«Կենդանուն չեն պահում պատժիչ գործողությունների համար, կենդանուն պետք է սիրես, որ պահես»

Irates.am-ը գրում է.

ՆԱԶԻԿ ԱՄԻՐՅԱՆ (ղարաբաղյան պատերազմի մասնակից, Մանվել Գրիգորյանի տիկին)

-Տիկին Նազիկ, հե՞շտ է լինել Մանվել Գրիգորյանի կինը:

-Այո:
-Որտե՞ղ եք շատ ավելի ընդհանուր, որտեղ` շատ տարբեր:
-Դժվար հարց է. ցանկացած պարագայում և՛ այն կա, և՛ այն:
-Բա՞րդ տղամարդ է ինքը:
-Չէի ասի:
-Մարտի 8-ին ընդառաջ չեք ուզում, է՞լի, իր «այիբները» ներկայացնել: Օրինակ, որ եկավ պառլամենտ, ասաց` ինչ դուրս չեկավ, «ուշունց» եմ տալու։ Հաճա՞խ է տանն «ուշունց» տալիս:
-Չէ՛-չէ՛-,չէ՛, ահագին մեղմ է:
-Նրա բնավորության ո՞ր գիծը, որպես կին, կարողացաք հղկել, որը` ոչ։ Դե, մենք` կանայքս, դա սիրում ենք անել:
-Կասեի` դժվար է դա անելը, իր բնավորության բոլոր գծերը կայացած-ավարտված են:
-Ո՞ր դեպքերում է ինքն ավելի ծանր, դժվար, որ ասում ես` գլուխս առնեմ, փախչեմ. բոլոր ընտանիքներում էլ նման բաներ լինում են: 
-Ճիշտն ասած, որ ներկայացնեմ էդպես ծանր, ինքն էդքան ծանր չի, եթե ճանաչում ես, գիտես իրեն. իր պահանջները, սովորույթները, էդ վիճակը չի կարող լինել: ՈՒշադիր է, նաև հոգատար բավականին, երեկոյան երեխաներին, թոռներին հավաքում է իր շուրջը, խաղում են, ծիծաղում, զբաղվում ինչ-որ բանով:
-Իսկ ռազմի դաշտո՞ւմ: Միասի՞ն եք եղել: Ո՞րն է եղել ձեր կյանքի ամենաքաղցր ժամանակաշրջանը, քանի՞ տարի է՝ ամուսնացած եք:
-Բավականին երկար` քսանչորս տարի: Մեր կյանքի ամենաերջանիկ պահը եղել է երևի թե մեր երեխաների ծնունդը, իսկ անցած ճանապարհի առումով, երևի թե, ռազմի դաշտը. ողջը միասին ենք անցել:
-Բզիկներ չունի՞, որպես տղամարդ։ Ոնց որ մի քիչ ունի:
-Համենայն դեպս ընտանիքում էդպես չի դրսևորվում: Բզիկներ չէի ասի, բայց շատ պահանջկոտ է:
-Ասում են` ում հասնում, անունը Վազգեն է դնում, գնում է հարևանների, քավոր-սանիկների տները, ապսպրում` նորածնի անունը փոխել, Վազգեն դնել:
-Չէ՜, չէ, մենք որ ընդամենը մեկ Վազգեն ունենք:
-Մեկ էլ ասում են` փողոցը փակում է, ասում է` էստեղով չանցնեք. «շլագբաում» է դրել:
-Չէ, ոչ թե ասում է` էստեղով մի անցեք, այլ ուղղակի ասում է` կարգ ու կանոն կա, և եթե էս փողոցը նախատեսված չէ էդպես անցնելու համար, ուրեմն մի անցեք: Եթե կայանելու համար չի նախատեսված, ուրեմն մի կանգնեք: Ինձ թվում է՝ նման բաները բզիկություն չեն:
-Իսկ որ լիքը-լիքը կենդանիներ է պահո՞ւմ:
-Իսկ ինձ թվում է` դա լավ բան է: Երեխաներն էլ են կենդանիներ շատ սիրում. փոքր աղջիկս երեք շուն ունի:
-Տղան էլ «կասսա» ունի։
-ՈՒնի, երեխայական հետաքրքրություն է լոկ:
-Բայց դե, մարդ էլ կա՝ առյուծ է սիրում, առյուծ է պահում, ով դուրը չի գալիս, առյուծի մոտ է գցում։
-Կենդանուն չեն պահում պատժիչ գործողությունների համար, կենդանուն պետք է սիրես, որ պահես:
-Ձեր ամենախոշոր կենդանին ո՞րն է:
-Արջը:
-Սեփական ա՞րջ ունեք:
-Այո:
-Ձեր ամենամեծ երազա՞նքը որն է` Մարտի 8-ի շեմին:
-Որպես այդպիսին՝ երազանք չունեմ:
-Բոլորն իրականացե՞լ են:
-Ոչ թե իրականացել են, այլ մեծ պահանջներ չունեմ:
-Թե՞ Դուք էլ սպարապետ-Վազգենի սինդրոմն ունեք. նա ասում էր` վախեցեք ձեր երազանքներից, դրանք իրականանում են:
-Չգիտեմ…

 Ճեպազրուցեց` Կարմեն ԴԱՎԹՅԱՆԸ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել