Ռուսաստան-Հայաստան. Ո՞վ կհաղթիSlaq.am-ը գրում է.

Ինչպես հայտնի է այսօր` մարտի 5-ին, ժամը 18:00-ին Կրասնոդարում Ռուսաստանի և Հայաստանի ազգային հավաքականների միջև կկայանա ընկերական հանդիպում: Բուքմեյքերներն արդեն առանձնացրել են իրենց ֆավորիտներին և նշել գործակիցները: Իսկ թե որտե՞ղ են պատրաստվում խաղին հետևել և ի՞նչ կանխատեսումներ են անում հասարակական-քաղաքական գործիչները` Slaq.am-ը փորձեց ճշտել հենց նրանցից:

 

 

Իրավաբանական գիտությունների թեկնածու և Հայաստանի փաստաբանների պալատի անդամ Գրիգոր Մինասյանը Slaq.am-ի հետ զրույցում նշեց, որ ամեն ինչ կանի, որպեսզի հասցնի դիտել Ռուսաստան-Հայաստան խաղը: Վերջինս նշեց, որ երբեք խաղադրույքներ չի կատարում, այս անգամ ևս չի անի: Գրիգոր Մինասյանի կարծիքով` խաղը կավարտվի 1:1 հաշվով:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը նշեց, որ անպայման դիտելու է խաղը: ԱԺ պատգամավորը չի պատրաստվում խաղադրույքներ անել, սակայն կարծում է, որ խաղը կավարտվի հօգուտ մեզ` 1:2 հաշվով. «Ավանդույթի համաձայն ընկերներիս հետ մեկ գավաթ գարեջրի շուրջ կդիտենք խաղը»:
ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միանշանակ հետևելու է Ռուսաստան-Հայաստան խաղին և միանշանակ երկրպագելու է մեր թիմին: Նախկին նախարարը տեղեկացրեց նաև, որ չի պատրաստվում խաղադրույք կատարել: Իսկ թե ինչպես կավարտվի խաղը` Հրաչյա Ռոստոմյանը ասաց. «Ընկերական խաղերին իմ կարծիքով արդյունքի տեսանկյունից պետք չի նայել: Այս խաղերը նրա համար են, որ մարզիչները կարողանան մարզումների ժամանակ ձեռք բերածը փորձարկեն, ապա մինչ մյուս խաղը սխալների ուղում անեն: Եվ այսպես շարունակ»: Այնուամենայնիվ նա կարծում է, որ խաղը կավարտվի հավասար հաշվով:
«Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստյոպա Սաֆարյանն անպայման հետևելու է այսօր կայանալիք խաղին և երկրպագելու է մեր թիմին: Նա նշեց, որ ֆուտբոլ շատ է սիրում: Նախկին պատգամավորը երբեք խաղադրույքներ չի կատարում. «Ես նման ազարտ չունեմ»: Իսկ թե ինչ հաշվով կավարտվի խաղը` պարոն Սաֆարյանը դժվարացավ պատասխանել` նշելով, որ ֆուտբոլի կանխատեսումներում պրոֆեսիոնալ չէ: «Առավել ևս մեր հավաքականը շատ անկանխատեսելի խաղ ունի՝ կարող է հաղթել ամենադժվար մրցակցին և պար,տվել ամենաանհավանական մրցակցին: Առավել ևս ինձ ծանոթ չէ հավաքականի նոր մարզչի ձեռագիրը հայկական ֆուտբոլում: Այդուհանդերձ, փորձեմ ասել 1:1 հաշիվը: Տեսնենք, թե ինչպես կավարտվի խաղը»,- ասաց նա:
Ըստ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանի` այսօր բավականին հետաքրքիր խաղ է սպասվում. «Հայաստան-Ռուսաստան ֆուտբոլային խաղը, գիտենք, որ ընկերական է, և բավական հետաքրիր է անցնելու, քանի որ Հայաստանի ազգային հավաքականում ունենք ֆուտբոլիստ-հպարտություններ` Հենիկը, Յուրան, Ռոման, Արազը և մյուսները, այս տղաները վաղուց ցույց են տալիս, համաշխարահային ֆուտբոլին արժանի խաղ: Համոզված եմ, որ մեր ազգային հավաքականը կհաղթի, նախ` քանի որ ես այդպես եմ ուզում, երկորդ` տղաները կարող են այդ բանն անել և հետո` մեր երկրի հավաքականը ՖԻՖԱ-ի ազգային հավաքականների վարկանիշային ցանկում 30-րդն է, իսկ սա լավ ցուցանիշ է: Չմոռանանք, նաև, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի ազգային հավաքականը ցուցադրել է հրաշալի պրոֆեսիոնալ ֆուտբոլ, ես տղաներին հաղթանակ եմ մաղթում և հպարտ խաղ»,- նշեց տիկին Եսայանը: ԱԺ պատգամավորը խաղադրույքներ ընդհանրապես չի կատարում. «Դա իմ ոճը չէ, ես հավատում եմ հաղթանակին առանց խաղադրույքի էլ: Թե հաշվի թվաբանական պատկերն ինչպիսին կլինի, չեմ կարող ասել, բայց եկեք բոլորս միասին հավատանք, որ տղաները հաղթելու են և նրանք կհաղթեն»,- ասաց նա:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը նույնպես հետևելու է Ռուսաստան-Հայաստան խաղին. «Հետևում եմ ՀՀ ազգային հավաքականների բոլոր մարզաձևերի խաղերին, ուստի ազատ ժամանակ գտնելու դեպքում կհետևեմ նաև՝ Հայաստան-Ռուսաստան խաղին: Խաղադրույքներ երբևէ չեմ կատարել, և չեմ պատրաստվում այս անգամ էլ անել: Վստահ եմ, որ խաղի դիտարժանությունից հաճույք ստանալը խաղադրույքներ կատարելու հետ բացարձակապես կապ չունի»,- ասաց Էնֆիաջյանը:Իսկ խաղի արդյունքների վերաբերյալ հետևյալ կանխատեսումն արեց.«Խաղն ընկերական է և կարծում եմ՝ արդյունքները նույնպես կլինեն ընկերական և խաղը կավարտվի ոչ-ոքի հաշվով»:
 ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանը հետևելու է Ռուսաստան-Հայաստան խաղին, սակայն չի պատրաստվում խաղադրույքներ անել. «Բայց կարծում եմ, որ մեր հավաքականն ունի բոլոր նախադրյալները հաղթելու համար: Կանխատեսում դժվարանում եմ անել, կարծում եմ հաշիվը կլինի ոչ շատ մեծ, ասենք 1:2, իհարկե հօգուտ մերոնց»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել