Ղրիմի Ինքնավար Հանրապետության շուրջ ռուսական կողմնորոշում ունեցող շրջանների համախմբումը գնալով աճում է. ավելի ու ավելի շատ մարզեր, քաղաքներ և տարատեսակ համայնքներ ցանկություն են հայտնում մտնել Ղրիմի կազմի մեջ: Ղրիմի Գերագույն խորհրդի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը հայտարարել է, որ Սևաստոպոլում մտադրություն ունեն մտնել ինքնավար հանրապետության կազմի մեջ, եթե մարտի 30-ին կայանալիք հանրաքվեի ժամանակ թերակղզու բնակիչները քվեարկեն հօգուտ «լիազորությունների ընդլայնման»: Այդ կապացությամբ հանրապետական նշանակություն ունեցող այդ քաղաքում որոշում է կայացվել Ղրիմում կայանալիք հանրաքվեին զուգահեռ նույնպես անցկացնել հանրաքվե՝ այդ որոշումը լեգիտիմացնելու նպատակով: Կոնստանտինովը ասել է, որ Գերագույն խորհուրդը պատրաստ է քննարկել ինքնավարության կազմում ընդգրկվելու Սևաստոպոլի նախաձեռնությունը: 

Դատելով արագ ընթացող ուշագրավ իրադարձություններից` կարելի է եզրակացնել, որ իրավիճակը Ուկրաինայում ոչ թե չի կայունանում, այլ գնալով ավելի ու ավելի է սրվում: Արևմուտքն ու Ռուսաստանը կարծես ամեն օր կամ էլ ամեն ժամ ինչ-որ բաների շուրջ բանակցում են, ցանկանում են լուծումներ գտնել լարվածությունը թոթափելու, մեղմելու համար, բայց իրականում Ուկրաինան գլորվում է դեպի անդունդը: Ընդ որոմ, երբ ասում եմ անդունդ, նկատի չունեմ միայն այն, որ առկա է տարածքային ամբողջականության խախտման և դրա արդյունքում առաջացած աղճատված պետության հեռանկար Ուկրաինայի` որպես պետության համար: Այստեղ խնդիրը շատ ավելի ընդգրկուն է: Պոտենցիալ անդունդը կարելի է տեսնել, եթե խնդիրը դիտարկենք ցանկացած տեսանկյունից՝ լինի դա տարածքային, տնտեսական, թե հումանիտար: Բայց այս ընդհանրական անդունդը հարցի մյուս կողմն է: Վերադառնանք «ռուսական» շրջաններում, մասնավորապես Ուկրաինայի հարավում տեղի ունեցող զարգացումներին: 

Ղրիմի շուրջ կոնսոլիդացիային զուգահեռ բուն ինքնավարության տարածքում, մենք ականատեսն ենք լինում պետական համապատասխան կառույցների, մասնավորապես ուժայինների ձևավորման գործընթացին (ազգային անվտանգության ծառայություն, ներքին գործերի նախարարություն, գլխավոր դատախազություն, պաշտպանության նախարարություն և այլն): Տարվում են այնպիսի գործընթացներ, որոնք Ղրիմի` որպես անկախ սուբյեկտ լինելու հեռանկարն այլևս դարձնում են անշրջելի: Այլ կերպ ասած, ես այժմ չեմ պատկերացնում, որ Ղրիմը (անկախ նրանից՝ ի վերջո կմիանան այդ հանրապետությանը այլ շրջաններ և քաղաքներ) կարող է կրկին ենթարկվել Ուկրաինայի կենտրոնական իշխանություններին: Կարճ ասած, մի բան հստակ է, որ Ուկրաինան կարող է արդեն մոռանալ իր տարածքային ամբողջականության դե ֆակտո վերականգնման մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել