Մի ամիս ու մի քանի օր է՝ ինչ մեր տանը ջուր չկա։ Ջուր չկա, որովետև մի ամիս առաջ մի երկու օր մինուս երեսուն սառնամանիք արեց, և էդ ընթացքում Ստեփանավանի ջրմուղը չֆայմեց, որ ջուր կտրել չի կարելի, հակառակ դեպքում կսառչի, և արդյունքում բազմաթիվ բնակիչներ զրկվեցին ջուր ունենալու ճոխությունց՝ նվազագույնը տասնհինգ օրով։ Էդ ընթացքում մենք, իհարկե, դիմել ենք ջրմուղ, շատ դժվարությամբ, մի քանի օր զանգել-զզվացնել-սպառնալուց հետո եկել են, բացել են միացման կետը և ասել են, որ ջուրը սառել է ներքին ցանցում, որի հետ իրենք գործ չունեն։ Էդ ներքին ցանցն էլ միացման (կամ բաժանման) կետից հողի տակով մինչև մեր տուն և մեր ջրաչափը ձգվող երկու հարյուր մետրանոց խողովակ է, որն ամենևին պարզ չէ, թե ինչով է ներքին ցանց։ Ինչևէ։ Հարևաններից մեկի ներքին ցանցը կարճ էր, մարդ կանչեց, խողովակները տոկի տվին, կոտրեցին սառույցը, մեր դեպքում դա հնարավոր չէր, մետաղապլասից են մեր խողովակները, ու մեզ մնաց սպասել գարնանը, որը Ստեփանավանում մայիսին է գալիս։ Այնուամենայնիվ, մենք լիահույս էինք, որ մեր բախտից տաք եղանակ կանի, ու ջուրը գարունից շուտ կգա։ Ամեն օր համբերատարորեն ջուր էինք կրում պուլպուլակից, որ մեր տնից մի վեց-յոթ հարյուր մետրի վրա է, և հավանասար ռեկորդներ էինք գրանցում հնարավորինս քիչ ջրով լողանալու, լվացք անելու, աման լվանալու, հատակը սրբելու հարցերում։ 
Ինչու եմ էսքան մանրամասն պատմում։ Մենք մի ամիս շարունակ ընդհանուր ջանքերով, ուժերի գերլարմամբ փորձում էինք ապահովել անհանրաժեշտ սանիտարա-հիգիենիկ պայմանները՝ այնպես, որ ջրի բացակայությունը չանդրադառնա դրանց վրա, սկզբում մեզ քիչ թե շատ հաջողվում էր, բայց էս մի ամսվա ընթացքում միևնույնն է՝ գաղջը սկսեց արմատներ գցել մեր տանը, և հիմա ոչ միայն հնարավոր չէ վիճակը գնահատել բավարար, այլև, որ ամենակարևորն է, փոփոխության են ենթարկվել և կտրուկ նվազել են մեր սանիտարա-հիգիենիկ պահանջմունքները։ Հարմարվել ենք էքստրեմալ ռեժիմին։ Բայց էքստրեմալ ռեժիմում երկար ձգել հնարավոր չի, և էս երկու օրը արդեն ահավոր հոգնածություն ենք զգում, ու նաև որոշում ենք ընդունել՝ փակել մեր դուռը ու գնալ, մի երկու ամսով տաք ու սառը ջրի հնարավորությամբ մի տուն վարձել։ Կարճ ասած՝ արտագաղըում ենք։)
Ու քանի որ երկրի հետ համեմատությունն արդեն անխուսափելի է, ասեմ էն, ինչ հավանաբար արդեն մտածեցիք ու ասելու կարիք չկա, և այնուաենայնիվ ասեմ՝ Հայաստանն էլ ճիշտ մեր տան նման է, որը ոչ թե մի ամիս, այլ քսան ու ավելի տարիներ ջրազրկված է։ Ու երբ մենք հիմա երանությամբ ենք հիշում իննսնականները ու էդ թվերի գործիչներին էսօրվա դրության տերերի հետ համեմատության մեջ չենք դնում, դա նրանց չի, որ էն թվերին ավելի լավ էր կամ գործիչներն էին լավը ու բարոյական (մեկ-երկու բացառությամբ), պարզապես դա դեռ սկիզբն էր, երբ դժվարությունները մեզ ժամանակավոր ու վաղանցուկ էին թվում, նաև հաղթահարելի, ու մենք ուժերի գերլարմամբ, էքստերմալ ռեժիմի անցած, փորձում էինք մաքուր պահել մեր տունը ու մեզ, բայց էն ժամանակ էլ պիտի որ պարզ լիներ, որ այդպես շարունակվելու դեպքում մոտալուտ գաղջը անխուսափելի է լինելու՝ դրանից բխող հետևանքներով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել