Ազգս հայոց, տարված լինելով ֆեյսբուքածին նեոզարթոնքի եզրերը քննարկելով, վիրտոալ պատերի վրա կոչ-պատգամներ մխելով և չմեռնող ճշմարտության այլևայլ դրսևորումների փնտրտուքով, բաց թողեց մի կարևոր նորություն. բոզոնը գտան։ Հա, հենց էդպես, վերցրին ու գտան։ «Վա՜յ, բոզոնը…». չաքուջով բութ մատին հերթական անգամ հագցրած փինաչի կոշկակարի նմանությամբ, կամ մոտավորապես էդպես գոչեցին ՑԵՐՆ-ի մի քանի ակնոցավոր գրանտակեր գիտնականներ (ամբողջ աշխարհի գիտնականները բոլորն էլ գրանտակեր են, ի դեպ, ու արի ու տես դա չի խանգառում տարբեր բոզոններ գտնել), ու վազեցին ի լուր աշխարհին էս ավետիսը կամ բոթը հաղորդելու։ Իսկ աշխարհը, համենայն դեպս դրա 0.02 հայախոս տոկոսը խառն էր. մի երկու անգամ շեյրեց ու գնաց ուրիշ բաներ շեյրելու։
Հիմի կասեք՝ շուրջբոլորն էնքան բացահայտ բոզոններ ու դրանց սերունդներ են հայտնվել, որ դրանց մի անտեսանելի ու անհասկանալի տեսակի հայտնագործությունից ի՞նչ քյար։ Քյար, որպես էդպիսին, չկա։ Ուրիշ բան, որ բացահայտվեց հենց էդ «քյար» հասկացության գոյության պատճառն։ Ես եմ էդպես կարծում, չնայած ինձ գրանտ չեն տվել, այսինքն էդ քյարից չունեմ, ավաղ։
Ուրեմն էսպես. էս տողերս գրելուց ուղիղ տասնչորս միլիարդ տարի առաջ, եթե անտեսելու լինենք էս ամառային ժամանակին չանցնելուց կորած մի ժամն էլ, մեծ գմփոց եղավ։ Գիտե՛ք՝ ինչի մասին եմ ասում։ Գմփոց դու գմփոց. սովորական գմփոց չէր, այլ աշխարհակազմիկ։ Նյութն ու չնյութը, այդինքնհականյութը դուրս պրծան անասելի փոքր, անասելի խիտ մի կետից ու ստեղծցին տիեզերքը։ Էն ժամանակ էդ «տի» նախածանցն իսկի լեգիտիմ էլ չէր, հալբաթ։ Լցրին, լավ արին։ Բայց արի ու տես, որ աշխարհի արարման էդ՝ տասի մինուս եսիմքանի միլիարդերորդ վայրյանից ի վեր սկսվեց նյութի ու հականյութի կռիվը։ Ես կասեի՝ չարի ու բարու կռիվը, եթե հենվենք էն պատկերացման վրա, որ նյութը չարն է, իսկ ոչ նյութը, այսինք հոգևորը, գուցե, բարուց։
Էս տուրուդմփոցի արդյունքը պիտի որ կանխորոշված լիներ, քանի որ էն գրանտակերներից մեծ մասն ասում են, թե նյութն ու չնյութն իրար հագնելիս անիհիլացվում, անէանում են։ Իսկ դրանց քանակը պիտի որ սիմետրիկորեն հավասար լիներ. էս էլ են էդ գրանտակերները հաշվել։
Ու քանի որ տրված գրանտը հո մենակ ուտելով չի. պիտի «աչյոտ» էլ տաս գրանտատուին, հլա մի բան էլ էդ «աչյոտով» հող նախապատրաստես հաջորդ գրանտիդ համար, էս գրանտակերներն ասին. հլա մի րոպե, բա որ սիմմետրիկ ա, մենք հիմի ինչու՞ կանք. չէ՞ որ պիտի մեր նյութը իր չնյութին գտներ ու ևս լիներ։ Գրանտակեր Հիգգսն էլ վերցրեց ու կանխատեսեց, որ էստեղ մի բոզոնի մատը խառն է։ Բոզոն, որ տարբերություն է ստեղծում նյութի ու չնութի մեջ. աննշան տարբերություն, բայց տարբերութրուն, ինչի արդյունքում սկզբում եղած նյութի մեկ տասմիլիարդերորդ մասը մնաց, չանէացավ. տարբերութուն, ինչի արդյունքում հաղթեց նյութն ու գոյացավ նյութապաշտ աշխարհը։ umood կամրադը գուցեև առարկայի էսպիսի բռնաբարման համար վզակոթիս տա, բայց դե, ոնց որ իր մտահորիզոնից հազար կիլոմետր գտնվող երևույթի մասին հարյուրտոկոսանոց ձևակերպումներ տվող հայ քյարթու ուստեն կասի՝ «ես իմ ասելիքն ասի, ախպե՛ր»:
Հիմի գանք դբա Հայաստանի յաները։ Իննսունականների սկզբի եղածն ով կասի մեծ պայթյուն չէր երկրի ու յուրաքանչյուրիս համար՝ թող հայաստանցի դեպուտատ լինի, էն էլ մեծամասնականով անցած։ Բա պայթյունն էլ ո՞նց ա լինում. չեղածից երկիր գոյացավ, չնյութ կար լիքքը. ազգային զարթոնք, ինտելլիգենցիա, մշակույթ, բան... Հետո եկան բոզոններն ու... էլ չեմ պատմում. բոլորդ էլ գիտեք, որ էդ բոզոններն էնպես արին, որ նյութը հաղթեց։ Ու լիքքը բոզոնների պատճառով չնյութն արտագաղթեց, մեռավ, վերափոխվեց… անիհիլացվեց, մի խոսքով։ Ու հրես՝ չնյութ համարյա չի մնացել։ Գրանտակերներն ե՞ն մեղավոր, թե՞ բոզոնները։
Ասում են, որ տիեզերքը պուլսացիա է անում. մեկ ընդարձակվում է մինչև անվերջություն, մեկ՝ միատեղվում մի կետի, որ հետո էլի գմփա: Լավն էն է, որ հաջորդ գմփոցից հետո կարող է հաղթել չնյութը: Վատն էն է, որ ամեն պայթյուն վերացնում է նախորդ տիեզերքի մասին ամբողջ տեղեկատվություն. ով է էդտեղ ապրել ու արարել, ինչով, ինչպես... Մոռացություն, որ ինքնին մի տեսակ անէություն է: Հիմի մնանք սպասող մյուս գմփոցի՞ն:
Բոզոնը զորավոր է…
Նյութի աղբյուր՝ http://ovanitas.livejournal.com/57692.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել