Armsport.am-ը գրում է.
Ռուսաստանի հավաքականի հետ խաղով ավարտվեց Վարդան Մինասյանի մարզչական գործունեությունը Հայաստանի ազգային հավաքականում:
Հայաստանի ազգային հավաքականը մինչ օրս գլխավորած 14 մարզիչներից ամենաերիտասարդը` 40-ամյա Վարդան Մինասյանը բոլորից երկար` 5 տարի աշխատեց մեր ընտրանիում:
Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպումը Վարդան Մինասյանի գլխավորությամբ մեր հավաքականի անցկացրած 42-րդ խաղն էր: Այդ հանդիպումներից 14-ն ավարտվել է մեր հավաքականի հաղթանակով, 4-ում գրանցվել է ոչ-ոքի, 24-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են: Հայաստանի հավաքականը խփել է 56 գնդակ, բաց է թողել 62 գոլ:
Վարդան Մինասյանի օրոք մեր ֆուտբոլիստներն առավել հաջող են հանդես եկել ընտրական մրցախաղերում` վաստակելով հնարավոր միավորների 40,7 տոկոսը, աչքի ընկնելով արդյունավետ խաղով, ունենալով խփած և բաց թողած գնդակների դրական տարբերություն: 2012թ. Եվրոպայի և 2014թ. աշխարհի առաջնությունների ընտրական մրցաշարերում Մինասյանի օրոք ցույց տված արդյունքները լավագույնն են հավաքականը գլխավորած մարզիչների մեջ:
Իսկ ահա ընկերական մրցախաղերում Վարդան Մինասյանի արդյունքը ցածր է: Նրա գլխավորությամբ անցկացրած ընկերական 15 հանդիպումներից միայն 4-ում է հավաքականը հաղթել (Ուզբեկստան` 3:1, Կանադա` 3:1, Ղազախստան` 3:0, Լիտվա` 4:2)` վաստակելով հնարավոր միավորների 28,8 տոկոսը:
Ընդհանրապես ընկերական հանդիպումներում Հայաստանի հավաքականը հաջող հանդես չի գալիս: Մինչ օրս անցկացրած 58 հանդիպումներից միայն 18-ում են մեր ֆուտբոլիստները հաղթել, 11-ն ավարտել են ոչ-ոքի, 29-ում պարտվել են: Հայաստանի հավաքականը խփել է 53 գոլ, բաց է թողել 97 գնդակ: