Հեռու ժամանակներում մի խուլ գյուղում ջահել մարդ ու կին են ապրելիս լինում: Այս կինը ճաշ եփելիս մեկ աղի է անում, մեկ` անալի: Ամուսինը բարկանում է.
- Բաժանվելու եմ քեզանից, մի ճաշն ինչա՞, էփել էլ չգիտես:
Կինն անհանգստանում է.
-Գնա հորանցս տուն, մորիցս իմացի, թե ոնց էփեմ, որ մին աղի չանեմ, մին` անալի: Արի ինձ պատմի, ձևն իմանամ ու էլ չես բաժանվի:
Մարդը վեր է կենում ու ճարահատյալ` ճանապարհ է ընկնում: Կնոջ հորական գյուղը շատ հեռու է լինում: Վերջը հասնում է տեղ:
-Բարով ես էկէլ, այ փեսա ջան, ինչ խաբարա՞,- փեսային տեսնելով` զարմացած հարցնում է կնոջ մայրը:
-Էկել եմ, որ աղջկանիցդ չբաժանվեմ:
-Վաա~յ, էս ի՞նչ ես ասում, փեսա ջան, ինչա՞ պատահել:
-Աղջիկդ ճաշ էփել չգիտի, մին աղի է անում, մին`անալի...
-Դրանից հեշտ բան: Եթե ճաշը շատ է անում, աղն էլ թող շատ լցնի, եթե քիչ, ուրեմն թող աղն էլ քիչ անի:
Փեսան վեր է կենում, որ գնա, մոռանում է ու նորից ետ դառնում ու հարցնում.
-Ո՞նց ասիր, զոքանչ ջան:
-Ասում եմ` շատին շատ, քչին քիչ: Կրկնելով գնա’, որ չմոռանաս:
Փեսան «Շատին շատ, քչին քիչ, շատին շատ, քչին քիչ» ասելով` ճամփա է ընկնում: Ճանապարհին մի գյուղով է անցնելիս լինում: Էս գյուղում երկու 
եղբայրներ են ապրելիս լինում: Մեկն ամուսնացած` երեք երեխու տեր, մյուսն` ազաբ: Ապրուստը դժվար, սովի տարիներ, հույսները ցանածի ու հնձածի վրա: Եղբայրները գարնանը ցորեն են ցանած լինում ու այդ օրը հնձած են լինում: Հնձում են, ու բերքը քիչ է ստացվում: Որոշում են հնձածը կիսել: Ամուսնացածն ասում է.
-Ես ընտանիքի տեր եմ, հնձածի մեծ բաժինն ինձ է հասնում:
-Ըտենց հալալ չի, հավասար տանջվել ենք, հավասար էլ պիտի կիսենք,-դժգոհում է ազաբ եղբայրը: Վիճում են, հա վիճում... Մեր փեսան քթի տակ կրկնելով` «Շատին շատ, քչին քիչ, շատին շատ, քչին քիչ», գալիս է, որ սրանց մոտով անցնի: Եղբայրներից ամուսնացածը դառնում է ազաբ եղբորը.
-Դե տե’ս, անծանոթ մարդա անցնում, ու նա էլ ա հասկանում, որ շատին շատ է հասնում, քչին քիչ: Ազաբ եղբայրը բարկանում է, վազում է մեր փեսային բռնում է ու մի լավ ծեծում: Մեր փեսան զարմանում է ու հարցնում.
-Ախպեր, ի՞նչ եմ արել, որ ծեծում ես:
-Քո ի՞նչ գործնա, թե շատին շատ ա հասնում, քչին քիչ, քիթդ ու՞ր ես խոթում ուրիշների գործի մեջ:
-Բա ինչ ասեմ, այ ախպեր ջան,- հարցնում է մեր փեսան:
-Ասա «Աստված մինը հազար անի», որ բոլորիս էլ հերիքի բերքը:
-էղավ, ըտենց էլ կասեմ,- խեղճանում է փեսան: «Աստված մինը հազար անի» կրկնելով շարունակում է ճամփան: Գնում է գնում, մի անտառի է հասնում: Դու մի ասա, էս անտառում մի հայտնի հանցագործ է թաքնվում: Բերդից նոր փախած, ոջլոտ, նստած ծառի տակ` ոջիլներն է հատ-հատ սատկացնում: Մեր փեսան գալիս է ու հենց սրա կողքով` «Աստված մինը հազար անի» ասելով անցնում է: Էս հանցագործը վազում է հետևից, բռնում ու մի լավ քոթակ տալի:
-Այ ախպեր, ի՞նչ եմ արել, որ ծեծում ես:
- Մթոմ քիչ եմ տանջվում էս ոջիլներիս ձեռը, հլը մի ուզում ես, որ աստված մինը հազար անի՞: Ու նորից կատաղում ու ծեծում է սրան:
-Բա ինչ ասեմ, այ ախպեր ջան, - հարցնում է մեր փեսան:
-Ասա «Դիփ կոտորվեն»:
-էղավ, ըտենց էլ կասեմ,- կծկվում է ու խեղճանում է մեր փեսան:
«Դիփ կոտորվեն, դիփ կոտորվեն» կրկնելով` շարունակում է ճամփան: Գնում է գնում, հասնում է մի ուրիշ գյուղի: Էս գյուղում էլ մարդ են թաղելիս լինում: Գալիս է էս թաղման թափորի մոտով որ անցնի` «Դիփ կոտորվեն, դիփ կոտորվեն» ասելով... Հանգուցյալի բարեկամները դագաղը դնում են գետնին ու տուր, թե կտաս... Մի լավ ծեծում են մեր փեսին:
-Այ ախպերներ ջան, խի՞ եք ծեծում: 
-Տո բա ի՞նչ անենք, մթոմ մեր կորուստը քիչա, հլը կամենում ես, որ բոլորս կոտորվե՞նք:
-Բա ո՞նց ասեմ, այ ձեր ցավը տանեմ:
-Ասա «Աստված հոգին լուսավորի»:
-Էղավ, որ ըտենցա ճիշտը` ըտենց կասեմ:
«Աստված հոգին լուսավորի» կրկնելով` մի կերպ ոտը քաշ է տալիս ու շարունակում ճամփեն: Շատ է գնում, թե քիչ, դիմացից երկու հոգի են հանդիպակաց գալիս: Սրանք սատկած շուն են քարշ տալիս ճամփով, որ տանեն շպրտեն: Մեր փեսան «Աստված հոգին լուսավորի» ասելով` սրանց կողքով ուզում է անցնել:
-Ո՞նց թե «Աստված հոգին լուսավորի», այ հիմար, էս ի՞նչ ես ասում: Հարձակվում են էս խեղճ փեսին` տուր, թե կտաս:
-Բա ի՞նչ ասեմ, այ ձեր ցավը տանեմ:
-Ասա` «Փուֆ, էս ի՞նչ փիս հոտա գալիս»: 

Շարունակելի....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել