Բնակարանի պատճառով տղային չեն կարողանում բուժել  (լուսանկարներ)Hraparak.am-ը գրում է.

 

11-ամյա Կառլենը բառերը դանդաղ արտաբերելով բարեւում է, հետո ուշադիր նայելով քեզ՝ հասկացնում, որ միացնես լսողական սարքը, որ բարեւի պատասխանը լսի։ Բարեւելուց հետո գլուխը կախում է եւ տան մի անկյունում նստում ու ամեն ինչ ասող հայացքով հետեւում քեզ։ Լսողական խնդիրներ ունի, լսում է հատուկ սարքի օգնությամբ, բայց օրերով լսողական սարքը չի աշխատում, քանի որ մարտկոցները նստում են, իսկ ընտանիքն էլ գումար չի ունենում դրանք նորով փոխարինելու համար։ Լսողական խնդիրներից բացի, դժգոհոմ է տեսողությունից՝ 2 անգամ աչքի վիրահատություն է տարել, որից հետո վիտամինների պակասի պատճառով պարբերաբար ուշագնաց է լինում։

 «Լսողական խնդիրները սարքի միջոցով լուծված են, բայց տեսողությունը քանի գնում՝ վատանում է, վերջին վիրահատությունից հետո էլ սկսել է ուշագնաց լինել։ Բժիշկներն ասում են, որ թերսնման պատճառով է, պետք է կալցիումով հարուստ սնունդ օգտագործի, իսկ մենք օրվա հացն էլ չենք կարողանում հոգալ»,-ասում ընտանիքի մայրը՝ տիկին Աղավնին։ Գասպարյանների ընտանիքն ապրում է  Մալաթիա-Սեբաստիա համայնքի Սվաճյան 12 շենքում վարձակալված բնակարանում։ Կառլենի հիվանդության համար նախատեսված թոշակով եւ նպաստով կարողանում են տան վարձը վճարել՝ 40 հազար դրամ։

 Հայրը Մալաթիայի տոնավաճառում բանվորություն է անում, փորձում է օրվա հացի գումարն ինքնուրույն վաստակել, բայց օրական 2 հազար դրամով չի կարողանում անգամ սնունդ գնել։ «Ամբողջ օրն աշխատում է, բայց գումար չեն տալիս, շուկայում կաշկա քշելն էլ ունի իր բարդությունները, շուկայի տիրոջը գումար է տալիս, իսկ տակը մեզ չորուցամաք հացի փող է մնում»,-ասում է տիկին Աղավնին՝ հավելելով, որ բժիշկներն էլ Կառլենի ապաքինման համար պահանջում են լավ սնունդ։ Մոր խոսքով, Կառլենը դեռ այնքան էլ չի հասկանում, թե ինչ հագուստով է դպրոց հաճախում։ Սովորում է լսողական շեղումներ ունեցող երեխաների համար նախատեսված ներառական կրթության դպրոցում:

 «Ոչ հագուստ ունենք, ոչ էլ կոշիկ, եթե տանն ուտելու բան չենք ունենում, դպրոց չեմ ուղարկում, վախենում եմ ուշաթափվի»,- սրտնեղած պատմում է Աղավնին։ Տիկնոջ խոսքով, իրենք եթե մի փոքրիկ անկյուն ունենային, Կառլենին կկարողանային գոնե կիսով չափով վերադարձնել լիարժեք կյանք։ Բազմիցս բնակարան ստանալու համար նամակներ է գրել տարբեր կազմակերպությունների, նախարարությունների, քաղաքապետարան ու բոլոր տեղերից նույն պատասխանն ստացել, որ սոցիալապես անապահով ընտանիքներին բնակարանով ապահովելու ծրագիր չկա։

 

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել