում այլեւս ելք, կեանքում հացից զատ այլ նպատակ չի տեսնում այսօր, փրկւել կարող է միայն ճշմարիտ վերանորոգումի ճամբով: Դա Մամիկոնեաններին նմանւելու ճամբան է»:

Իսկ դրա համար նախևառաջ հարկավոր էր ճշգրտորեն ձևակերպել այն խնդիրը, որը ծառացած է հասարակության առաջ և որը հարկավոր է լուծել վերջնարդյունքում: Նժդեհը դա անում է շատ հստակ և հատու.

«Բուն հայկական խնդիրը- դա օտար լծերի տակ ուծացած հայկական զանգվածները վերստին ազգի վերածելու մեջ է»:

Իսկ ազգի առջև դրված խնդիրը լուծելու համար հարկավոր է ունենալ մեծ մի գերնպատակ, դեպի որը գնալը կօգնի նաև լուծել բուն հայկական խնդիրը: Գերնպատակի վերաբերյալ Նժդեհը հետևյալն է նկատում. 

«Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդեալ -որպես մի յուրատեսակ ոգի, որը, իմաստ և վեհություն հաղորդելով նրանց կյանքին` փրկել է նրանց բարոյական փտությունից...
Նպատակն է թելադրում գերագույն պարտականություններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողություններ, որոնց մեջ կոփվում են անհատի և ժողովրդի լավագույն առաքինությունները, որոնց կատարողը, Աքիլլեսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վերքերը:
Նպատակն է բարոյապես շարժում անհատների ու ժողովուրդների: Նա փրկում է մահացու ճահճացումից և բարոյական անկումից: Անհատի և ազգի գոյության արևն է նպատակը: Նա լուսավորում է և ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ուժերը, լարում մեր կամքերը, և անդիմադրելիորեն քաշում մեզ դեպի իրեն, դեպի հաղթանակ: Դժվարին, բայց թագավորական է իդեալի ճանապարհը: Նրա ծայրին` դեպ իդեալի հեղեղ առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագավոր - ժողովուրդ»:

...Հայն իդէալի ժողովուրդ է, իսկ իդէալը ենթադրում է ոգու խռովք, նպատակասլացութիւն, լաւագոյնի կարօտ:
Աշխարհը տրուած է ոչ միայն վայելելու, այլեւ` կատարելագործելու, բարեշտկելու այն- ահա հայու աշխարհըմբռնումը, նրա էտիկական բարձր հասկացողութիւնը, որի հետեւանքով այնքան վաղ մարդկայնացաւ նա` կանխելով գրեթէ իր բոլոր հարեւաններին: Հայը հաւասարապէս տառապում է ինչպէս իր գոյութեան ծանրածանր պայքարի արդար ցաւից, այնպէս էլ` աշխարհի եւ մարդկային ազգի անկատարելութեան գիտակցութիւնից:
Նրա համար աշխարհը դեռ այն չէ, ինչպիսին կարող է լինել, եւ պէտք է որ լինի:
Մհերը` հայկական էպոսի հերոսը - իմա՝ ինքը հայ ժողովուրդը -մերժում է գոյութիւն ունեցող աշխարհակարգը` լաւագոյնի պահանջ զգալով եւ առաջադրելով»:


 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել