Panorama.am-ը գրում է.
Թեև համաշխարհային տնտեսությունը դանդաղորեն կայունանում է, սակայն կան ընդհանուր խնդիրներ, որոնք խիստ ռիսկային են և նոր որակի լուծումներ են պահանջում: Դրանցից է գլոբալ պետական պարտքի (աշխարհի բոլոր երկրների պետական պարտքերի գումարը) հիմնախնդիրը, որն այնքան էլ աբստրակտ մարտահրավեր չէ, որքան թվում է: Կրիտիկական բարձր մակարդակի հասած ինչպես պետական, այնպես էլ մասնավոր պարտքերը, կարող են փլուզել ֆինանսական և տնտեսական կայունությունը և բերել խոշոր տնտեսական ու սոցիալական ցնցումների: Նույնիսկ խոշոր պարտքային պարտավորվածություն ունեցող մեկ երկրի փլուզումը կարող է շղթայական փլուզում առաջացնել ամբողջ գլոբալ տնտեսական համակարգի համար: Չմոռանանք, որ վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը իր բնույթով հենց պարտքային ճգնաժամ էր: Դրա հաղթահարման լուծումները, այնքան էլ արդյունավետ չեն և գլոբալ պարտքի կուտակման միտումը շարունակվում է:
Այսօր գլոբալ պետական պարտքի աճի տեմպերը մի քանի անգամ գերազանցում են համաշխարհային ՀՆԱ-ի և բնակչության աճի տեմպերը: Պարտքի աճը կարևորվում է նրանով, որ երբ պարտքը աճում է ավելի արագ, քան տնտեսության աճի տեմպերը, ինչպես տեղի է ունենում վերջին տարիներին, ապա դա նշանակում է մեկ շնչին ընկնող պարտքային բեռի անընդհատ ավելացում, ինչպես նաև բարձր հարկերի գանձում ապագայում և եկամուտների նվազում: Ստորև կներկայացնենք պետական պարտքի (պետությունների արտաքին և ներքին պարտքերը միասին) ժամանակակից միտումները: Նշենք, որ մասնավոր պարտքերի, ինչպես նաև տնային տնտեսությունների պարտքերի հիմնախնդիրները նույնպես պակաս մտահոգություն չեն առաջացնում և դրանց միտումներին կանդրադառնանք մեկ այլ առիթով: Վերջին 10 տարիների ընթացքում պետական և մասնավոր պարտքերը միասին 80 տրիլիոն դոլարից հասել են և ներկայումս գերազանցում են 200 տրիլիոն դոլարը:
Պետական պարտքը (public debt), դա կառավարության և կենտրոնական բանկի փոխառություններն են բյուջեի դեֆիցիտը փակելու նպատակով: Եվ այսպես գլոբալ պետական պարտքը (world public debt) շարունակում է աճել, իսկ հարյուրավոր երկրների համար ավելի ու ավելի դժվար է դառնում ոչ միայն դրանց ծավալները նվազեցնել, այլ նույնիսկ կայունացնել: Այդ երկրները պարզապես ստիպված են փոխառնել ավելի շատ, որպիսզի սպասարկեն ընթացիկ պարտքերը: Այս պահին գլոբալ պետական պարտքի հաշվիչը ցույց է տալիս 57,5 տրիլիոն դոլլար (nationaldebtclocks.org): Միայն ԱՄՆ-ի (17.4 տրիլիոն դոլար) և Ճապոնիայի (10 տրիլիոն դոլար) պետական պարտքը միասին կազմում է գլոբալ պետական պարտքի մոտ կեսը, իսկ Եվրամիության պարտքի (14,6 տրիլիոն) հետ միասին կազմում է 42 տրիլիոն դոլար կամ պարտքի մոտ 75%-ը: Ինչպես տեսնում ենք գլոբալ պարտքային ծանրաբեռնվածության ավելացման հիմնական մեղքը ընկած է զարգացած երկրների կամ G7-ի վրա, և հատկապես ԱՄՆ-ի վրա: Իսկ մեկ շնչին ընկնող պարտքով ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են` Ճապոնիան, որը կազմում է 78 հազար դոլարը, Սինգապուրը` 59 հազար, ԱՄՆ՝ 55 հազար, Իռլանդիան՝ 52 հազար: Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել նաև երկու կարևոր ցուցանիշների՝ պետական պարտք/ՀՆԱ և բյուջեի պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունների վրա: Եթե զարգացող երկրներում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմում է 30-40%, ապա զարգացած երկրների համար այն 110% է: Սակայն զարգացող երկրների համար ցածր հարաբերակցությունը դեռևս չի ենթադրում, որ այս երկրների համար պարտքային ռիսկերը ավելի ցածր են և վտանգ չեն ներակայցնում: Իսկ բյուջեի պակասորդ/ՀՆԱ հարաբերակցությունը հատկապես մեծ է Իսպանիայում, Ճապոնիայում, Հունաստանում, Իռլանդիայում, որտեղ տատանվում են 8-10% սահմաններում (www.tradingeconomics.com):
Նախորդ տարիների համեմատ գլոբալ պետական պարտքի վիճակը ոչ միայն չի բարելավում, այլ նաև աճում է տարեկան 5-6%-ով: Ընդ որում տարբեր երկրներում դրանք աճում են տարբեր տեմպերով: Տնտեսապես զարգացած երկրների պարտավոր ությունները աճում են ավելի արագ տեմպերով, քան զարգացող կամ ցածր եկամուտներ ունեցող երկրներում (1-2%): Նշենք, որ պարտքային բեռը արագ տեմպերով աճում է Միացյալ Նահանգներում՝ 8%: Նախորդ տարվա համեմատ զգալիորեն աճել է Հնդկաստանում 17,8%, Չինաստանում 14,8%, Ռուսաստանում 15,3%, Բրազիլիայում 11,3%, Մեծ Բրիտանիայում 9,1%: Իսկ Եվրամիությունում այն կայունացել է և պարտքի աճի տեմպերը ներկայումս շատ ցածր են: Կան նաև երկրներ, որտեղ նույնիսկ կրճատվում են պետական պարտքերը, ինչպես օրինակ Հունաստանում`-14,4%, որը հիմնականում վարկատուների կողմից դուրս գրվող պարտքերի հաշվին է տեղի ունենում: Մի փոքր նվազել է նաև Ճապոնիայում և Իտալիայում 1-2% սահմաններում (www.economist.com):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



