1in.am-ը գրում է.

Բազմազավակ ընտանիքների առջև ծառացած բազմաթիվ խնդիրներ կան, իսկ բազմազավակ հայ մայրն իսկական հերոս է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ շնորհավորելով բոլոր կանանց մարտի 8-ը:

«Բազմազավակության մասին նոր օրենքով մենք պիտի փորձենք հավատացնել բազմազավակ ընտանիքներին, որ պետությունը նրանց կողքին է, որ ամեն կերպ աջակցում է նրանց»,- ասաց նա:

Հեղինե Բիշարյանը խտրականություն որակեց այն հանգամանքը, որ մինչև երկու տարեկան երեխաների համար ամսական 18 հազար նպաստը տրվում է միայն աշխատող և երեխային խնամելու արձակուրդի անցած մայրերին: «Թեկուզ նպաստը չնչին է, սակայն պետք է հնարավորություն ընձեռել, որ նպաստ ստանան նաև չաշխատող կանայք»,- ասաց պատգամավորը:

Ասուլիսի մյուս բանախոս, ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը ևս, շնորհավորելով կանանց գարնան տոնը, հիշեցրեց, որ ԱԺ-ում աշխատող 14 կին պատգամավորներից 9-ը ՀՀԿ-ական են: «ԱԺ դերի բարձրացման գործում կանանց դերը շատ մեծ է: Մեր խորհրդարանում առճակատում չկա, կին պատգամավորներն աշխատում են համերաշխ: Խանդի և նախանձի դրսևորում նրանց միջև չկա»,- հավատացրեց պատգամավորը՝ հավելելով, որ բոլորովին պետք չէ, որ կանայք ձգտեն տղամարդկային որակներ ցուցաբերել, հակառակը՝ նրանք պետք է միշտ կանացի մնան: 

Մարգարիտ Եսայանը նաև առանձնահատուկ շնորհավորեց Արցախյան պատերազմի տարիներին և խաղաղ պայմաններում զոհված տղաների մայրերին:

Հարցին՝ ինչպիսի՞ն է ինքը տանը և ԱԺ-ում, Մարգարիտ Եսայանը նշեց, որ վատ տնտեսուհի է, քանի որ խոհանոցը չի սիրում, իսկ տան փոշին էլ, հնարավոր է, մաքրի շաբաթը մեկ անգամ: «Ընտանիքս ու խոհանոցը տուժում են, հետո ինչ կլինի՝ չգիտեմ»,- ասաց նա:

ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը, հակառակը, նշեց, որ խոհանոցում ստեղծագործելն իր տարերքն է, իսկ տնային գործերում իրեն հաճախ օգնում են ամուսինն ու որդին: «Կենցաղային գործերը հասցնում եմ քնելուս ժամերի հաշվին»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել