Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդույթների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար: Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք, ու բոլորը խոսում էին այդ մասին: Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը՝ Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում: Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ, որ փախցնի Թամարին: Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ, ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա: Քայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նասիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի: Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին ու այդ խարույկի լույսը տեսնելիս, տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը: Այդ խարույկի լույս պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն:

Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը: Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին.

- Ա՜խ, Թամար, ա՜խ Թամար:

Քայց պատասխան չստացավ ու խեղդվեց Վանի խիստ ալիքներում:

Այդ օրվանից Վան լճի կղզին անվանում են Ա՜խթամար՝ ի հիշատակ այս տխուր սիրո պատմության:

Աշխարհռչակ հայ դիզայներ  Գրիգոր Ջաբոթյանը, ում ներկայացնելու պատիվ Հարսանիք բլոգը արդեն ունեցել է, ցուցադրել է իր նոր հավաքածուն՝ աշխարհին ծանոթացնելով հայկական ամենառոմանտիկ և տխուր լեգենդին, որից էլ ոգեշնչված ստեղծել է հարսանեկան և երեկայան զգեստների իր հրաշք հավաքածու՝ «ԱԽԹԱՄԱՐԸ»: Իսկապես ոգեվորիչ է, որ ունենք աշխարհի ճանաչված դիզայների կողքին հավասար քայլող հայ դիզայներ, ով միջազգային հանրությանը ցուցադրում է հայ մշակույթի առանձնահատկությունը և պերճությունը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել