Lurer.com-ը գրում է.
Քրիսթի Ուոլթոնը, ում կարողության հիմնական մասը բաժին է ընկնում նրա սկեսրոջ՝ Սեմ Ուոլթոնի կողմից հիմնված Wal-Mart ցանցին, Forbes հանդեսի վարկածի համաձայն՝ վերջին հինգ տարվա ընթացքում չորրորդ անգամ 36,7 մլրդ դոլար կարողությամբ դարձել է աշխարհի ամենահարուստ կինը: Այդ մասին վկայում է հրատարակության նորացված ամենամյա վարկանիշը:
Ուոլթոնը վարկանիշում առաջ է անցել LOreal ընկերության ժառանգորդուհի Լիլիան Բետանկուրից, որի կարողությունը գնահատվում է 34,5 մլրդ դոլար: Այսպիսով` Բետանկուրը կորցրել է մոլորակի ամենահարուստ կնոջ դիրքը, չնայած այն բանին, որ նրա կարողությունն ընթացիկ տարում ավելացել է ֆրանսիական կոսմետիկական հսկայի բաժնետոմսերի գների աճի շնորհիվ (2013 թվականին՝ 9 տոկոս):
34,3 մլրդ դոլարով երրորդ հորիզոնականում է հայտնվել Wal-Mart-ի հիմնադրի դուստրը՝ Էլիս Ուոլթոնը: Mars ընտանիքի երրորդ սերնդի ներկայացուցչուհի և հրուշակեղենի խոշորագույն համանուն ընկերության թոփ-մենեջեր Ժակլին Մարսը 20 մլրդ դոլար կարողությամբ հանգրվանել է չորրորդ հորիզոնականում:
Ջոնինա Ռայնհարթը, որը գլխավորում է ավստրալական Hancock Prospecting հանքագործական ընկերությունը, 17,7 մլրդ դոլար կարողությամբ զբաղեցրել է հինգերորդ տեղը: Վեցերորդ հորիզոնականում Սյուզաննա Քլաթենն է, որը եղբոր և մոր հետ միասին BMW ավտոկոնցեռնի 50 տոկոս բաժնի սեփականատերն է:
Միակ ռուսաստանցի կինը, ով տեղ է գտել Forbes-ի վարկանիշում, Ելենա Բատուրինան է. ընդհանուր վարկանիշում նա վերջին տեղը կիսում է 1 մլրդ դոլար կարողության տեր մի քանի տասնյակ մարդկանց հետ:
Ըստ Forbes-ի վարկածի՝ 2014 թվականին միլիարդատերերի համաշխարհային վարկանիշում տեղ են զբաղեցրել 172 կին` այն դեպքում, երբ անցյալ տարի նրանց թիվը 138 էր: Սակայն, կանայք դեռևս փոքրամասնություն են և Forbes-ի գլոբալ վարկանիշում, որի մեջ մտնում է 1645 մարդ, նրանց բաժինը կազմում է 10 տոկոսից փոքր-ինչ ավելին: