Երեկ ԲՀԿ գրասենյակում այդ կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ընդունել է ՀՅԴ ղեկավարներին ու քննարկել համագործակցության միասնական օրակարգի ձևավորմանն առնչվող հարցեր։
Հաջորդ շաբաթ Ծառուկյանին կհյուրընկալվեն ՀԱԿ և «Ժառանգության» ղեկավարները։
Մի փոքր ինտրիգ կա այն հարցում, թե արդյոք առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն անձամբ կգնա՞ Կանյաչնի, թե ՀԱԿ-ը կբավարարվի Լևոն Զուրաբյանի մակարդակով։
Չնայած այս ինտրիգը, զուտ բովանդակային առումով, պակաս հետաքրքիր է Լևոն Տեր-Պետրոսյանի հանրահավաքային վերջին ելույթից հետո, երբ նա, ըստ էության, գործընթացի առանցքային սուբյեկտ համարեց «հրաշալի քառյակին»։
«Հրաշալի քառյակի» առանցքն, իր հերթին, ԲՀԿ-ն է, որի առաջնորդի ուսերին ընկած է նոր ընդդիմության ձևավորումը:
Այս հանդիպումների բովանդակությունը պակաս կարևոր է. դրանցով ԲՀԿ-ն լեգիտիմացնում է ընդդիմության առաջնորդի իր կարգավիճակը։
Նոր կարգավիճակում Ծառուկյանն երկու ճանապարհ ունի։
Առաջինն այն է, որ օգտագործի խորհրդարանական մյուս երեք ուժերի գործոնը՝ իրեն ձեռնտու իշխանական դասավորություն, ԲՀԿ-ի մասնակցությամբ նոր մեծամասնություն ու կառավարություն ստանալու համար։
Երկրորդ ճանապարհն ավելի բարդ է ու ենթադրում է իրապես նոր ընդդիմության ստեղծում։
Սա կարող է բերել թե՛ Իվանիշվիլու էֆեկտի կրկնությանը, թե՛ Հայաստանի ամենաազդեցիկ օլիգարխի քաղաքական դևալվացիային։
Ինչևէ, մեկնարկը տրված է, սպասենք արդյունքներին…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել