Cosmo.am-ը գրում է.

Հումորիստ Գարիկ Պապոյանի հետ մեր՝ Cosmopolitan-ի, այս հարցազրույցում խոսեցինք գենդերային հավասարության և հավասար հարաբերությունների մասին այլ տեսանկյունից: Մի կողմում ավանդույթներն են ու պահպանողական դիրքորոշումը, մյուսում` անընդհատ փոփոխվող ու զարգացող կյանքը ... Եվ դրանց հավասարակշռության ու հավասարության վերաբերյալ Գարիկն ունի իր սեփական տեսակետը:

- Վերջերս ավելի ու ավելի շատ են խոսում գենդերային հավասարության, կանանց իրավունքների ու դրանց պաշտպանության մասին: Արդյո՞ք այսօր կանայք ունեն իրենց իրավունքների պաշտպանության կարիքը:

- Ես չեմ կարող ասել, որ կանայք ունեն իրավունքների պաշտպանության կարիք շատ ավելի` քան տղամարդիկ, որովհետև, առհասարակ, Հայաստանում մարդն այնքան պաշտպանված չէ, որ տարբերենք կինն է ավելի շատ պաշտպանված, թե տղամարդը: Ամեն դեպքում լինի տղա, թե աղջիկ, եթե մարդ զգում է, որ իր իրավունքները կարիք ունեն պաշտպանվելու, ուրեմն, պետք է դրանք պաշտպանել:

- Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկել կնոջ իրավունքների պաշտպանության ոլորտում, բարոյախրատակա՞ն, օրենսդրական դաշտի փոփոխություննե՞ր: Ի՞նչ կառաջարկեք: Ի՞նչպես կարող են կանայք պայքարել իրենց իրավունքների համար:

- Հայաստանում մեծ խնդիր է սեփական իրավունքը ճանաչելը: Շատ անգամ մենք տուժում ենք, քանի որ չգիտենք, թե որոնք են մեր իրավունքները: Եթե հնարավոր լիներ դպրոցում, համալսարանում կամ ինչ-որ հեռուստահաղորդման միջոցով մարդուն ծանոթացնել սեփական իրավունքներին, շատ անգամ այդ պաշտպանության կարիքը չէր էլ լինի: Երբ դու գիտես, որ դու ունես իրավունք սա անելու դու կանես, իսկ դիմացինդ, իմանալով, որ դու գիտես քո իրավունքները, չի էլ փորձի քեզ ճնշել: Այսօր լուրջ կարիք կա իրազեկելու մարդկանց իրենց իրավունքների մասին:

- Ինչ՞ու է տղամարդը, ով մեծ հաշվով պետք է պաշտպանի իր թույլ ու անպաշտպան կնոջը, հաճախ ինքն է բռնություն գործում կնոջ հանդեպ:

- Ընտանիքում բռնություն կիրառող, կնոջ վրա բռնացող տղամարդուն ես, առհասարակ, տղամարդ չեմ համարում: Ես կարծում եմ, որ և՛ կինը, և՛ տղամարդը ընտանիքում, հարաբերություններում յուրաքանչյուրն ունի իր ֆունկցիաները: Տղամարդու բազմաթիվ ֆունկցիաներից մեկն էլ հենց կնոջը մեծարելն է, պաշտպանելը ու երբեք կնոջ հանդեպ ուժ չգործադրելը:

- Ինչպե՞ս եք վերաբերվում հավասար հարաբերություններ գաղափարին: Պատրա՞ստ եք կնոջ հետ կիսել ընտանեկան պարտականությունները և կենցաղում ստեղծել հավասարություն:

- Ճիշտ է` ընտանիքում կինն էլ ունի իր ֆունկցիաները, տղամարդն էլ, բայց այդ ֆունկցիաները միանշանակ չեն բոլոր ընտանիքների համար ու դրանք ընտանիքում պետք է բալանսի մեջ լինեն: Պետք չէ` ամեն ինչ կինն անի, որովհետև դա կնոջ պարտականությունն է: Եթե հարցը հասնում է կենցաղային գործերին, ապա տղամարդն էլ կարող է կենցաղային գործ անել ու դրա մեջ ամոթ բան չկա: Պարզապես, ընտանիքում այդ պահին կա կարիքը, որ տղան էլ օգնի:

- Ի՞նչ դեր ունի հայրը երեխայի կյանքում: Կարո՞ղ է արդյոք միայնակ մայրը լրացնել հոր պակասը և մեծացնել ու ճիշտ դաստիարակել իր երեխային: 

- Երեխայի կյանքում հայրն էլ, մայրն էլ ունեն կարևորագույն դեր, ու նրանց պարտականությունները երեխայի հանդեպ հիսուն-հիսուն են բաժանված: Երբ ընտանիքում ծնողներից մեկը բացակայում է և մյուսը փորձում է նրա ֆունկցիաների որոշ մասը վերցնել իր վրա, միևնույն է, նա չի կարող զբաղեցնել այն տեղը, ինչ որ այդ բացակայող ծնողը կզբաղեցներ: Միայնակ հայրը երբեք մոր տեղը չի կարող լրացնել, նույնկերպ` մայրը չի կարող փոխարինել հոր տեղը:

-Ինչ՞ու որոշումներ կայացնելիս, կնոջ կարծիքն ու ձայնը հաճախ հաշվի չի առնվում: Արդյո՞ք կինը բավարար խելացի չէ կարծիք ունենալու համար:

- Կարծում եմ` սա եկել է ավանդաբար: Մի ժամանակ, երբ մեզ մոտ տղամարդն էր որոշում կայացնում դա դիտվում էր նորմալ: Այդ ժամանակ այդպես է ճիշտ եղել, և կինը չի զգացել, որ իր իրավունքները ոտնահարվում են: Նա ընդունել ևհամարել է, որ դա է ճիշտ: Ժամանակները փոխվել են ու եկել են ժամանակներ, երբ կինը զգում է, որ իենքն էլ պետք է խոսի: Կարծում եմ` ամեն ինչն էլ պետք է արդիականացվի, նույնիսկ ավանդույթները ժամանակի ընթացքում հնանում են: Ավանդույթն էլ է ժամանակը թելադրում, իսկ հիմա անցել են այդ ժամանակները: Ինչքան էլ ավանդապես գալիս է, որ տղամարդու խոսքը ավելի կարևոր է ընտանքում, չի նշանակում, որ կինը պետք է խոսք չունենա. կարծում եմ` ընտանիքին վերաբերող որոշումների կայացման գործում երկուսն էլ պետք է ունենան հավասար ձայներ:

- Հնարավո՞ր է ստեղծել ժամանակակից ընտանիք չհակասելով ազգային ավանդույթներին:

- Միանշանակ` հնարավոր է, բայց ավանդույթները պետք չի անգիր անել, որովհետև կա ընտանիք, որի դեպքում դրանք կարող են չաշխատել ու արդյունքում` զույգերը կլինեն դժբախտ: Ամեն նոր ընտանիք պետք է հարմարեցնի և ստեղծի իր ընտանիքի նոր ավանդույթները: Այդ ավանդույթներն էլ կարող են ձևավորվել երկու ընտանիքների` աղջկա և տղայի ավանդույթները միաձուլելով:

- Ինչ՞ու է տղամարդկանց համար այդքան դժվար ընդունել սեփական սխալը:

- Ընդունում եմ, որ կա այս խնդիրը: Սա էլ երևի մեզ մոտ գենետիկ է եկել: Հեռու անցյալում չէր, երբ միայն տղամարդու խոսքն էր ընտանիքում անցնում: Հիմա մենք դեռ ադապտացվում ենք: Մենք` տղաներս, կամաց-կամաց ենք զիջում մեր տեղը: Ես ինքս սովորում եմ հետևանքների վրա: Եթե ես գիտեմ, որ սխալ եմ ու չընդունեմ իմ սխալը, և դրա արդյունքում իմ ընտանիքում կա վատ մթնոլորտ, նեղացած, խռոված կին, ում ես սիրում եմ, ես մյուս անգամ էլ այդպես չեմ անի, որովհետև իմ քայլով` չընդունելով իմ սխալը, ես վիրավորում եմ մեկին, ում սիրում եմ:

- Ի՞նչ դեր կարող է ունենալ հասարակության կարծիքը զույգերի հարաբերություններում:

- Ես կարծում եմ, որ հասարակության կարծիքը պետք է հաշվի առնել, եթե նույնիսկ մի հոգի կա կողքդ նստած, դու նրա կարծիքն էլ պետք է հաշվի առնես: Բայց հաշվի առնել ու այդ կարծիքով ապրելը ես տարբեր բաներ եմ համարում: Մեզ մոտ կա այդպիսի խնդիր, մենք ոչ միայն հաշվի ենք առնում հասարակության կարծիքը, այլև` գերի ենք դառնում դրան: Շատ անգամ հենց զույգերը դրանից տուժում են:

- Արդյո՞ք կնոջ ուժեղ և ինքնուրույն լինելը կարող է խանգարել տղամարդուն կատարել իր պաշտպանական գործառույթը:

- Այո՛, շատ դեպքերում հենց կինը պետք է թույլ տա, որ տղամարդը օգնի իրեն: Մենք գիտենք, որ երկուսս էլ ոտք ու ձեռք ունենք, գլուխ ունենք ու շատ ուզենք առանց իրար կապերնք, բայց մեր ներքին աշխարհը դրա պահանջը ունի: Կարող է ուժեղ բնավորությամբ կինը դա ժխտի` ասելով ես կարող եմ ինքս ինձ ու իմ իրավունքները պաշտպանել, բայց սիրտը հո գիտի, որ ունի դրա կարիքը: Բնությունն է մեզ այդպես ստեղծել. կինն ու տղամարդը ունեն իրենց տեղերը և դրանով է աշխարհում պահվում բալանսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել