Hraparak.am-ը գրում է.
«Հրապարակում» հանդես եկող իմ գործընկերուհի Լուսինե Պետրոսյանի աշխատասիրությունն ուղղակի հիացնում է: Ամեն մարդ չէ, որ Ղրիմի եւ Արցախի հարցերի անհամատեղելիությունը ցույց տալու համար պատմություն կպեղեր ու կհասներ 5-6-րդ դարեր, որ ցույց տա, հույների հետքը Ղրիմում, եւ այդ փաստերը կօգտագործեր ռուսների դեմ` ցույց տալու համար, որ ռուսներն այս պահին ինտերվենտներ են: Սա, կրկնում եմ, անսովոր աշխատասիրության վառ արտահայտություն է:
Եթե «Հրապարակում» հանդես եկող իմ գործընկերուհի Լուսինե Պետրոսյանը նաեւ թափթփվածություն հանդես չբերեր, ամեն ինչ հրաշալի կլիներ: Ըստ Լուսինեի` մարդիկ, ովքեր Արցախ-Ղրիմ զուգահեռներ են տեսնում, կամ մոլորված են, կամ չիմացության մեջ եւ կամ ռուսական քարոզչության ազդեցության տակ: Սա Լուսինեի թափթփվածության առաջին դրսեւորումն է: Շրխկան հոդված գրելիս սոփեստությունները, հարգելի գործընկերուհի, լավագույն ուղեկիցներ չեն:
Իսկ հիմա ըստ էության խոսենք: «Հրապարակի» ս.թ. մարտի 4-ի համարում հրապարակված «Ղրիմի եւ Արցախի խնդիրների անհամատեղելիությունը» հոդվածում հեղինակը գրում է, որ ԼՂՀ-ն 20 տարի առաջ տեղի ունեցած ԽՍՀՄ փլուզման արդյունքում է ինքնորոշվել: Ճիշտ է: Բայց հիմա էլ Ուկրաինան է փլուզվում, Ուկրաինայից առաջ Սուդանը փլուզեցին, դրանից առաջ` Հարավսլավիան, իսկ Հարավսլավիայից հետո՝ Սերբիան: Վրաստանից էլ երկու պետություն անջատվեց: Կա՞ տարբերություն, թե որ պետությունն է փլուզվում` ԽՍՀՄ-ը, թե Սուդանը, Սերբիան, թե Վրաստանը: Ուկրաինան, թե Չինաստանը: Եթե հենց այս համատեքստում տանենք առաջին զուգահեռը, կտեսնենք առաջին ընդհանրությունը` նմանատիպ գործընթացների արդյունքում անխուսափելի է որեւէ առանձին վերցված սուբյեկտի փլուզումը:
Երկրորդ ընդհանրությունը նշում է անձամբ Լուսինեն` գրելով. «Բոլոր թվարկված խնդիրներում առկա է միայն ինքնորոշման հարց»: Քի՞չ է: Էլ նորից չհարցնեմ` ի՞նչ տարբերություն, թե ով է ինքնորոշվում` հայե՞րը, թե՞ աբխազները, օսե՞րը, թե՞ Կիպրոսի հյուսիսի հույները, հարավսուդանցինե՞րը, թե՞ Կոսովոյի թրքական ցեղերը:
Մեր գործընկերուհին գրում է, որ Ղրիմի հարցում Ռուսաստանը կոպտագույնս ոտնահարել է միջազգային բոլոր իրավունքներն ու նորմերը: Հա՞ որ: Իսկ գուցե Լուսինեն արեւմտյան եւ հատկապես ամերիկյան քարոզչության տա՞կ է հայտնվել: Ի դեպ, շատ վտանգավոր, երեսպաշտական, երկակի ստանդարտներով զարգացող քարոզչություն է այդ արեւմտյան քարոզչությունը: Արեւմտյան քարոզիչների մոտ հատկապես լավ է ստացվում Արեւմուտքի կողմից միջազգային իրավունքի ու նորմերի կոպտագույն խախտումների կոծկումը, ինչը Լուսինեն պարտավոր էր նկատել: Բայց իմ գործընկերուհին դաժանաբար այդ ամենը չտեսնելու է տալիս: Պատկերացնո՞ւմ եք, ԱՄՆ-ն ոչ Սերբիայում, ոչ Եգիպտոսում, ոչ Լիբիայում, ոչ Սիրիայում, ոչ Սուդանում միջազգային նորմեր չի խախտել, բայց եթե հանկարծ Կիպրոսի հյուսիսը ոտքի կանգնի Թուրքիայի դեմ, եւ Հունաստանը մտնի կղզու հյուսիսային մասը` հույներին պաշտպանելու նպատակով, կստացվի, որ Հունաստանը խախտեց նորմերը: Ինչ-որ անհասկանալի բան է ստացվում: ԽՍՀՄ փլուզումից հետո Վրաստանն աշխարհի փորձանքը բերեց Աբխազիայի գլխին: Ուզում էր Աբխազիան վերածել Ջավախքի նման մի բանի: Աբխազիան ընդդիմացավ, վերջն էլ ռուսների օգնությամբ անկախացավ: Ի՞նչ նորմ խախտվեց, հարգելի Լուսինե: Վրաստանի իրավո՞ւնքը: Իսկ որտե՞ղ մնաց աբխազների իրավունքը:
Քննադատելով Ռուսաստանին Ղրիմի հարցում, մենք, փաստորեն, հեռակա կարգով էս գլխից քննադատում ենք նաեւ Հայաստանին, եթե հանկարծ Հայաստանը գործնական քայլերով փորձի պաշտպանել Ջավախքի հայության իրավունքները: Եթե ոմանց թվում է, որ Վրաստանի ղեկավարները Սերժ Սարգսյանի առողջությունը հարցնելու համար են օրումեջ վազ տալիս Հայաստան, ապա պիտի նրանց հիասթափեցնեմ, որովհետեւ այդ երկրի հեղհեղուկ կայունությունը շատ բանով պայմանավորված է Հայաստանի հնարավոր քայլերով: Հետեւաբար` եկեք մենք նույնպես երկակի մոտեցում չցուցաբերենք հարցերին ու չասենք` մեզ կարելի է, Արեւմուտքին կարելի է, իսկ Ռուսաստանին չի կարելի:
Համաձայն եմ իմ գործընկերուհու հետ, որ Ուկրաինայի հարցով շատ պայմանագրեր խախտվեցին` սկսած միջուկային զենքի վերացման դիմաց Ուկրաինային տրված երաշխիքներից, վերջացրած Խարկովում կնքված ռուսական ռազմածովային նավատորմի բազավորման մասին պայմանագրով: Բայց չէ՞ որ այդ պայմանագրերը խախտվեցին, երբ Արեւմուտքի կիեւյան տիկնիկները խախտեցին փետրվարի 21-ին Յանուկովիչի, ընդդիմության եւ եվրոպական պաշտոնյաների համատեղ ստորագրություններով պայմանագիրը` քաղաքական կացությունը նորմալացնելու վերաբերյալ: Դա այն փաստաթուղթն էր, որով ընդդիմությունը պետք է հանձներ զենքը, պետք է տեղի ունենային Ռադայի, ապա, աշնանը, նախագահական ընտրություններ: Ամենեւին չպաշտպանելով Յանուկովիչին (հարստահարիչ սրիկայի մեկն է)` պիտի ընդունել, որ միայն Յանուկովիչն է կատարել փետրվարի 21-ին ստորագրված հուշագիր-պայմանավորվածությունը: Այդ պայմանագրի ստորագրումից մեկ օր անց Յանուկովիչին ահաբեկելով հեռացրին Ուկրաինայից, մինչդեռ այդ պահին նա էր համարվում Ուկրաինայի ընտրված նախագահը: Հետեւաբար, խոսել Ուկրաինա ներմուծված ժողովրդավարությունից, հարգելի Լուսինե, ճիշտ չէ, մանավանդ որ Արեւմուտքը ժողովրդավարության նման ապրանքն այսքան կոպտորեն է արտահանում Ուկրաինա:
Մեր կարծիքով` Ռուսաստանն ամենաճիշտ ձեւով է դրել հարցը: Արեւմուտքը պետք է սովորի հարգել ազգերի եւ ժողովուրդների իրավունքները: Այլապես շուկաներ նվաճելու այդ մոլուցքը, որ առկա է արեւմտյան ուժային եւ ֆինանսական կենտրոնների մոտ, կարող է աշխարհում ամեն ինչ խառնել իրար:
Մենք` հայերս, դա տեսել ու զգացել ենք մեր մաշկի վրա հենց Արցախի խնդրի հետ կապված: Եթե ազգի ինքնորոշումը գերակա է մնացած ամեն ինչի համեմատ, եւ եթե մենք համոզված ենք դրանում, ուրեմն շատ ծիծաղելի ենք, երբ ռուսներին ասում ենք` ձեռքերդ հեռու Ղրիմի ռուս բնակչության շահերի պաշտպանությունից: Ավելին` մենք սարսափելի թափթփվածություն ենք հանդես բերում, երբ ասում ենք` Արցախի եւ Ղրիմի խնդիրներն անհամատեղելի են:
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ



