1in.am-ը գրում է.
Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանը ադրբեջանական գերությունից ազատ արձակվելուց օրեր հետո տեղափոխվեց Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց:
Այսօր «Առաջին լրատվական»-ն այցելեց հիվանդանոց: Մեզ հետ զրույցում հիվանդանոցի բժիշկ-ռեանիմատոլոգ Աննա Ղազարյանն ասաց, որ նա արդեն բոլոր անհրաժեշտ հետազոտություններն անցել է, դեռևս մեկ վիրահատություն պետք է տանի, դեռևս դժվար է հաղորդակցվում հարազատների հետ:
Մենք զրուցեցինք նաև նրա հարսի՝ Անահիտ Հարությունյանի հետ, ով ասաց, որ դեռ ոչինչ չի գիտակցում, չի ճանաչում դեռ. «Խոսում է, բայց նորմալ չէ, մեզ թվում է՝ ինքը դեռ պատկերացնում է՝ էնտեղ է, ասում ենք ջուր կուզե՞ս, սոկ կուզե՞ս, ասում ա՝ վադա, վադա»:
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հետ է վերադարձվել միայն մարտի 4-ին, նա ունի բազմաթիվ մարմնական վնասվածքներ, բացի այդ, շուրջ երեք տարի է՝ ի հայտ են եկել հոգեկան խնդիրներ:



