Tert.am-ը գրում է.

ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանը չի կարծում, որ այսօր կնոջ իրավունքները ոտնահարված են և պնդում է, որ հայ կինը հասարակական կյանքում ներգրավված է այնքանով, որքանով բնությունից ստացած առաքելություն ունի։ Պատգամավորը Tert.am-ի հետ զրույցում հարց հնչեցրեց, թե օրինակ՝ զարմանալի չէր լինի, որ տղամարդը աշխատեր կարուձևի արտադրամասում, իսկ ձուլարանի մոտ կին կանգներ:

«Էնպես որ մեր մայրերը, քույրերը, կանայք հասարակական-քաղաքական կյանքում ներգրավված լինելով հանդերձ, ունեն իրենց մեծագույն առաքելությունը՝ նրանք մնում են մեր մայրերը և քույրերը»,- ասաց նա և նշեց, որ «անկախ մեր և ձեր ցանկությունից» կինն ավելի շատ այն ոլորտներում է, որը որ նախընտրում է. «Եվ ինքն ավելի շատ ոլորտն ընտրում է իր բնավորությանն ու էությանը համապատասխան»:


Վարդան Այվազյանի կարծիքով՝ այսօր հայ կանայք բավարար չափով ներգրավված են հասարակական-քաղաքական կյանքում։ «Որովհետև կինը կին է, դա Աստծո, բնության հրաշագործությունն է, ունի առաքելություն բնությունից ստացած: Բնականաբար նա այնքանով է ներգրավված, որքանով կա հասարակության մեջ»,- նշեց նա:

Հարցին, թե ըստ նրա՝ հայ կանայք ինչով են տարբերվում, Այվազյանը պատասխանեց. «Դե «ջան» միայն հայերն են ասում, մերոնք ուրիշ են, թեև ինչը սովորական է ինձ համար, տարօրինակ է ուրիշի համար, և հակառակը: Բայց հայ կինը ուրիշ է իր քնքշությամբ, հոգատարությամբ, իր առանձնահատուկ վերաբերմունքով տղամարդու նկատմամբ, ո՞նց կարելի է իրեն չտարբերել: Նրանց հայացքները ուրիշ են, բայց հասկանալու համար դուք պետք է տղամարդ լինեք»,- ասաց նա:


Վարդան Այվազյանն իր կնոջը հասցրել է շնորհավորել դեռ երեկ գիշեր, և առիթը բաց չի թողել շնորհավորել նաև մյուս կանանց։ «Շնորհավորում եմ բոլոր մայրերին, քույրերին, հայ կանանց, ցավում եմ, որ իրականում իրենք ինչի արժանի են հաճախ հնարավորություն չենք ունենում նվիրել: Կցանկանայի, որ ամեն հայ կին արժանանա իր կողակցի կողմից լավ վերաբերմունքի»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել