Tert.am-ը գրում է.
Գյուղատնտեսական խնդիրների վերաբերյալ ԱԺ լսումների ժամանակ, որին մասնակցում էր նաև Հովիկ Աբրահամյանը, ներկա գյուղացիներից մեկը գյուղնախարար Սերգո Կարապետյանին ստախոս անվանեց, ինչից հետո ԱԺ նախագահը միջամտեց. «Քեզ կոռեկտ պահի, քեզ էլ գիտեմ, քո կենսագրությունն էլ»։
Իրարանցման պատճառը Կառավարության սերմնաբուծության ծրագիրն էր, որից 107 ֆերմերներ, իրենց խոսքով, տուժել են, արդյունքում գրավադրված է մնացել նրանց ունեցվածքն ու տունը։
Արարատի մարզից քննարկմանը ներկա ֆերմերներից Արտյոմ Վարդանյանը նշեց, թե 2011-2012 թթ մասնակցել է այդ ծրագրին՝ ևս 255 հոգու հետ։ Նա և ևս 107 հոգի նշում են, որ նախարարությունն իրենց խաբել է՝ բարձրորակ էլիտար սերմի փոխարեն առաջարկելով վատորակ, առանց փորձարկման սերմ։
Իր հերթին նախարար Սերգո Կարապետյանը հայտարարեց, թե ինքն իր ելույթի ժամանակ ներկայացրել է ծրագրի արդյունավետությունը և որ իրենք բարձր արդյունքներ են ապահովել:
Այնուամենայնիվ, ըստ Արտյոմ Վարդանյանի՝ ծրագրին մասնակցելով 21 հա ցորեն է ցանել և բերք չի ստացել, ինչպես նույն ծրագրին մասնակցած 107 ֆերմերներ։ «Անկախ հանձնաժողով կազմեցին, եկավ, ասեց՝ եղանակը ֆորս-մաժոր ա, անբարենպաստ ա եղել ու էդ արդյունքում մեկ էլ նշեցին, որ կարող է սերմերի ոչ ճիշտ ընտրության հարցը լինել։ Վերջը, հանձնաժողովը գնաց, արդյունքում մեզ դատի են տվել, էս պահի դրությամբ դատի տակ ենք, ամբողջ ունեցվածքը կալանքի տակ է դրված, մենք թվեր ենք լսում։ Շատ հետաքրքիր ա էդ թվերը լսել, մեծ մասը հողագործության հետ կապ չունեն...»,-բորբոքված նշեց գյուղացին։
ԱԺ նախագահի Հովիկ Աբրահամյանն այստեղ միջամտեց. «Հարցդ տուր, գնահատականներ մի տուր»։
Սերգո Կարապետյանը նշեց, թե հողագործները բերք չեն ստացել իրենց մեղքով, քանի որ մշակության աշխատանքները բավարար չեն կատարել և ագրոտեխնիկայի կանոնները խախտված են։
«Ասենք՝ ցանքի ժամկետն է խախտված, իհարկե, դրան նպաստել են նաև բնակլիմայական պայմանները, մշակության աշխատանքներ. սա միայն սերմից չի կարելի ասել, նույն սերմից նույն հարևանը բարձր սերմ է ստացել, նույն սերմը 11 թվականին հավաքել, տվել ենք 12 թվի համար, նորից ռեկորդային բերք ենք ապահովել էդ նույն սերմով: Մարդ կա, սերմը գցում է հողը ու մեկ էլ աշնանը գնում է հավաքելու, էդպես մարդիկ էլ կան, իսկ ով որ մշակում է, շատ լավ բերք է ստանում»,-ասաց նա և հարց հնչեցրեց, թե ինչպես կարող է մի հողագործը բարձր բերք ստանալ, մյուսը՝ ցածր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



